Ոտքի՜, իսպանահայ նոր սերունդն է գալիս
Իսպանահայ համայնքում նոր սերունդն է ձևավորվում, սերունդ, որն արդեն իսկ իր վճռական խոսքն է ասում ո՜չ միայն երկրի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս` Եվրոպայում, աշխարհում...
Դեռևս ձևավորման փուլում գտնվող համայնքի ներկայացուցիչներն անհատապես, իհարկե, իրենց ուրույն տեղն ունեն և՜ երկրում և՜ ամբողջ աշխարհում։ Խոսելով նրանց մասին` մշտապես մտաբերում եմ աշխարհահռչակ հայի, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքը. "Երբ Ֆրանսիայում ասում են` ես հայ եմ, արձագանքն անմիջապես լինում է` օ՜հ, Ազնավուր։ Արդ, ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայերն այդպիսի անուն ու համբավ ունենան":
Իսպանիայում Ազնավուրների մի ամբողջ աստղաբույլ ունենք. աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյան, հանրաճանաչ դերասան Հովիկ Քեոչկերյան, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյան, անվանի հաղորդավարուհի Սիրուն Դեմիրչան, իսպանական ամենաժողովրդական տոնակատարության թագուհի Գեգել Մազմանյան, քայլող հանրագիտարան, բազմաթիվ հեռուստախաղերի հաղթող Լիլիթ Մանուկյան, ճանաչված լրագրող Արթուր Ղուկասյան, քանդակագործ Ջիվան Միրզոյան...
Եվ ահա այս աստղաբույլն անդադար համալրվում է եկող սերնդի նոր ներկայացուցիչներով, ովքեր, համոզված եմ, լավագույնս են շարունակելու իրենցից ավագների գործը` պարգևելով երկրին փառք ու պատիվ և հայ ու Հայաստան անունները հնչեցնելով աշխարհի չորս ծագերում։
Այդ սերունդը փայլուն ներկայացնում է վալենսաբնակ պատանի, քաղաքի հայկական դպրոցի սան Արտուրո Թորոսյանը, ով հուլիսի 4-ին արժանացավ Վալենսիայի Միսլատա քաղաքի տարվա լավագույն մարզիկ տիտղոսին` նվաճելով թվով 40-րդ գավաթը, որը նրան հանձնեց քաղաքապետ Կառլոս Բիելսան։
13-ամյա Արտուրոն շախմատով սկսել է զբաղվել դեռևս 5 տարեկանից։ Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի թե՜ Վալենսիայում և թե՜ Իսպանիայի այլ քաղաքներում ու շրջաններում` նվաճելով բազմաթիվ հաղթանակներ։
2020 թվականից հայ պատանին զբաղվում է պրոֆեսիոնալ շախմատով։ Մեկ տարի անց նա արժանացել է թիմի լավագույն խաղացող մրցանակին։
Անցած տարի Արտուրո Թորոսյան Սաղաթելյանը մասնակցել է Իսպանիայի պատանիների առաջնությանը` գրանցելով անձնական լավագույն արդյունք։ Իսկ ահա ընթացիկ տարվա մարտին Արտուրոն Մ-14 տարեկանների անվանակարգում նվաճել է Վալենսիայի շրջանի չեմպիոնի տիտղոսը` ճանաչվելով նաև որպես Վալենսիայի լավագույն շախմատիստ։
Այս տարի հայ պատանին պատրաստվում է երկրորդ անգամ մասնակցել Իսպանիայի առաջնությանը, որին մաղթում ենք հաջող ելույթներ։
Այս պահին Արտուրոն ունի 1700 գործակից և ջանք չի խնայում նոր բարձունքներ նվաճելու գործում։
Ահա այսպիսինն է իսպանահայության նոր սերունդը, որը դեռ իր որոշիչ խոսքը պիտի ասի հանրությանը` մշտապես բարձր պահելով հայ ազգի պատիվը։ Եվ, ով գիտե, գուցե տարիներ անց աշխարհը լսի նոր Տիգրան Պետրոսյանի մասին` Արտուրո Թորոսյան անունո՞վ։ Հուսանք... հուսանք և համալրենք Ազնավուրների աստղաբույլը Իսպանիայում։
Արարատ Ղուկասյան
Վալենսիա, Իսպանիա