Image

Հիմնական նպատակը՝ վերադարձ արմատներին

«Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր»:

 «Բեկոր» խմբի ՖԲ էջից

 

Եվ տոհմ ու գերդաստան պահենք,

Եվ պահենք այս հողը մի բուռ,

Անունը Հայաստան պահենք:

Համո Սահյան

 

«Բեկոր» ավանդական երգ-պարի խումբը մի քանի տարվա պատմություն ունի։ Խմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Հարութ Բաղդասարյանը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ արդեն 22 տարի գործող «Կարին» ավանդական երգի-պարի համույթի կազմում է հանդես գալիս։ Եվ նրա ստեղծած «Բեկոր» խումբը նույնպես իր առջև նպատակ ու ծրագիր է դրել՝ կենդանի պահել հայ ավանդական երգն ու պարը, հնարավորինս ներկայացնել հայ ժողովրդի անցած ուղին, դարերի ընթացքում մեր ժողովրդի ստեղծած կենցաղը, ապրելակերպը։ Իսկ «Բեկոր» անունը նախ կապված է Արցախյան գոյամարտի անմահ հերոս Աշոտ Ղուլյան-Բեկորի հետ: Երկրորդը, որ մշակութային այս խումբը հայոց պատմության մի բեկորն է. խմբի անդամները՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, նաև Մեծ Հայքի տարբեր տարածքներից են արմատներով: Եվ այս ծրագրով էլ նոյեմբերի 6-ին համերգ-ներկայացմամբ խումբն առաջին անգամ առանձին հանդես եկավ հանդիսատեսի առջև։ Համերգը նախատեսված էր կայանար հոկտեմբերի 6-ին, սակայն կապված Արցախի վերջին ողբերգական իրադարձությունների հետ, հետաձգվեց։ Համերգը կայացավ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և կրում էր «Անունդ Հայաստան» խորագիրը։

Մինչ այդ, «Բեկոր»-ը բեմ բարձրացել է, հանդիսատեսին  հաճելի պահեր պարգևել, արժանացել ծափողջյունների։ Այլ է, երբ արդեն հանդես ես գալիս սեփական ծրագրով և նաև՝ հատուկ նպատակով՝ երգով ու պարով ներկայացնելով ժողովրդիդ անցյալի պատառիկներ։ Համերգ-ներկայացումն սկսվեց դպրոցական պատկերով, երբ աշակերտները պետք է իմանային ով է Հայկը, երբ և որտեղից է սկսվում մեր ազգի պատմությունը։ Դպրոցական Հայկին ու ընկերներին առավել ձգում էին համակարգչային խաղերը։ Սակայն Հայկն ուսուցչուհուց իմացավ՝ ով է եղել իր անվանակիցը՝ մեր ազգի նահապետը, ինչպես է պայքարել Բելի դեմ, ինչպես է իր ժողովրդին ազատել բռնակալից։ Իմացավ նաև՝ մեր ազգի հետագա պատմության դրվագներ։ Ծանոթացավ Վահան Մամիկոնյան հայրենասեր ու հերոս իշխանի մասին, ով կարողացավ միավորել հայկական ուժերը, 482թ․ գարնանը հաղթել պարսիկներին։ Դրանից հետո Պարսից արքունիքը պարտավորվել է հրաժարվել կրոնափոխության ծրագրից, պահպանել Հայաստանում հաստատված նախարարական կարգը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին։ Իսկ ո՞րն է ազգագրական պարի նպատակը, առավել անհասկանալի էր միջին դասարանի աշակերտներին։ «Պարը ոչ միայն արվեստի գեղեցիկ արտացոլում է, մարմնի լեզու, այլև ազգային պատմության, կենսակերպի ու ավանդույթների, իղձերի ու նվաճումների յուրօրինակ արտացոլում: Ի պատիվ պարարվեստի մեր երախտավորների՝ աշխարհը հաղորդակից է դառնում մեր պարային մշակույթի թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից դրսևորումներին, բացահայտում մեզ նաև այս տիրույթում», -բացատրվեց աշակերտներին։ Պարզվեց հայկական ավանդական, ազգագրական, դարերի պատմություն ունեցող պարերը եղել են ուղեկից  մեր ազգին, ու յուրաքանչյուր պար ունի իր պատմությունը, նպատակը։ Մեր նախնիները նաև պարի միջոցով են արտահայտել իրենց կյանքը՝ խաղաղ ու ռազմական տարիներին․ հողը հերկելիս, մաճը բռնելիս, եզանը քշելիս, իլիկը մանելիս, սուրը ճոճելիս, նժույգին նստած, հրացանը կրակելիս ու այլ պահերին։ Ու մոտ 1 ժամ տևած համերգ-ներկայացման ընթացքում «Բեկոր»-ը կարողացավ որոշակի տեղեկություն տալ հանդիսատեսին՝ ներկայացնելով «Իշխանաց», «Մածուն եմ դրել վըր դարուն», «Հա, Գողթան մանկտիք», «Լուտկի քերծի», «Վանա շորոր», «Ծաղկաձորի», «Սալմաստի վեր-վերի» և այլ պարերով, «Վարդան», «Այբ, Բեն, Գիմ», «Հորովել» ու այլ երգերով։ Որոշ պարեր համեմված էին նաև հայ աշխատավոր մարդու կենցախը նկարագրող դրվագներով, երբ դժվարության պահին միմյանց օգնության էին հասնում հարևանները, բարեկամները։  Համերգ-ներկայացման եզրափակիչ մասում հնչեց Համո Սահյանի «Այս մի բուռ քարեղեն հողում» բանաստեղծությունը․

