Գիրք՝ նվիրված Սոս Սարգսյանին
Երևանի «Վան Արյան» տպագրատունը լույս ընծայեց հետաքրքիր մի գիրք եւս, որը հեղինակել է «Արվեստագետ» ՀԿ-ի նախագահ, նույնանուն ամսագրի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը՝ «Նահապետը» խորագրով: Այն ներկայացնում է թատրոնի և կինոյի լեգենդ, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԳՄ պատվավոր անդամ Սոս Սարգսյանի և նրա ազգապահպան գործունեության մասին բազմապիսի նյութեր, հոդվածներ, գրախոսականներ, հեռուստատեսային և այլ տեսանյութերից կատարված սղագրումներ, որոնց մեծ մասը մինչ օրս տպագրված չեն եղել: Նյութերում պահպանված է Սոս Սարգսյանի խոսակցական ոճը:
Ի դեպ, սիրված դերասանին նվիրված այդ գիրքը գալիս է լրացնելու նույն հեղինակի՝ տարիներ առաջ լույսընծայած «Համազգային արտիստը» գրքին, որը կարելի է դիտել որպես առաջին հատոր: Արված գործն ըստ արժանվույն է գնահատել գրքի խմբագիր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանը. «Սոսն ազնվագույն անհատականություն էր հենց իր իսկ կերպարի մեջ: Նրա անվանն ու փառքին նաև Իվան Անտոնյանի ստեղծած գիրքը կավելանա: Հրաշալի է, որ պատվախնդիր լոռեցին է կերտում տաղանդավոր լոռեցու գրավոր հուշարձանը, հանձնում ինձ ու քեզ և մարդկության պատմության դարավոր երթին»:
Գիրքը կարելի է յուրօրինակ ձեռնարկ համարել: Կարծում ենք՝ այն կհետաքրքրի ընթերցող լայն շրջանակներին, արվեստի և մշակույթի գործիչներին, մասնագիտական բուհերի ուսանողներին, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ոլորտների ներկայացուցիչներին: