Image

Գրքեր՝ օտար ափերում ապրած  ու արարած  մեր  «տարաբախտ»  մեծանուն Զավակների մասին

«Ինտերկապ» Հկ-ի նախագահ Նորայր Զուլոյանը Փարիզաբնակ մեր հարենակից Էդուարդ Մանվելյանի հեղինակած և այս տարի հրատարակված «Կորսված ժառանգություն» , «Մայրամուտի և լուսաբացի միջև, հայի ֆենոմենը» գրքերը տրամադրեց ինձ և  առաջարկեց կարդալ, կարծիք հայտնել:

Միանգամից ասեմ՝ երկու գրքերն էլ կարդացի մեծ հափշտակությամբ: Դրանք հետաքրքիր, արժեքավոր գրքեր են: Ամեն կարդացող և մեծ ցավ կապրի և մեծ հպարտություն: Այո, երկուսը միասին, քանի որ ներկայացված են միայն և միայն աշխարհի բոլոր ծայրերում ցրված մեր այն հայրենակիցների կյանքն ու գործունեությունը, ովքեր աննախադեպ հաջողությունների են հասել՝ դառնալով հռչակավոր գիտնականներ, գյուտարարներ, ռազմական գործիչներ, երգիչներ, նկարիչներ, քանդակագործներ, հետախույզներ, դերասաններ, ռեժիսորներ, բայց դրանով ծառայել են այն երկրների ժողովուրդներին, որտեղ որ ապրել և գործել են: Այդ մտքի ու գործի տիտանների սխրանքը գրեթե չի ծառայել սեփական ժողովրդի և միակ Հայրենիք Հայաստանի շահերին: Հաճախ նրանց ազգանուններից անգամ դժվար է լինում ճանաչել, որ զտարյուն հայեր են: Հեղինակն ընդունում է, որ պարզապես անհնար է «դրսում ապրած» մեր բոլոր հայ մեծերին ընդգրկել իր գրքերում, ուստի նա ներկայացնում է մեր այն հայրենակիցներին, որոնք հսկաներ են եղել իրենց ոլորտներում, բայց ինչ-ինչ պատճառներով նրանց մասին մենք կամ քիչ ենք լսել, կամ ընդհանրապես չենք լսել: Խոստովանենք, բոլո՞րս գիտենք, որ հաշմանդամի ինքնակառավարվող սայլակի ստեղծողը եղել է Էմիկ Ավագյանը, պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը՝ Վարազդատ Կազանչյանը, թթվածնային դիմակ ստեղծողը՝ Արթուր Բուլբուլյանը, փոխպատվաստումներ կատարող առաջին վիրաբույժը՝ Ջոն Նազարյանը, մագնիսառեզոնանսային շերտագրման սքաներ ստեղծողը՝ Ռայմոնդ Դամադյանը, առաջին բանկոմատ ստեղծողը՝ Կարապետ Սիմջյանը, առաջին ավտոմատ փոխանցման տուփը ստեղծողը՝ Ասատուր Սարաֆյանը, բետոնախառնիչ բեռնատարի գյուտը Ստեփան Ստեփանյանին է պատկանում, «պլաստիկի թագավորը» Արտաշես Հայկանյանն է, միկրոէլէկտրոնիկայի հիմնադիրը Էդուարդ Քեոնջյանն է, բրոնխիալ ասթմայի դեմ առաջին դեղամիջոցը մտահղացել է Ռոջեր Էդվարդ Քոլլինգվուդը, առաջին արևային մարտկոցը՝ Լուիջի Չամիչյանը, ամենագաղտնագրված հայերն են եղել ռեզիդենտներ, հետախույզներ Հայկ Հովակիմյանը, Սամվել Քոչարյանը, Իվան Աղայանցը, Ավետիք Բուռնազյանը, Զամանը / Միխայիլ Ալավերդյան/: Կիրիլ Շչոլկին՝ Կիրակոս Մետաքսյանը, համարվում է ԽՍՀՄ ատոմային ռումբի կնքահայրը, ռուսական ատոմային ֆիզիկայի հայրը  /նրա անունն անգամ տալը հավասարեցվել է պետական դավաճանության հետ/, Նորայր Սիսակյանը՝ խորհրդային կենսաբանության հիմնադիրը, ֆտորոօրգանական միացությունների քիմիայի հայրը ԽՍՀՄ-ում՝ Իվան Կնունյանցը,ամերիկյան առաջին հրթիռակիրների կոնստրուկտորը՝ Աննա Կազանչյանն էր, ԱՄՆ ծովակալ է եղել Պողոս Իգնատյանը...Բոլորին անհնար է նշել:

