Թումանյան թանգարանը՝ Հրանտ Մաթևոսյանի հարկի տակ
Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանը հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-րդ տարելիցին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։ Հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ 70 տարի անց՝ Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի շրջանակներում 2023թ․ մեկնարկել է նրա անունը կրող թանգարանի շենքի հիմնանորոգումը և վերակառուցումը։
Այս պատճառով 2023 թ․ սեպտեմբերի 20-ից Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես՝ մոտ 31 ամիս գործելու է Աբովյան 51/1 հասցեում գտնվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ, կրթական ծրագրեր, մշակութային երեկոներ՝ նվիրված Թումանյան-Մաթևոսյան գրական առնչություններին, և այլ միջոցառումներ: Մոտ 3 տարիների ընթացքում պետք է հիմնանորոգվի 1-ին մասնաշենքը։ Վերակառուցվելու է 2-րդ մասնաշենքը, ավելանալու են հարկերը և այլ աշխատանքներ։
Սեպտեմբերի 15-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում կայացավ հանդիսավոր արարողություն՝ կապված Թումանյանի թանգարանի տեղափոխման հետ։ Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթեր փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ Ավագ Հարությունյանը, Հրանտ Մաթևոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը, հոլոնդացի թարգմանիչ Աննա Մարիա Մաթարը, ով առաջինն է Թումանյանի գործերը թարգմանել հոլանդերեն, կրթության ու մշակույթի բնագավառի բազում այլ ներկայացուցիչներ, թումանյանասերներ և մաթևոսյանասերներ։ Հյուրերի թվում էին Հովհ․ Թումանյանի ընտանիքի ներկայացուցիչները՝ ծոռը՝ Ռուբենը, Վահան եղբոր թոռները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ ասելով․ «Ամենևին պատահական չէ, որ 2023թ. Թումանյանի մահվանից 100 տարի անց նրա անվան թանգարանը բարեբախտության շնորհիվ վերանորոգման ընթացքում է, և այդ թանգարանի աշխատակազմը տեղ գտավ Մաթևոսյան թանգարանում, որը դեռ բաց չէ հայտնի պատճառներով։ Ես կարծում եմ, որ Թումանյանի և նրա նմանների շնորհիվ պետականությունը 100 տարի առաջ ոտքի կանգնեց և գոյատևեց մինչև էսօր։ Կարծում եմ նաև, որ Թումանյանի էստաֆետը 20-րդ դարի կեսից ստանձնել էր Մաթևոսյանը, և խորհրդանշական է մեր այսօրվա շնորհանդեսը։ Խորհրդանշական է նաև մեր համատեղ աշխատանքն առաջիկա 1-3 տարի ընթացում, որ արգասավոր է լինելու՝ հանուն պետականության և մշակույթի։ Շնորհավորում եմ բոլորիս և իմ խոսքը ավարտելով՝ ասում ձեզ Հովհաննես Թումանյանի ոտքը Հրանտ Մաթևոսյանի տանը բարի լինի, և սա լինի սկիզբ բազմաթիվ հաջող գործերի, որոնք ձեր ներկայությամբ և ձեզ հետ իրականացնելու ենք ու կվայելենք»։ Արարողությունը Տերունական աղոթքով բացեց Վազգեն Սրբազան Միրզախանյանը՝ մաղթելով բարի երթ։ Իր խոսքում դիմեց առ Աստված, որ Տերը զորավիգ լինի մեր ազգին, մեր բանակին, ու այսօր մեծ դժվարության մեջ գտնվող արցախցիներին։ Ներկաներին ողջունեց Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, որն արդեն 15 տարի է՝ աշխատում է մշակութային այս օջախում։ Շնորհակալություն հայտնեց «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի տնօրենին, որ սիրով է համաձայնել՝ ժամանակավոր հյուրընկալել Թումանյանի թանգարանի ողջ անձնակազմին, թույլ տալու ստեղծելու աշխատանքային պայմաններ և ամենակարևորը՝ կազմակերպել ցուցանմուշների ցուցադրությունը։ Շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ աջակցության համար, կրթամշակութային այն կառույցների ներկա ու բացակա ղեկավարներին, ովքեր իրենց մոտ են տեղափոխել Թումանյանի թանգարանի այլ նյութեր՝ ֆոնդային, արխիվային ու այլն։ Այնուհետև շնորհակալագիր հանձնեց «Կոնֆորտ-սերվիս» բեռնափոխադրող կազմակերպության տնօրեն Վարդան Մանուչարյանին՝ թանգարանի ողջ կահույքը, ցուցանմուշները, այլ իրերը սիրով ու անվնաս տեղափոխելու և նվիրված աշխատանքի համար։ Իր ղեկավարած Թանգարանի ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը ուղիղ 40 տարի թանգարանում աշխատելու համար արժանացավ «Հովհաննես Թումանյան-100» առաջին հուշամեդալին։ Ելույթներից հետո ներկայացվեց կարճ տեսաֆիլմ՝ ինչպես են կազմակերպել թանգարանի ցուցանմուշների տեղափոխությունը։ Ա․ Եղիազարյանն ու Դ․ Մաթևոսյանը կնքեցին փոխագործակցության հուշագիր։ Այնուհետև ներկաները շրջեցին ցուցասրահներում, ծանոթացան պայմաններին, ցուցադրված նյութերին։ Եղավ նաև գինու հյուրասիրություն։