Image

Նվիրվում է Կիլիկիայի անկախության հռչակագրի 100-ամյակին

Առանց խորամուխ լինելու պատմական, մշակութային ու քաղաքակրթական հարցերի մեջ ապացուցելու համար, որ Կիլիկիան Հայաստան է, խոսենք Կիլիկիային վերաբերող մերձակա ժամանակահատվածի իրավական-քաղաքական իրողությունների մասին։ (1) (2)

 Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) եւ Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջեւ Լոնդոնում՝ 1916-ի հոկտեմբերի 27-ին, կնքված համաձայնագրի հիման վրա կազմավորվելու էր Հայկական լեգեոն, որը ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեր Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում, ինչի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ (3)

 ֆրանսիական կառավարությունը՝ 1916 թ․ նոյեմբերին, սահմանեց կամավորության սկզբունքները. լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը։

 Արեւելյան լեգեոնը մարտական առաջին մկրտությունն ստացավ 1918-ի սեպտեմբերի 19-ին, Պաղեստինում (Արարայի ճակատամարտում, 1918 թ․), այնուհետեւ, անգլո–ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։ 1918 թ․ նոյեմբեր–դեկտեմբերին լեգեոնը, որն արդեն Հայկական էր կոչվում, մտավ Կիլիկիա, գրավեց կարեւոր ռազմավարական կետեր եւ մասնակցեց նրա պաշտպանությանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918 թ. հոկտեմբերի 30–ին, Դաշնակիցների եւ Օսմանյան կայսրության միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի համաձայն նախատեսված էր․

Հոդված 16․ «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը… Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»։

Հոդված 24․ «Հայկական մարզերից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»: (4)

 ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն՝ թուրքական զինված ուժերը պարտավոր էին 1920 թ. նոյեմբերի 22-ից հետո դուրս գալ Արեւմտյան Հայաստանի չորս մարզերից եւ դրանց հարող տարածքներից։ Իրավար վճռով որոշված տարածքների հարցը Սեւրի խաղաղության պայմանագրում ձեւակերպված է այսպես.

Հոդված 89․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի մարզերում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»: (5)

Սակայն, ինչպես վերը նշված որոշումների դեպքում, այնպես էլ Հայկական Կիլիկիային ինքնավարություն տալու պայմանավորության պարագայում, սկսում է գործել Հայկական հարցը ամեն կերպ շրջանցելու, արդեն իսկ կայացված որոշումներն ու իրողությունները չեզոքացնելու գործելակերպը։

Այս դեպքում տրվում է հետեւյալ բացատրությունը․ Ֆրանսիայի արեւելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո, երբ Ֆրանսիան սկսում է մերձենալ քեմալականների հետ, Հայկական լեգեոնը 1920 թ․-ի օգոստոսին ամբողջովին լուծարվում է։ Չնայած հերոսական դիմադրությանը գերակշռող ու զինված թուրք հրոսակներին, հայ ժողովուրդը կրկին թողնում է Կիլիկիան։ (6)

 Հետագայում, 1921 թ․ հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրով, Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը։ (7) (8)

 Ահա այս ճգնաժամային պայմաններում է, որ Կիլիկիայի հայերը 1920 թ․ օգոստոսի 4-ին ընդունում են Կիլիկիայի անկախության մասին հռչակագիրը, որը ստորագրել են Ամբողջական Հայաստանի Ներկայացուցիչ Միհրան Տամատյանը եւ Ատանայի Հայոց Առաջնորդ Գեւորգ Վարդապետ  Արսլանեանը։ (9) (10)

Հռչակագիրը կարեւոր փաստաթուղթ է, ընդդեմ ամեն տեսակ կուլիսային անօրինական պայմանավորվածությունների, գործարքների եւ հայկական տարածքների բռնազավթումների։ Դա կարեւոր փաստաթուղթ է, Կիլիկիայի անկախության վերականգման։

Կիլիկիան Հայաստան է։

Կիլիկիայի անկախությունը վերականգնվելու է 1918-1920 թթ․ ընթացքում հայ ժողովրդին տրված իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու ընթացքում եւ այդ ճանապարհով։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 4 օգոստոս 2020 թ.

https://citizenship-western-armenia.info/archives/4040

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։