Image

Անի Վարդանիի գրքի շնորհանդեսը Վալենսիայում

Հայկական աշխարհի համար հոբելյանական այս տարին, երբ մարդկությունը նշում է հայ հանճարների` Փարաջանովի, Սևակի ու Ազնավուրի 100, Սահյանի ու Շիրազի 110 և Կոմիտասի ու Թումանյանի 155 ամյակները, այս առիթներով կազմակերպվող և մեկը մյուսին հաջորդող ու իրար լրացնող միջոցառումները գալիս են վկայելու, որ աշխարհը դույզն-ինչ այլ կլիներ, առանց վերոհիշյալ մեծությունների, որոնց ավանդը համաշխարհային քաղաքակրթությանն անասելի մեծ է ու անկրկնելի։

Բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներից անմասն չի մնացել նաև Իսպանիայի "Արարատ" հայկական միությունը, որի նախաձեռնությամբ` 2024-ի տարեմուտից մեկնարկած միջոցառումները լավագույնս են վկայում վերոնշյալի մասին։

Համայնքում գարնանամուտը նշանավորվեց Վալենսիայի տարբեր տոնակատարություններին կազմակերպության մասնակցությամբ, այնուհետև` կանանց և Զատկի տոների կազմակերպմամբ, որոնցում ջանք ու եռանդ չեն խնայել Հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն ու ուսուցիչները, ծնողներն ու միության անդամները։

Համո Սահյանի հոբելյանական ծննդի հետ կապված` հայկական դպրոցում տեղի ունեցավ գերմանաբնակ բանաստեղծուհի Արմինե Սարգսյանի գրքի շնորհանդեսը։ Օրեր անց, հայ համայնքը հանդիպեց իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ։ Գրական տարվա հերթական միջոցառումը մեծն շանսոնյեի 100-ամյակին էր, որի ընթացքում տեղի ունեցավ վալենսաբնակ մեր հայրենակցուհու` Անի Վարդանիի (Մխիթարյան) "Քեյս" վերնագիրը կրող գրքի շնորհանդեսը։

Առաջին հայացքից նեղ մասնագիտական թվացող այս գիրքը մի հրաշալի ուղեցույց է հաջողության հասնելու ուղիները փնտրելու ճանապարհին։ Ընթերցողի հետաքրքրությունը շահելու համար, հեղինակը գիրքը համեմել է հայ ե օտար գրականության հսկաների աշխատությունների կերպարների ու հերոսների նկարագրություններով, հանրահայտ փիլիսոփաների նույնքան հանրահայտ մտքերով, որոնք լավագույնս են բացահայտում հաջողության հասնելու գրավականը, ինչպես նաև` անհաջողության պատճառներն ու շարժառիթները։

Գրքի մի զգալի հատվածը մի իսկական վերլուծական է Հովհաննես Թումանյանի "Քաջ Նազարը" ստեղծագործության, հերոսի ամբողջական կերպարի մասին, որտեղ հեղինակն ընթերցողին նախապատրաստում է կյանքի դժվարանցանելի քառուղիներին, հուշում ճիշտ ճանապարհը` անշուշտ պահպանելով մարդկային բարձր արժեքներն ու էթիկայի կանոնները։

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով հակիրճ ներկայացրեց հեղինակին և գրքի բովանդակությունը։
Այնուհետև խոսքը տրամադրվեց Անի Վարդանիին, ով հանգամանալից ներկայացրեց աշխատության ստեղծման շարժառիթները, պատճառներն ու հընթացս աշխատանքները, մի բան, որը, հեղինակի իսկ խոսքով, "շատերի համար անհնար էր թվում, այդուհանդերձ, իմ մեջ ամեն օր եփվող այդ գաղափարը մի գեղեցիկ օր միս ու արյուն ստացավ, և այսօր այն ձեր սեղանին է":

Միջոցառումն ինքնին ինտերակտիվ էր, քանի որ հանդիպման ողջ ընթացքում մասնակցում էր նաև հանդիսատեսը` ծագած հարցերով և գրքում առկա թեստերով։

Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու երգիչներ Տաթև Ավագյանի և Էդգար Աբրահամյանի գեղեցիկ կատարումները և, անշուշտ, արդեն ավանդական դարձած մի գավաթ գինին։

Վերջում նշենք, որ գիրքը վաճառվում է հայաստանյան գրախանութներում` բավականին մատչելի գնով։

Արարատ հայկական միություն
Վալենսիա
Իսպանիա

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։