Տարեվերջյան հանդես` Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում
Եվս մեկ ուսումնական տարի անցավ պատմության գիրկը Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում` Իսպանիայում հիմնված առաջին հայկական կրթօջախում, որն իրապես համարվում է հայապահպանության էպիկենտրոնը երկրում։ 19-րդ ուսումնական տարին է բոլորում դպրոցը, և, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս, "Արարատ" հայկական միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ավարտական հանդես, որին էլ հաջորդեց պատվոգրերի հանձնման արարողությունը։
2022-2023 ուսումնական տարում, ընդհանուր առմամբ, 55 աշակերտ է գրանցվել դպրոցում, որոնցից 43 ստացան իրենց համապատասխան պատվոգրերը։ Ըստ տարիքի և գիտելիքների բազայի, 5 դասարանների բաժանված հայկական կրթօջախում այս տարի 6 ուսուցիչ է աշխատում, ովքեր ջանք չեն խնայում աշակերտներին մեր ոսկեղենիկ հայերենը ծանուցելու, նրանց տառաճանաչ, հայաճանաչ և հայրենաճանաչ դարձնելու նվիրական գործում։
Տարրական դասարանների ուսուցչուհիներ Աննա Սանասարյանն ու Մարինե Արզումանյանը ողջ ուսումնական տարվա ընթացքում, խաղերի և այլ նորարարական մեթոդներով երեխաներին ավելի են մոտեցրել հայկական հեքիաթներին, մանկության հայկական աշխարհին և, իհարկե, մեր մայրենիին։ Այս երկու դասարանները հանդեսի ժամանակ բեմականացրեցին Հովհաննես Թումանյանի "Չարի վերջը" հեքիաթը` ծնողներին և բոլոր ներկաներին զարմացնելով իրենց տաղանդով։
8-10 տարեկան երեխաները, որոնց դասավանդում է Աստղիկ Սաղաթելյանը, արդեն տառաճանաչ են, կարդում, գրում և վարժ խոսում են հայերեն։ Վերջիններս հանդես եկան "Ծիտը" հեքիաթի բեմականացմամբ։
Ավագ դասարանների աշակերտները` Գայանե Ղազարյանի և Տաթև Գրիցենկոյի ղեկավարությամբ, հանդես եկան ասմունքով և երգերով։ Վերջիններս ողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայոց լեզուն են ուսումնասիրել, այլ նաև` Հայոց պատմություն` Արարատ Ղուկասյանի դասավանդմամբ։
Մինչ պատվոգրերի հանձնումը, շնորհակալական խոսքով հանդես եկան նաև Աստղիկ Սաղաթելյանն ու Մարինե Արզումանյանը| կարևորելով ծնողների դերը` հայ երեխաների դպրոց հաճախելու և հայերենը պահպանելու գործում։
Պատվոգրերը հանձնելուց հետո, խոսք առավ հայկական միության Լոգիստիկ ծառայությունների ղեկավար Գրիգոր Գևորգյանը, ով հանձնեց "Տարվա լավագույն աշակերտ" պատվավոր մրցանակը, որն այս տարի ստացավ ավագ դասարանի աշակերտուհի Մոնիկա Կիրակոսյանը։ Գևորգյանը պատվոգրեր հանձնեց նաև ուսուցիչներին, որպես "Հայ մշակույթի դեսպաններ": Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս շնորհվեց "Հայկական միության լավագույն անդամ" մրցանակը, որը շնորհվեց Վահան Հովսեփյանին։
Առջևում ամառային արձակուրդներ են, որոնց ընթացքում բազմաթիվ աշակերտներ կայցելեն հայրենիք, տեսականորեն կբացահայտեն այն ամենը, ինչ տեսել և ուսանել են Այբբենարանի, Մայրենի լեզվի և Հայոց պատմության դասագրքերի էջերին, և նոր ոգեւորությամբ կվերսկսեն դասերը արդեն նոր` 2023-2024 ուսումնական տարում։ Դպրոցի ավագ դասարանի աշակերտները, Ալիկանտեի Շարլ Ազնավուրի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի սաների հետ, կմասնակցեն ամառային ճամբարի։
Դեպի հոբելյանական 20-ամյակ ընթացող հայկական կազմակերպությունը և նրա հովանու ներքո գործող կրթօջախը Իսպանիայում հայապահպանության Ռահվիրան է, որն իր գործունեությամբ, մի կտոր Հայաստան է ստեղծել այս օտար ու հյուրընկալ երկրում` հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Եվ այս մի կտոր Հայաստանի հիմնասյունը հայկական դպրոցն է, որը մեկտեղում է իսպանահայության անցյալը, ներկան և ապագան։
"Արարատ" հայկական միություն
Վալենսիա, Իսպանիա