Image

Ամենահին մատյանը՝ պահպանված ամբողջությամբ

Հայոց Բանանց գյուղը գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում։ 1989թ․ հուլիսի 27-ին Բանանցից իր ծննդավայրը լքեց վերջին հայը, ում արմատները տանում էին դարերի, հազարամյակների խորքեր։ Բանանց անվանումը հնարավոր է ստուգաբանվում է որպես «բանանոց», այսինքն՝ «աշխատելու վայր»։

Պատմականորեն եղել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի կազմում։ Գտնվում է Դաշքեսանից 7 կմ (ուղիղ գծով) հյուսիս-արևելք՝ Արթինաջուր գետի ձախ կողմում։ 19-րդ դարասկզբից մինչև խորհրդային կարգերի հաստատումը Բայան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում։ Պատմական այս գյուղը մշտապես եղել է ողջ երկրամասի միայն հայերով բնակեցված ու առավել մարդաշատ բնակավայրերից մեկը։ Չնայած գյուղի բազմադարյան գոյության մասին գրավոր աղբյուրներում քիչ հիշատակություններ կան, բայց Բանանցի մերձակայքում պահպանված նախաքրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններից պահպանված ընդարձակ գերեզմանոցները վկայում են նրա՝ հազարամյակներ գոյության մասին։

Գյուղի և տարածքի պատմամշակութային հուշարջանների մասին հայտնի հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը գրել է «Հյուսիսային Արցախ» գրքում(Երևան 2004թ․)։ Գյուղի անվան առաջին հիշատակություններից մեկը 1625 թվականից է։ Այդ թվականին Բանանցի բնակիչները «...Պանանցայ ճամահաթն մեծ և փոքր...» մասնակցել էին ավելի վաղ ստեղծված մի Ավետարանի՝ Հովհաննես Շատախեցու կողմից նորոգության գործին։ Խոսքը  Բանանցի «Ծեր ու Պահապան» կամ «Վեհամոր Ավետարան»-ի մասին է, որին նվիրված ուխտագնացություն է կազմակերպվում Մատենադարանում 2019 թվականից։ «Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համակարգող համագումար» ՀԿ նախագահ Մարիամ Ավագյանը, ով նույնպես Բանանցից է, և նրանց ընտանիքը 1971 թվականին է հեռացել գյուղից, տեղեկացրեց՝ այդ ժամանակ դիմել են Մատենադարանի ղեկավարությանը, և կայացել է ուխտագնացությունը։ Անդրադարձավ նաև գյուղում և տարածքում պահպանված պատմական հուշարձաններին, որոնք շատ-շատ են եղել։