Հեղինակն օգտվել է բազմաթիվ աղբյուրներից, օտարալեզու կայքերից, վավերագրական հոլովակներից, նյութերն անձամբ ինքն է թարգմանել, որոնք համեմել է հեղինակային վերլուծություններով: Այսքանը հեղինակի ջանքերի ու տքնանքի մասին: Գրքերը արժեքավոր են նաև այլ տեսանկյունից դիտարկելով: Հսկաների հակիրճ կենսագրականները, նրանց փառավոր, աշխարհահռչակ ձեռքբերումները ներկայացնելը թե մեզ, թե հեղինակին մտորումների տեղիք են տալիս: Ի՞նչն էր խանգարում հային մնալու իր հայրենիքում: Կրելով հայի հանճարեղ գենը, անհնա՞ր էր /այժմ էլ անհնա՞ր է/ ՀՍԿԱ դառնալ սեփական երկրում, այլ ոչ թե օտար ափերում՝ ներկայացնելով օտար երկիրը, դառնալով ուրիշինը: Ինչու՞ էր /է/ դյուրին արարել ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Եվրոպայում, այլ երկրներում, որտեղ հաճախ տեղական կառավարությունները գաղտնի էին պահում նրանց ազգային պատկանելությունը,  փոխում էին ազգությունը՝ համարելով իրենցը: Քանի, քանի հայ տիտանների հետքեր կորցրած կլինենք,կամ՝ քանի մեծանուն հայեր կան, որոնց մասին  ոչ ոք չի ասում, որ նրանք Հայաստանից են, հայ են, չնայած, որ մեր հայրենակիցների շատ գյուտեր ու հայտնագործություններ շրջադարձային են եղել իրենց ներկայացրած ոլորտներում: Հարցերն ու հարցականները շատ են, պատասխանները միանշանակ չեն:  Հեղինակը հարց է տալիս՝ ո՞րն է հայի ֆենոմենը՝ «գենետիկական այն բացթողումը» , որի արդյունքում հայը դարձավ օտար քաղաքակրթությունների հիմնասյուն, իսկ Հայաստանը որբ մնաց...կամ գուցե երևույթն արհեստած՞ին է, ու մեր ձեռքով կերտածի անունը դրեցինք «հայի բախտ»: Ընդունենք, դժվար հարցեր են...

Մեզ, թերևս,  պետք է մխիթարի միայն այն, որ հայ Հսկաների  գործունեությունից  ու արարումներից օգտվել են ժողովուրդները, որ դրանք  վիթախարի դեր են ունեցել և ունեն մարդկության պատմության մեջ: Իր Մեծանուն զավակների արարումներից կամ հայտնագործություններից օգտվելու իր մասնաբաժինն, իհարկե,  ունեցել և այսօր էլ  ունի նաև նրանց ծնած ժողովուրդը, ուստի և  այդ ժողովուրդը՝ մենք, պարտավոր ենք երախտագիտությամբ հիշել ու սրբորեն պահել  օտար ափերում ապրած  ու արարած մեր «տարաբախտ» Զավակների անունները: Էդուարդ Մանվելյանը հենց դա է փորձել անել: Եվ դա նրան հաջողվել է:      

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։