Կարասային թաղումների մասին
Մեր երկրի ցանկացած վայրում կարող ենք հանդիպել հազարամյակների պատմություն ունեցող հնագիտական հուշարձանների, հատկապես՝ դամբարանների, որոնք հազարների են հասնում և գրեթե ամենուր են։ Տարիների ընթացքում և պեղվել են այս դամբարանները, և ավերվել գանձագողերի կողմից, քանդվել շինարարական ու այլ աշխատանքների ընթացքում։
Հնավայրերի ուսումնասիրություններից, պեղումներից պարզվել է՝ դամբարաններում շատ են նաև կարասային թաղումները, երբ ննջեցյալին տեղավորել են կարասի մեջ ու հուղարկավորել։ 2022թ․ գարնանը Գառնի գյուղում՝ «Մարտոյի բլուր» կոչվող տեղամասում, ջրատարի համար փորված տեղում գտնվել են կարասային թաղումներ։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի ժառանգության հետազոտության խմբի գիտաշխատող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս, պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը տեղեկացել է դրանց մասին։ Շուտով նրա ղեկավարությամբ այսպես կոչվող փրկարարական հնագիտական արշավախումբը տեղում իրականացրել է պեղումներ։ Օրերս հանդիպեցի Ա․ Գաբրիելյանին, զրուցեցինք։ Տեղեկացրեց՝ ջրատարի շինարարության ժամանակ Գառնի գյուղի բնակիչ Երվանդ Սուքիասյանը, տեսնելով բացված դամբարանները, թույլ չի տվել, որ շինարարները դրանք ծածկեն իր ավտոտնակի առջև բացված կարասային թաղումը, և տեղյակ է պահել իրենց։ Նույն գյուղից Արթուր Եղոյանն էլ գլխավոր ջրատարից իր տուն խողովակ անցկացնելու համար փոս է քանդել և տեսել այլ դամբարաններն ու դարձյալ տեղյակ է պահել հնագետներին։ Ընդհանուր գտնվել է 4 դամբարան, որոնցից երեքը եղել են կարասային թաղումով, մեկը՝ սալարկային։ 2022թ․ ապրիլ ամսին կատարել են դրանց պեղումները, գտած նյութերն ուղարկել Վրաստան՝ մասնագետ Էրիսո Կվավաձեի լաբորատորիա հետազոտման։ Կարասներից մեկում թաղված են եղել մայր ու աղջնակ։ Նույն կարասում գտնվել են նաև կովի ու հորթի գլուխներ։ Ա․ Գաբրիելյանը կարծում է՝ մահացածները եղել են կարևոր ընտանիքի անդամներ, և նրանց համար կով ու հորթ են զոհաբերել։ Մյուսների մեջ թաղված են եղել երեխաներ։ Մեկի կարասի երեսին 3 սալ է դրված եղել, որը նույնպես հնարավոր է՝ ինչ-որ բան է խորհրդանշում։ Սալարկային թաղմամբ դամբարանում թաղված է եղել 16-17 տարեկան աղջիկ։ Նարա մոտ գտնվել են տարատեսակ զարդեր, կավե փոքր անոթներ և սրվակ, որոնց միջի հողը լաբորատոր հետազոտության է ենթարկվել վրացի մասնագետ Էլիսո Կվավաձեի կողմից: Ըստ այդ հետազոտության արդյունքների՝ կարելի է ասել, որ սրվակում հնարավոր է ինչ-որ դեղ է եղել։ Ա․ Գաբրիելյանը տեղեկացրեց՝ նշված դամբարաններից ու այլ տեղերից գտնված անտիկ շրջանի կարասային թաղումների հնագիտական նյութերը շուտով կցուցադրվեն Հայաստանի պետական պատմության թանգարանում։ Ամեն ինչ պատրաստ է․ Գառնիի փրկարարական պեղումներով հայտնաբերված նյութերը, որ հիմնականում անտիկ շրջանին են պատկանում, արդեն ուսումնասիրվել են, ունեն գրչանկար, լուսանկար։ Ցուցադրությունից հետո դրանք կհանձնվեն Հայաստանի պատմության թանգարանին։ Նշեց նաև՝ 2012-2020թթ․ մասնակցել է Արցախի Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների աշխատանքներին, որը ղեկավարում էր պատմաբան, հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012) Համլետ Պետրոսյանը։ Արմինեն ղեկավարել է քազաքի «Ամրացված թաղամաս» հատվածի պեղումների աշխատանքները։ Տիգրանակերտում 2010 և 2018 թվականներին նույնպես գտնվել ու պեղվել են 5-6 կարասային թաղումներ։ Խոսելով կարասային թաղումների խորհրդի մասին՝ ասաց՝ տարբեր հնագետներ են անդրադարձել կարասային թաղումներին, ուսումնասիրել։ Կա տեսակետ՝ վաղնջական ժամանակներում մարդը հավատացել է ննջեցյալի վերակենդանանալուն կամ վերածնվելուն։ Շատ-շատ են օրինակները, որ 4 հազար, 5 հազար տարի առաջ, ավելի վաղ ժամանակներում ննջեցյալին հուղարկավորելիս նրա հետ դրել են սննունդ, խեցեղեն, զենք, զարդ ու այլ իրեր։ Իսկ ինչ վերաբերում է կարասային թաղումներին, որոշ մասնագետներ գտնում են՝ կարասը նման է կնոջ արգանդի, և այդ անոթի մեջ տեղավորել են ննջեցյալին, ինչպես երեխայի սաղմն է արգանդում։ Հավելեց նաև՝ կազմել է քարտեզ, որում տեղեկություն է տրվում մեր երկրի այն հատվածների մասին, որտեղ կան կարասային թաղումներ։ Դրանք առավել շատ են Արարատում, Արմավիրում, Շիրակում, Սյունիքում, Արցախում, Նախիջևանում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Կոտայքում և այլն։ Տարբեր ժամանակներում կատարված պեղումների և պատահական գտածոների, ինչպես նաև արխիվային նյութերի ուսումնասիրությունների ընթացքում գտնվել վավերացվել է անտիկ շրջանով թվագրվող մոտ 350 կարասային թաղում։ Վերջերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղից հյուսիս-արևելք՝ 3 կմ ծառածածկ բլրի լանջի հուշարձանների պեղումների ընթացքում /հնագետներ՝ Արման Նալբանդյան, Տիգրան Ալեքսանյան և Հարություն Բադալյան/ հայտնաբերվել է չորս կարասային և մեկ քարե կառույցում կատարված թաղումներ։ Պարզվել է՝ կարասային թաղումները պատկանում են մ.թ.ա. 1-ին դարին։ Կարասային թաղումների ընդհանուր հետազոտություններն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հայկական լեռնաշխարհի կարասային թաղումների մշակույթը (մ․թ․ա․ 6-րդ և մ․ թ․ 3-րդ դարեր)» թեմայի շրջանակներում՝ Ա. Գաբրիելյանի ղեկավարությամբ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ պ․գ․թ․ Ինեսա Կարապետյանի ու արվեստագիտության թեկնածու Մարգար Հմայակյանի մասնակցությամբ: Ծրագիրը 2 տարով է՝ 2021-2023 թվականներ և այժմ գտնվում է արդյունքների ամփոփման փուլում։