Պեղումներ Դալմայի այգիներում
Մեր ներկայիս մայրաքաղաք Երևանի պատմության մեջ տնտեսական մեծ դեր են ունեցել «Դալմայի այգիներ»-ը։ Դրանց մասին առաջին տեղեկությունը տալիս է Զվարթնոց տաճարի մոտ տեղադրված, Արարատյան հզոր թագավորներից Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրությունը․ «Կուարլինե դաշտի հողը «շուլե» էր, Ոչ մի բան այնտեղ չկար։ Հենց որ Խալդեն կարգադրեց, ես այս խաղողուտը հիմնեցի, արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի, քաղաք նոր այնտեղ կառուցեցի։ Մի ջրանցք Իլդարունի/Հրազդան/ գետից անցկացրի` «Ումեշե» անունով, սույն Ռուսայան դաշտին։ Երբ ջրանցքը փորեն, մեկ ուլ թող Խալդեին ողջակիզեն, մեկ ոչխար Խալդեին թող զոհաբերեն, մեկ ոչխար` Թեյշեբային, մեկ ոչխար` Շիվինեին, մեկ «շեխադե»` Անիկուին։ Ռուսա Արգիշթորդու կողմից, որը արքա է հզոր, արքա մեծ արքայության Աշխարհիս։ Արքա Վանեցոց, Արքա արքայոց և արքա Տոսպ քաղաքին։ Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արևի առջևից առանձնացնի կամ ասի «ոչնչացրու», ով ուրիշին ասի. «Ես կատարեցի», ով որ անունս ջնջի և իր անունը գրի, լինի նա Վանեցի, լինի լուլուրեցի, թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, թե՛ անունը, թե՛ սերունդը երկրի վրա չթողնեն։ -Ռուսա» Մ.թ.ա. մոտ 685-645 թվականներին իշխած Արարատյան այս թագավորը, ով փոխարինել էր հորը՝ Արգիշտի Երկրորդին և կոչվում էր «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներով, մեծ կարևորություն է տվել հատկապես խաղողագործությանը և հիմնել Դալմայի այգիները, որոնք այն ժամանակ Ծիծեռնակաբերդի բլրից ձգվել են մինչև Զվարթնոց, և որտեղ մշակվել է տարբեր տեսակների խաղող։ Նրա կողմից Հրազդան գետի ափին հիմնված Թեյշեբաինի ամրոց-քաղաքի/ներկայիս Կարմիր Բլուր հնավայրը Երևանում/ 1950թ․ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է 7 մառան՝ 420 գինու կարասներով, յուրաքանրյուրը 800-1200 լիտր տարողությամբ որոնցում գինի է պահվել։ «Դալմա» բառը, որ նաև արտասանվել է «Դեոլմե», ըստ Մովսես Խորենացու, Մանուկ Աբեղյանի, Արամ Ղանալարյանի, Գրիգոր Խալաթյանցի, պարսկերենից նշանակում է քանդածը վերաշինել, լցվածը մաքրել, ծակած, պեղված։ Այս այգիներում պահպանվել են նաև հնձաններ, որոնցից մեկը գտնվում է Ծիծեռնակաբերդի հարևանությամբ գտնվող «Դալմա Գարդեն Մոլ»-ի և Մոնթե Մելքոնյան մայրուղու միջնամասում։ Այստեղ արդեն մի քանի օր է՝ հնագետ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ պեղումներ են իրականացվում։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ եղա պեղավայրում։
