Image

Նոր ու անհրաժեշտ ուսումնական ձեռնարկ

«Չկա ոչինչ առավել անփոփոխ ու կայուն, քան ժողովուրդը, որը համաձայն է ամեն ինչին և հակադրվել է իր անվտանգության ու ազատության հետ»։

Ցիցերոն

 

Երբ Արցախը դեռ հզոր էր ու կար նաև Քաշաթաղի շրջանը, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի․գ․թ․, դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյանը հաճախ էր այցելում Բերձոր, հանդիպում դպրոցականների հետ։ Նպատակը՝ հայ դպրոցականին ծանոթացնելն էր իրավունքի, օրենքների, պարտականության հետ, որն էլ բերում էր հայրենասիրություն։ Ճանաչված իրավաբանը, ով այժմ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս, «Գիտական Արցախ»-ի գլխավոր խմբագիր, վերջերս հանրությանը ներկայացրեց իր հեղինակած գիրքը՝ «Իրավունքի փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկը։ Այն Ստեփանակերտի «Արցախ» հրատարակչությունում տպագրության է երաշխավորվել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գիտամանկավարժական խորհրդի կողմից ու աջակցությամբ։  

Ա․ Հարությունյանը մոտ 15 տարի դասավանդել է Արցախի ու ՀՀ բուհերում, և այս տարիների ընթացքում կարդացած դասախոսություններն են հիմնականում գրքում, որը բաղկացած է 7 գլուխներից, ընդհանուր 50 ենթահարցից, 4 հավելվածից՝ ներառյալ Տերմինաբանական բառարանը։ Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, մանկավարժների ընտանիքում ծնված ու հասակ առած գիտնականը գիրքը սիրով ու երախտագիտությամբ նվիրում է ծնողներին։  Նշում է՝ պարտական է իր ծնողներին՝ իր մեջ իրավունքի ու փիլիսոփայության հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելու, նաև կյանքը փիլիսոփայորեն ընկալելու և իմաստավորելու համար։ 41 տարվա վաստակավոր մանկավարժ հայրը՝ Համլետ Շահենի Հարությունյանը, հայրենի գյուղի 1894 թ․ բացված, այժմ Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն է երկար տարիներ։ Նա նույնպես հաճախ էր Բերձոր այցելում, հանդիպում աշակերտների և ուսուցիչների հետ։ Մայրը՝ Ժանետա Աշոտի Միրզոյանը, մաթեմաթիկայի ուսուցչուհի է՝ 43 տարվա ստաժով, վաստակավոր մանկավարժի կոչումով։  Հեղինակն իր խոսքում նշում է․ «Իրավունքի փիլիսոփայության՝ որպես երևույթի հանդեպ արանձնահատուկ վերաբերմունքն ունի պատճառահետևանքային կապ, որը ձևավորվել է 2008 թվականին, երբ ուսանում էի Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում։ Հենց այդ ժամանակ է հնարավորություն ընձեռվել ծանոթանալու ծնունդով արցախցի, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վլադիկ Սումբատի Ներսեսյանցի (1938-2005թթ․) իրավափիլիսոփայական գաղափարներին, այնուհետև՝ նրա հանրաճանաչ «Философия права-Իրավունքի փիլիսոփայություն» (1997) աշխատությանը, և այդ օրվանից դարձել նրա գաղափարների կրողը, արժևորողն ու տարածողը․․․ Մեր բնորոշմամբ՝ իրավունքի փիլիսոփայությունը գիտություն է իրավունքի խորքային էության, արժեքի և մարդկության կյանքում դրա կիրառման անհրաժեշտության ու անխուսափելիության մասին»։ Գրքի մասնագիտական խմբագիր, ի․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանն «Ակադեմիկոս Վլադիկ Ներսիսյանցի ջատագովն ու գիտակը» վերնագրով է ներկայացնում գիրքը, որը կարևորում է որպես գիտակրթական հանրույթի կողմից պահանջված, իրավունքի արդիական հիմնահարցերին նվիրված արժեքավոր հետազոտություն։ Բացի այդ կարևորում է գիրքը նաև՝ գրելով․ «Ներկայումս բուհերի իրավաբանական ֆակուլտետների ծրագրում ներառված է սույն դասընթացը, սակայն մայրենիով համապատասխան գրականության սակավությունը զգալի է, ինչի հաղթահարմանն էլ միտված է հեղինակի նախաձեռնությունը»։ Սեպտեմբերի 12-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում, «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ այս կարևոր գրքի շնորհանդեսը։ «Ավե Յուս»-ը   նույնպես իր աջակցությունն է ցուցաբերել գրքի լուսընծայմանը։ Ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը, գրքի