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Համերգի վերջում «Բեկոր»-ի ղեկավար Հարութ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, որ նրա ներկայությունը շատ էր ոգևորել իրեն ու ողջ խմբին։ Շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի կայացմանը։ «Մշակույթի ամենանուրբ, բայց և միևնույն ժամանակ ամենաազդեցիկ ոլորտներից մեկի՝ ազգագրական պարի բացառիկ երևույթի մասին կարելի է խոսել անվերջ: Ի՞նչ խորհուրդ, էներգիա, զգացմունքներ ու մտքեր է կրում հայ ազգային երգն ու պարը։ Այս հարցերի պարզ պատասխանները մեր ազգագրական պարի խումբը հանձն առավ «Անունդ Հայաստան» համերգ-ներկայացման մատուցումն իր հանդիսատեսին։ Համերգի խորհուրդն է՝ հայ մշակույթի պահպանումն ու տարածումը, հայ մնալու կարևորագույն խնդրիը և իհարկե վերադարձ արմատներին։ Հայն ու Հայաստանը դարավոր պատմություն են․․․», -խոսքը շարունակեց Հ․ Բաղդասարյանը։ Համերգի կայացման գործում առավել կարևորեց Գագիկ Գինոսյանի դերը, որի շնորհիվ նախ կայացել է «Բեկոր»-ը և նման այլ խմբեր։ Նշեց՝ Գ․ Գինոսյանի շատ աշակերտներ արդեն ունեն իրենց խմբերն ու համույթները, որն էլ հայ ավանդական երգի ու պարի պահպանման կարևոր վկայություն է։ Ընթերցեց նաև այս օրերին արտերկրում գտնվող Գ․ Գինոսյանի ուղերձը, որում ասված է․ «Հարգարժան Յարութիւն Բաղդասարյան եւ սիրելի «Բեկոր» ընտանիք, շատ սիրելի Աննա Թովմասեան ջան, եւ հարգելի Սարգիս Արզումանեան, Էդգար Անդրեասյան, եւ իմ հարազատ հոգի Սեւադա Իրիցեան ջան, եւ Գարեգին Առաքելեան ջան, վարձքներդ կատար, եւ սրտանց ուրախ եմ Ձեր հաջողութիւնների համար, եւ շատ եմ ցավում, որ այսօր չեմ կարողանա ներկա գտնվել Ձեր Բեմ-Հաղթանքին, եւ չեմ կարողանա ապրել Ձեզ միասին Ձեր հոգու ցնծութիւնը։ Ձեզ բարիի բեմել։ Այսօր երբ վտանգված է Հայաստան անունն անգամ, ավելի քան կարեւոր է, որ Ձեր «Անունդ Հայաստան»-ով վերահաստատել, որ Հայաստան անունը հավերժ է, եւ ոչ մի ստոր եւ սողացող ուժ, կամ ազգ չդարձած հավակնոտ մի գոյակցութիւն չի կարող այն կասկածի տակ դնել։ Ամենուր պէտք է Հայոց ոգին զրնգա։ Բեմում, եւ թատերաբեմում, եւ մարտաբեմում, եւ ոգեբեմում։ Եվ թատերաբեմում այսօրվա Ձեր Հայոց ոգու հաղթական զրնգոցը սկիզբ թող դնի մարտաբեմերում Հայոց նոր վեհ հաղթանակների։ Հաղթական երթ, եւ խոնարհումս ու ակնածանքով Ձեր կարեւոր, ոգեղեն եւ դեպ Ազգային տաճար տանող առաքելութեանը։ Հիրուր խեդ․․․»։

Համերգին ներկա էր նաև Ճապոնիայի լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման։ Նշեմ՝ «Բեկոր» խմբում կա նաև ճապոնացի։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։