Ա․ Նալբանդյանն ասաց․ «Այժմ գտնվում ենք «Դալմայի այգիներ»-ից մեկում, որտեղ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պեղումներ ու մաքրման աշխատանքներ են իրականացվում մասնավոր «Ադամիում» ընկերության հետ՝ կնքված պայմանագրի հիման վրա, վերականգնման ու բարեկարգման ծրագրի շրջանակներում։ Այս պահին մաքրում ենք հնձանի ներսն ու դրսի կողմից։ Որ սկսեցինք աշխատանքները, հնձանն ամբողջությամբ ծածկված էր աղբով ու հողով։ Փլատակները մաքրելուց հետո արդեն հասել ենք հատակին։ Հնձանը 19-րդ դարի կառույց է, սակայն դրանից հետո այն օգտագործվել է տարբեր նպատակներով․ ապրել են այստեղ, ծառայել է որպես գոմ և այլն։ Բավականին խառը վիճակ էր, երբ սկսեցինք աշխատանքները։ Արդեն պարզ է կառույցի նախնական տեսքը»։ Այնուհետև Ա․ նալբանդյանը տեղեկություն տվեց «Դալմայի այգիներ»-ի մասին, որ մեր թվարկությունից 700 տարի առաջ այստեղ այգիներ են տնկվել, ջրանցք է կառուցվել՝ Հրազդան գետից ջուրը տեղ հասցնելու համար։ Հետագա տարիներին այգիների մասին պատմությունը լռում է, մինչև 19-րդ դարասկիզբ։ Հրազդանի աջ ափին գտնվող Դալմայի այգիները, որոնք պահպանվել են նաև այժմ, տնկվել են ավելի ուշ՝ Երևանի Հուսեյն Ղուլի խանի օրոք՝ 19-րդ դարի սկզբներին։ Հուսեյն Ղուլի խանի ապարանքը, որ գտնվել է Երևանի բերդին կից, նայել է այն մերկ ու չոր դաշտերին, որոնց տեղում գտնվել են այգիները։ Նա հրամայել է այդ դաշտն ամբողջությամբ վերածել այգիների։ Սակայն տեղանքն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ այդ տեղանքում ջուր չկա, և հնարավոր չի լինի ամայի դաշտն այգու վերածել։ 1815 թ. խանի հրամանով մաքրվում և վերաշինվում է Ռուսա Երկրորդի օրոք կառուցված ջրանցքը, և առատ ջուրը գետնափոր ճանապարհով՝ «դեոլմեով» կրկին ոռոգում է դաշտերը։ Ջրանցքի ակը բացել տալուց հետո Հուսեյն Ղուլի խանը Հրազդանի աջ ափին 149 այգի է տնկել տվել։ Նշված այգիներում, բնական է նաև հնձաներ են կառուցել, որոնց մի մասի ավերակները դեռ պահպանվում են։ Ա․ Նալբանդյանը նշեց նաև՝ այս հատվածում հաշվառված է 9 հնձան, որոնցից 4-5-ը պահպանվել են համեմատաբար լավ վիճակում։ Դրանցից մեկն էլ սա է։ Ուղղանկյուն սրահ է՝ թաղակապ առաստաղով, 2 մուտքով, առանձին կից-կառույցով։ 19-րդ դարի սկզբի համար բավականին հետաքրքիր կառույց է որպես պատմամշակութային հուշարձան։ Տարածքում գրանցված կա դամբարանաթումբ, հնձաներ, այլ հնագիտական տարրեր, որն էլ հուշում է՝ Դալման մշակութային տարածք է, և պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի»։ Հնագետն աշխատում է հիմնականում հնդիկներից կազմված բանվորական ջոկատի հետ, ովքեր սիրով են աշխատում, գոհ են ղեկավարից, ուշադիր են գտածոների հանդեպ։ Հնդիկ բանվորներից Հաջեն, խոսելով իր ու ընկերների աշխատանքի մասին, ասաց՝ հետաքրքիր աշխատանք են անում, հնագիտական իրեր են գտնում։ Նաև շնորհակալություն հայտնեց հայ ազգից, որ իրենց լավ են ընդունում, հնարավորություն ունեն աշխատելու։ Ա, Նալբանդյանը տեղեկացրեց նաև՝ աշխատանքները դեռ 2 շաբաթ կտևեն։ Անդրադառնալով գտածոներին՝ ասաց․ «Բավականին խառը վիճակում էր ուսումնասիրվող տարածքը, արդեն նշեցի, գտնվել են տարբեր իրեր, որոնք հիմնականում ժամանակակից նմուշներ են։ Միակ հետաքրքրություն առաջացնող գտածոն 18-19-րդ դարի խեցեղեն ծխամորճի բեկորն է, որը դեռ պետք է հետազոտվի լաբորատորիայում, վերականգնվի։ Գտնվում են նաև նույն ժամանակվա խեցեղենի ջրանակված կտորներ»։ Հույս հայտնեց՝ նոր գտածոներ նույնպես կհայտնվեն։