Image

Ցուցադրություն և աշխատաժողով Հայաստանի պատմության թանգարանում

«Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում» խորագիրն է կրում ժամանակավոր ցուցադրությունը, որը սեպտեմբերի 16-ին բացվեց Հայաստանի պատմության թանգարանում: Ներկա էին պատմաբաններ, հնագետներ, այս բնագավառով հետաքրքրվողներ, այլոք: Առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի տարբեր հնավայրերում (Գառնի, Նոր Արմավիր, Մեծամոր, Ներքին Նավեր, Մաստարա, Արցախ և այլն) կատարված պեղումներից և պատահաբար հայտնաբերված թաղման կարասներն իրենց ուղեկցող գույքով՝ խեցեղեն, մետաղ, զարդեր և այլ իրեր։

Բացման խոսքով հանդես եկան ցուցադրությունը համատեղ կազմակերպող Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը: Իր ելույթում Ա. Բոբոխյանը շնորհակալություն հայտնեց Պատմության թանգարանի տնօրենությանը՝ տարածք ու ժամանակ իրենց տրամադրելու համար։ Երախտագիտություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության գիտության կոմիտեին՝ ծրագիրը ֆինանսավորելու համար, ինչպես նաև՝ կազմակերպիչներին։ Անդրադարձավ կարասային թաղումների պատմությանը, որ դրանք տարածված են եղել վաղնջական ժամանակներում Միջագետքում, Եգիպտոսում, Հայկական ողջ լեռնաշխարհում։ Նշեց՝ այդ երևույթը հատկապես մեծ ծավալների է հասեր Արարատյան թագավորության շրջանում և հասել մինչև առաջին դար։ Տեղեկացրեց նաև՝ Լոռու Թեղուտի հնավայրից, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հակոբյանի կողմից հայտնաբերված կարասը, որը վերականգնվել է իրենց ինստիտուտի լաբորատորիայում և ցուցադրվում էր, նվիրում են պատմության թանգարանին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը նույնպես կարևորեց համագործակցությունը, որը բխում է հայոց գիտության զարգացմանը, և շնորհակալություն հայտնեց նվերի համար։ Կարասային թաղումների մշակույթի մասին ներկայացրեց նաև հնագետ Արմինե Գաբրիելյանը, ում նախաձեռնությամբ է կազմակերպվել եզակի այս ցուցադրությունը: Ասաց․ «Կարասային թաղումների ընդհանուր հետազոտություններն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հայկական լեռնաշխարհի կարասային թաղումների մշակույթը (մ․թ․ա․ 6-րդ և մ․թ․ 3-րդ դարեր)» թեմայի շրջանակներում՝ իր ղեկավարությամբ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ պ․գ․թ․ Ինեսա Կարապետյանի ու արվեստագիտության թեկնածու Մարգար Հմայակյանի մասնակցությամբ: Ծրագիրը 2 տարով է՝ 2021-2023 թվականներ և այժմ գտնվում է արդյունքների ամփոփման փուլում»։ Ելույթ ունեցողները Կարևորեցին համատեղ աշխատանքը և տեղեկացրեցին՝ Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի թաղման տարատեսակ կառույցների (հիմնահողային, սալարկղային, քարարկղային և այլ) շարքում կարասային թաղումները եղել են գերիշխող: Այս թաղումներն ուշ հելլենիստական շրջանում գրավում են ընդարձակ մի տարածաշրջան՝ ներառելով նաև Անդրկովկասը, ընդհուպ մինչև Կուր գետ՝ տարբեր տարածքներում ձեռք բերելով որոշակի առանձնահատկություններ: Հայաստանում ամենավաղ շրջանի անոթային թաղումները գտնվել են Արենիի հնավայրում և պատկանում են Մ.