Գիտաժողով՝ նվիրված վիմագրական մշակույթին
Նոյեմբերի 11-ին Երևանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գրադարանում, կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված վիմագրական մշակույթին։ «Ժայռապատկերներից մինչև մեր օրերը» խորագիրն էր կրում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80 ամյակին նվիրված 2-օրյա գիտաժողովը, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրենությունը։ Գիտաժողովի առաջին օրը գիտական զեկույցներով հանդես եկան 12 գիտնական՝ հիմնականում հնագետներ, պատմաբաններ, նաև՝ օտարազգիներ։
Գիտաժողովի համակարգող, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վիմագրության բաժնի վարիչ, պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը դիմավորեց զեկուցողներին, տեղեկացրեց՝ զեկույցների տևողությունը չպետք է գերազանցի 20 րոպեն։ Գիտաժողովի մասնակիցներին ու ներկաներին ողջունեցին տ․գ․դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հայագիտության-հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ, դոցենտ Արսեն Բոբոխյանը և Արսեն Հարությունյանը։ Կարևորեցին նման գիտաժողովները, հատկապես, երբ դրանք կրում են միջազգային բնույթ, և որին մասնակից են լինում տարբեր թեմաներով ներկայացնող գիտնականներ թե՛ մեր երկրից, և թե՛ արտերկրից։ Անդրադառնալով գիտաժողովի անցկացմանը՝ նշեցին՝ դրա նպատակն է՝ վիմագրական ավանդույթի հիմքով ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը: Առաջին նիստը նվիրված էր ժայռապատկերագրությանը, մի բնագավառ, որի արմատները հազարամյակների պատմություն ունեն ու գալիս են մարդկության ձևավորման սկզբներից։
Նիստը վարում էր Արսեն Բոբոխյանը։ Առաջինը «Ժայռապատկերները որպես տեղեկույթի պահպանման և փոխանցման նախնական ձև» զեկույցով հանդես եկավ պ․գ․թ․ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտնական Կարեն Թոխաթյանը։ ՀԱԻ ներկայացուցիչ, Աննա Խեչոյանի զեկույցը նվիրված էր ժայռապատկերների ընկալման վաղ դրսևորումներին։ Գերմանիայի Սյունստերի համալսարանի գիտնական Ալեքսանդր Յոհաննես Էդմոնսի «Ասորեստանյան ժայռային սեպագրերի էվոլյուցիան և դրանց կապը ուրարտական օրինակների հետ» զեկույցը կարևորվեց հատկապես, որ գերմանացի գիտնականն անդրադարձել է մեր պատմության վաղ շրջանին։ Նրան տարբեր հարցեր ուղղվեցին։ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ, ա․գ․թ․ Գայանե Պողոսյանի «Գաղափարագրային մտածողության գեղարվեստական դրսևորումների ոճական առանձնահատկությունները ժայռապատկերներից մինչև ուրարտական կերպարվեստ» զեկույցը ներկաների մոտ շատ հարցեր առաջացրեց։ Քննարկվեցին որոշ խնդիրներ, որոնք հնագետ-պատմաբաններն այլ կերպ են ընկալում, արվեստագետ-նկարիչը՝ այլ։
Գիտաժողովի երկրորդ նիստը, որը վարում էր բ․գ․թ․ Տորք Դալալյանը, կրում էր «Նախամաշտոցյան վիմագրություն» խորագիրը։ Առաջին զեկույցը՝ «Բիայնիլի և Էթիունի սեպագրերը որպես ուրարտական կայսրության սահմանագոտու խորհրդանիշ», ներկայացրեց «Էրեբունի» Պատմահնագիտական արգելոց-թանգարանի (ՊՀԱԹ) տնօրեն, պ․գ․թ․ Միքայել Բադալյանը։ Զեկուցողը հանգամանալից ներկայացրեց ժամանակաշրջանը, տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով սեպագրերը եղել են նաև պետության սահմանագոտու խորհրդանիշներ։ Թեմայի հետ կապված՝ ներկաները տարբեր հարցեր ուղղեցին Մ․ Բադալյանին, արվեցին առաջարկներ։ «Էրեբունի» ՊՀԱԹ փոխտնօրեն Վահե Սարգսյանը հանդես եկավ «Կառլ Ֆրիդրիխ Լեման-Հաուպտի հետազոտությունները Վանի թագավորության երկլեզվյան արձանագրությունների վերաբերյալ» զեկույցով։ Կարևորվեց հատկապես, որ գերմանացի գիտնականներ Լեման-Հաուպտը և Վալդեմար Բելքը գլխավորել են գերմանական հնագիտաիան արշավախումբը Արևմտյան Հայաստանում և Միջագետքում։ Արևմտյան Հայաստանում Թոփրախ կալեում կատարած հետազոտությունների արդյունքում արժեքավոր տվյալներ են գտել Հայոց Տուրուբերանի, Վասպուրականի, Մոկքի, Ծոպքի և Աղձնիքի մասին։ Հայասեր գիտնականների կողմից հրատարակել է ուրարտական արձանագրությունների՝ իր ժամանակի համար լիակատար ժողովածուն։ Վրացուհի գիտնական, Թբիլիսիի Գ․ Ծերեթելու անվան արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Հելեն Գիունաշվիլին հանդես եկավ «Հին Վրաստանի արծաթե սպասքի արամերեն(արամեատառ) արձանագրությունները» զեկույցով։ Օրակարգի երրորդ նիստը, որը վարում էր Արսեն Հարությունյանը, նվիրված էր արդեն Հայ վիմագրությանը։ Հանդես եկող գիտնականները՝ Աշոտ Մանուչարյան, Հուսիկ Մելքոնյան, Ավետիս Գրիգորյան, Խաչիկ Հարությունյան, Արսեն Հարությունյան, ներկայացրեցին հայ միջնադարյան վիմագիր արձանագրությունների օրինակներ։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ․գ․թ․ Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց «Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց վանքի վիմագրական ժառանգությունը» զեկույցը։ Նշեց դրանց տեսակների, բովանդակության մասին։ Անդրադարձավ այդ արձանագրություններում հիշատակվող անձանց մասին՝ որոշ ճշտումներ անելով գրավոր այլ աղբյուրների ավանդած տեղեկություններով։ Խոսեց վանքի, նրա տարբեր անկյուններում առկա 100֊ից ավելի զանազան գրությունների մասին։ Բուն Մայրավանքի ներսում թվակիր արձանագրություններն սկսվում են 12֊րդ դարասկզբից և հասնում մինչև 19֊20֊րդ դար։ Գիտաժողովի առաջին օրն իր «Վիմագիր ավանդույթի արտացոլումը Ղուկաս Ա․ Կարնեցի կաթողիկոսի (1780-1799) նամակներում» զեկույցով ավարտեց Արսեն Հարությունյանը։ Վերջում եղավ քննարկում։ Գիտաժողովը շարունակվեց նաև շաբաթ օրը՝ նոյեմբերի 11-ին «Վիմագրական լեզվաբանություն» և «Նորահայտ վիմագրեր» խորագրերով։