Գյուղում կանգուն Սուրբ Աստվածածին և հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավուրիչ եկեղեցիների խաչերը պահպանվել են մինչև 1989թ․։ Բանանցի «Ծեր ու Պահապան» կամ «Վեհամոր Ավետարան»-ը (Վեհամօր Աւետարան), որն այժմ Երևանի Մատենադարանում պահպվող ամենահին ձեռագրի մատյանն է, պահպանվել է ամբողջությամբ և ունի իր պատմությունը։ Նոյեմբերի 4-ին Երևանի մատենադարանի երկրորդ մասնաշենքի դահլիճում երկրորդ անգամ այս Սուրբ գիրքը տեսնելու և ուխտագնացության էին եկել Գարդման գավառի Բանանց և այլ բնակավայրերից 1980-ականների վերջին բռնի տեղահանված բնակիչներ։ Ներկաներին ողջունեց ու Ավետարանի մասին տեղեկացրեց Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։ Նշեց նաև՝ առաջին ուխտագնացությունը տեղի է ունեցել 2019թ․ հոկտեմբերի 19-ին ավելի մարդաշատ դահլիճում։ Զրույցի ընթացքում Վ․ Թորոսյանն ասաց՝ ըստ ուսումնասիրությունների՝ Ավետարանը գրվել է մոտավորոպես 7-րդ դարում և առավել կարևորություն ունի․ պահպանված է ամբողջությամբ։ Հավելեց՝ կան այդ ժամանակների ձեռագրեր, բայց դրանք պատառիկներ են։ Ավետարանի պահպանության համար Մատենադարանում տրամադրվել է առանձին որմնախորշ։ Ավետարանը Բանանցում է պահպանվել 16-րդ դարից սկսած։ Երկաթագիր տառատեսակով, 33×25,7 սմ չափերով ձեռագիրը բաղկացած է 257 մագաղաթե էջերից։ Շրջանակը զարդարված է մեկ մեծ ու ոսկեջրած խաչից, որը բաղկացած է հինգ քարերից և տասնինը մետաղական խաչերից։ Ավետարանի գրման վայրը, տեղը և ժամանակը հայտնի չէ։ Պահպանվել են առաջին կազմողի երկու անանուն հուշագրառումներ, ըստ դրանց՝ Ավետարանը գրվել է Սուրբ Երրորդության վանքում, սակայն վանքի տեղակայման վայրը չի ճշգրտվում։ Մատյանը 1294 թվականին ձեռք է բերել ոմն Համենավագ։ 15-րդ դարում ձեռագիրը եղել է Վարդենիսի մոտ գտնվող Մաքենյաց վանքում։ 16-րդ դարում այն հայտնվել է Բանանց գյուղում, որտեղ վերամշակվել է 1625-ին։ Հենց այստեղ է 19-րդ դարի վերջում Ավետարանը հայտնաբերել եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը և 1895 թ․ տվել է ձեռագրի առաջին տպագիր նկարագությունը՝ նշելով, որ այն տեղի բնակչության մոտ հայտնի է «Հին Ավետարան» կամ «Պահապան» անուններով։ «Հին Ավետարան» մակդիրը ի հայտ է եկել 1625թ․, իսկ «Պահապան» անվանումը կապված է տեղի բնակչության հավատալիքների հետ, որ Ավետարանն ունեցել է բուժիչ ուժ։

Ավետարանը 1974 թվականին Բանանց գյուղի բնակչուհի Ասյա Գրիգորյանը փոխանցել է Հայ առաքելական եկեղեցու Ադրբեջանի թեմի առաջնորդ Վահան Տերյանին, ով 1975 թ․ հունվարի 1-ին այն նվիրել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ ի հիշատակ նրա մոր։ Նույն տարվա հուլիսի 25-ին Վեհափառը Մատյանը հանձնել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանին, որտեղ ձեռագրին տվել են «Վեհամոր» անվանում։ Վ․ Թորոսյանը տեղեկացրեց նաև՝ 1991 թվականից ՀՀ նախագահները երդմնակալության ժամանակ հանդիսավոր երդվում են Վեհամոր Ավետարանի վրա։ Բազում տարբերակներից այս ձեռագիրն ընտրել է մատենադարանի նախկին աշխատակից, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Բանանցից վերջին դուրս եկած բնակիչներից Արեգ Մկրտչյանը՝ տեղեկացնելով՝ այդ ժամանակ իր հետ Երևան է բերել գյուղի դպրոցի զանգը, որը հետագայում հանձնել են Մատենադարանին։ Ելույթներից հետո ուխտագնացությունն ավարտվեց Ավետարանին ձեռնադրմամբ և խոնարհումով։ Ուխտագնացները շնորհակալություն հայտնեցին Մատենադարանի ղեկավարությանը, ողջ անձնակազմին, որ երկրորդ անգամ հնարավորություն ունեցան այցելելու և հաղորդակցվելու հայրենի  Ավետարանին: Զրուցեցի նախկին բանանցեցիների հետ, ովքեր ցավով ու կարոտով էին պատմում իրենց շքեղ բնակավայրի մասին։ Մ․ Ավագյանն ասաց՝ իրենց դպրոցն ուներ 2 զանգ։ Մեկը դեպի դպրոց կանչողն էր և հնչում էր առավոտյան։ Այն եղել է մեծ և տեղադրված տանիքի տակ։ Ցավում են, որ ծանրության պատճառով չեն կարողացել բերել։ Մյուսը, որ արդեն Մատենադարանում է, եղել է դպրոցի երկրորդ հարկում ու հնչել է՝ կարգավորելով օրվա դասընթացը։

Հ․ Գ․ 2005 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ձեռագիրը ներառվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների» ցանկում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։