Թ. Ա. 4000-3500 թվականներին: Ելույթներից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցադրված նմուշներին, փաստաթղթերին: Ցուցադրությունից հետո Հայսատանի պատմության թանգարանում կայացավ նաև գիտաժողով-աշխատաժողով: Մասնակից գիտնական-հնագետներին ու ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը: Եղավ անդրադարձ՝ ընդհանրապես մեր տարածաշրջանում որ հատվածներում և ժամանակներում են իրականացվել կարասային թաղումները: Ա. Բոբոխյանը տեղեկացրեց նաև՝ հնարավոր է ներկայացված բանախոսությունները հետագայում տպագրվեն մեկ գրքով: Հանդես եկան տարբեր գիտնականներ ու հնագետներ, ովքեր իրենց գործունեության ընթացքում առնչվել են հնագիտական այս ոլորտին: Արցախի Տիգրանակերտ քաղաքում կատարած պեղումներից հայտնաբերված կարասային թաղումների մասին ներկայացրեցին 7 հնագետ, ովքեր մասնակցել են այդ գիտական աշխատանքներին: Համլետ Պետրոսյանը, ում ղեկավարությամբ էին կատարվում Տիգրանակերտի պեղումները, հանդես եկավ նաև «Կարասային թաղումների մշակույթը և քրիստոնեական սրբերի մասունքների փնտրտուքը վաղ միջնադարում» բանախոսությամբ: Հնագետներ Արման Նալբանդյանը, Հարություն Բադալյանը և Տիգրան Ալեքսանյանը հանդես եկան «Կարասային թաղումներ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղից» բանախոսությամբ: Ա. Նալբանդյանը կարևորում է ընձեռված հնարավորությունը՝ նորից անդրադառնալու Սյունյաց աշխարհի Եղվարդ գյուղի տարածքում պահպանված հնադարյան դամբարանադաշտին: Հնագետ Արմինե Գաբրիելյանը, ով մշտապես եղել է Տիգրանակերտի պեղումներ իրականացնող արշավախմբում,  ներկայացրեց նաև վերջերս Գառնիում գտնված կարասային թաղումներին՝ «Մարտոյի բլրի նորահայտ անտիկ թաղումները» բանախոսությունը: Եղան այլ ելույթներ, հարցադրումներ, առաջարկներ: Իսկ ցուցադրությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջը։ Ցուցասրահում զրուցեցի պատմաբան Սուրեն Հակոբյանի հետ, ով ներկայացրեց իրենց կողմից 2010թ. հայտնաբերված կարասը, որը նվիրվեց թանգարանին: Ասաց. «Շնող գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանի վրա 2010 թ. այստեղ պեղվեց հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք կողմնորոշմամբ հելլենիստական դարաշրջանի սալարկղային և կարասային 18 դամբարան, որոնք դասավորված են շուրջ 30 մ երկար, 0,9 - 1 մ լայն և 0,5 մ բարձր պատի վրա: Գրեթե բոլոր դամբարաններում ննջեցյալների կրծքավանդակի շրջանում կային երկաթե զենքեր, ինչպես նաև բրոնզե ու արծաթե ապարանջաններ, ականջօղեր, բոժոժներ, ուլունքներ և այլ զարդեր: Դամբարաններից միայն մեկն էր կարասային թաղում: Զարդարուն գոտիներով պատված կարասի բարձրությունը մեկ մետր է, լայնությունը` իրանի ամենաուռուցիկ մասում, 0,8 մ: Դրված էր հորիզոնական դիրքով: Ննջեցյալի գանգը գտնվում էր հատակի կողմում: Կմախքը դիամասնատված էր` բազկոսկրերին կային մեկական բրոնզե ապարանջաններ: Այս դամբարանները վերաբերում են մ. թ. ա. I – մ. թ. I դարերին»: Արմինե Գաբրիելյանը զրույցի ընթացքում տեցեկացրեց՝ ցուցադրությունը կազմակերպելիս իրեն առավել օժանդակել են Հայաստանի պետական թանգարանի տնօրենությունը, Ա․ Բոբոխյանը, ընկերները, Համլետ Պետրոսյանը, և հայտնեց շնորհակալություն։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։