խմբագիրները, փաստաբաններ ու գործընկերներ, ուսանողներ, հյուրեր: Անուշ Բաբայանը, ով վարում էր շնորհանդեսը, ներկայացրեց Ավետիք Հարությունյանին, նրա գիտական ու հասարակական գործունեությունը։ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի առաջարկով երեկոն սկսվեց Ներսես Շնորհալու աղոթքով։ Այնուհետև՝ հայ նշանավոր գիտնական-հոգևորականն անդրադարձավ «Իրավունքի փիլիսոփայություն» գրքին։ Կարևորեց հեղինակի կողմից արծարծված իրավունքի և կրոնի հարաբերակցության հարցերը: Պատահական չէր ընտրված Շնորհալու աղոթքը։ 12-րդ դարում ապրած ու գործած Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բանաստեղծն ու մատենագիրը, երաժիշտ-երգահանն ու քաղաքական գործիչը նույնպես փիլիսոփա էր իր ժամանակին։ Նրա համոզմամբ․ «Մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալի ազդում է հասարակական կյանքի վրա: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները»: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանն իր ելույթում անդրադառնալով գրքի անհրաժեշտությանը՝ դաշտում առկա մասնագիտական պահանջարկի առումով։ Եվ սա է կարևորել  «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գիտամանկավարժական խորհրդը՝  գիրքը տպագրելուն աջակցելիս։ Իր ելույթում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը, ով ճանաչել է Վլադիկ Ներսեսյանցին, գրել «Վլադիկ Ներսեսյանցի իրավափիլիսոփայական ժառանգությունը և իրավունքի զարգացման արդի հիմնախնդիրները» հոդվածը, նույնպես մեծ կարևորություն է տվել ուսումնական ձեռնարկին։ Նշեց նաև՝ հեղինակի աշխարհահայացքի և շարադրանքի վրա մեծ ազդեցություն է թողել նրա համերկրացի հայտնի գիտնականը՝ Վլադիկ Ներսիսյանցը։ Այնուհետև ելույթ ունեցան գրքի խմբագիր, փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանը, գրքում ներառված տերմինաբանական բառարանի խմբագիր, բ.գ.թ. Աննա Ղարսլյանը, Եվրոպական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը՝ կարևորելով աշխատության տեսական, կիրառական, գիտագործնական նշանակությունը: Իր խոսքը շնորհակալությամբ սկսեց գրքի հեղինակը։ Երախտիքի խոսք ուղղեց աջակցողներին։ Կարևորեց բոլորի թե ոգևորիչ, և թե գնահատական խոսքերը, մասնակցությունը շնորհանդեսին։ Անդրադարձավ իր հիմնադրած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի (www.avejus.am) գործունեության հիմնական ուղղություններին: «Աշխարհում տեղի ունեցող բացասական ու հակաիրավական երևույթների պատճառներից մեկն էլ իրավունքի և իրավունքի փիլիսոփայության արժևորման պակասն է, անտարբեր վերաբերմունքը, եթե ոչ հենց արհամարհումն ու ժխտումը: «Իրավունք» երևույթը շիտակ ձևով ընկալված, իմաստավորված, արժեվորված ու իրացված չէ ինչպես մարդկության, այնպես էլ պետությունների կողմից: Միգուցե ինչ-որ չափով ընկալված է, սակայն նրա ամբողջ ներուժն իրացված չէ, հակառակ դեպքում երկիր մոլորակն արդարության ու ազատության հետ խնդիրներ չէր ունենա: Մարդը և մարդկությունը զարգանում են դեպի ազատությունը, իրավունքը, հավասարությունը և արդարությունը՝ դրանց բացակայության իրավիճակից ելնելով», խոսքն ավարտեց Ա․ Հարությունյանը և ներկաներին հրավիրեց ճաշակելու Արցախի խորհուրդն իր մեջ պարունակող ժենգյալով հաց ու գինի: Ընթացքում նաև իր ընծայագրով գիրքը նվիրեց մասնակիցներին։ Ավարտվեց շնորհանդեսը՝ հույս ու հավատով՝ հաջորդը լինելու է Ստեփանակերտում՝ Ազատագրված Արցախի սրտում։

 Հ․ Գ․ «Գրքատուն» գրախանութը, որին տրվել է վաճառքի բացառիկ թույլտվություն, շնորհանդեսի շրջանակներում կազմակերպեց «Իրավունքի փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկի վաճառքը:  Գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ, իսկ ստացված հասույթն ուղղվելու է իրավունքի փիլիսոփայության ոլորտում կոթողային մի աշխատության թարգմանությանն ու տպագրությանը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։