Image

«Մի օր Նուռը ազատվելու է վանդակից»

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյա տարեդարձի օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 2-ին, Երևանում՝ «Դիզակ ԱՐՏ» մշակութային երիտասարդական կենտրոնում, ներկա եղա արցախցի երիտասարդ ստեղծագործող Գևորգ Խաչատրյանի «Նուռը վանդակում» գրքի շնորհանդեսին։ Ներկա էին Գ․ Խաչատրյանի ընկերները, երիտասարդ ստեղծագործողներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց ու Գ․ Խաչատրյանին ներկայացրեց «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը։ Շնորհաշատ Գևորգը ծնվել է 1995թ․ փետրվարի 15-ին Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը Ամարասի վանք տանող ճանապարհին է, այժմ՝ սահմանամերձ։ Սկզբնական կրթությունը՝ 1-9-րդ դասարաններ, ստացել է Մաճկալաշենի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է /10-12-րդ դասարաններ/ Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում։

2012թ․ ընդունվել է Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետ։ 2013-2015թթ․ ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում որպես հրետանավոր։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է՝ ավարտելով 2018 թվականին։ 2020 թ․ մեկնել է Արցախ աշխատանքի համար, սակայն սկսվել է 44-օրյա պատերազմը։ Ռազմական գործողություններին մասնակցելուց հետո վերադարձել է Երևան։ 2021թ․ ընդունվել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրա։ Այժմ շարունակում է ուսումը՝ զուգահեռ դասավանդելով Երևանի Ա. Շիրակացու անվան դպրոցում։ 2022թ․ դեկտեմբերից փակվեց Արցախի ճանապարհը, և Գևորգը չի կարող տուն վերադառնալ։ Արցախի ներկայիս վիճակի մասին մտորելիս է մտահաղացել գրել «Նուռը վանդակում» գիրքը, որը հրատարակվել է 2022 թվականին։ Ներկայացնելով իր գիրքը՝ Գ․ Խաչատրյանը կարևորեց մի շարք խնդիրներ, որոնք էլ փորձել է ներկայացնել և տալ լուծումներ։ Իհարկե առաջնայինը, որ Արցախը միշտ մնա մեր ժողովրդի ուշադրության կենտրոնում, որ բոլորս պայքարենք «Կյանքի ճանապարհ»-ը բացելու, առհասարակ Արցախն ազատագրելու համար։ Երկրորդ կարևոր խնդիրը գրքում Արցախի բարբառի պահպանութնունն է։ Գ․ Խաչատրյանը գտնում է՝ բարբառները համախմբում են տարածքների բնակչությանը, ավելի մնայուն են։ Գտնում է՝ կան բառեր բարբառներում, որ գրական լեզվում չեն գործածվում կամ՝ հազվադեպ։

Ներկայացնելով գրքի կազմի առաջին երեսը՝ Գ․ Խաչատրյանը տեղեկացրեց վերնագիրը վերևում գրված է գրական հայերենով, իսկ ներքևում՝ Արցախի բարբառով, իհարկե միայն «Նուռը» բառն է բարբառում հնչյունափողվել «Նոռնը»։ Գրքի շապիկի երեսին նաև Աևցախի դրոշի մասեր են պատկերված։ Գիրքը նվիրված է Շուշիի ազատագրման 30 ամյակին։ «Ես եմ Արցախը, եթե չլինի Արցախը, չեմ լինի ես»։ Այս նախադասությամբ է սկսվում գրքի շարադրանքը։ «Չկա Արցախ․ չկա արև, չկամ ես», շարունակում է խոսքը Գ․ Խաչատրյանն իր առաջին գրքում, որը տպագրվել է քիչ քանակով, հեղինակի միջոցներով «Էդիտ Պրինտ» հրատարակչությունում։ Գրքում տպագրված է մի քարտեզ-նկար, որտեղ Արցախի լեռնաշղթան պատկերված է որպես Մեծ Հայքի  ողնաշար, Սևանը՝ սիրտը։ Երիտասարդ ստեղծագործողը նաև տեղեկացնում է՝ ովքեր են հայի թշնամիները։ Փորձ է արել ներկայացնել Հայոց լեզուն, առասպելական այբուբենը, կատարյալ հնչյունային համակարգը։ Անդրադարձել է օտար ու հայ մեծերին, ովքեր աշխարհին ներկայացրել են Հայոց լեզվի մասին։ Գրական լեզվով ու Արցախի բարբառով ներկայացրել է ասույթներ, առակներ, բառարան։  «Հայ մեծեր կամ, ճանաչիր ինքդ քեզ» խորագրի տակ ներկայացրել է  հատվածներ Պ․ Սևակի  «Անլռելի զանգակատուն» պոեմից։ Կրևորել է Գարեգին Նժդեհի մտքերը։ Գրքի շապիկի վերջին երեսին վիրավոր Նուռ է պատկերված վանդակի մեջ։ Նուռը խորհրդանշում է Արցախը։ Վերևում Մոնթեի խոսքն է գրված․ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը»։ Ամեն դեպքում հեղինակը հավատով է՝ «Մի օր Նուռը ազատվելու է վանդակից» նախադասությունն է գրված վանդակի կողքին։ Գրքի մասին անդրադարձավ ու հեղինակին շնորհավորեց արցախցի երիտասարդ գրող Աննա Հակոբյանը՝ ողջունելով հեղինակի առաջին քայլերը գրական ասպարեզում։ «Դիզակ ԱՐՏ»-ի սան Աննա Շաբուրյանը դաշնակահարի նվագի ուղեկցությամբ կատարեց արցախյան «Ծորին խնձորին» գեղեցիկ երգը։ Շնորհանդեսն ամփոփցեց գինեձոնով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։