Image

Աթաթուրքի մասին «Դիսնեյի» վիճահարույց ֆիլմը սաստիկ զայրացրել է թե՛ հայերին, թե՛ թուրքերին

Ի՜նչ բացառիկ ապաշնորհ պետք է լիներ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ղեկավարը՝ հանդես գալու մի այնպիսի կինոնախագծով, որը սաստիկ զայրացրներ թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Այդ աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից՝ ընկերության գանձարանին, ինչպես նաև հեղինակությանը վնաս պատճառելու համար։

«Դիսնեյ պլյուս» հոսքային ծառայությունը նախատեսել էր պատրաստել վեց մասից բաղկացած սերիալ, որը պատմում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր հայր Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին, որին երկրպագում են գրեթե բոլոր թուրքերը։ Աթաթուրքին անարգելը պատժվում է մինչև երեք տարվա ազատազրկմամբ։ Հունիսին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) արշավ սկսեց՝ ի նշան բողոքի «Դիսնեյի» կինոնախագծի դեմ։

ANCA-ն «Դիսնեյ պլյուսին» կոչ արեց «չեղարկել սերիալը, որը փառաբանում է թուրք բռնապետ և ցեղասպան մարդասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, որի ձեռքերը թաթախված են միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյա նահատակների արյան մեջ»։

Զարմանալիորեն, չնայած հանցագործությունների և հակահայկական գործողությունների իր բաժնին, Աթաթուրքը բավական անկեղծ է գտնվել և խոստովանել 1926 թվականի օգոստոսի 1-ին «Լոս Անջելես Էքզամիներ» թերթին տված հարցազրույցի ժամանակ. «Նախկին երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները, որոնք պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց անխղճորեն զանգվածաբար վտարել են իրենց տներից և կոտորել, անհանգիստ են եղել հանրապետական իշխանության ներքո: Նրանք մինչ այժմ ապրել են թալանով, կողոպուտով և կաշառակերությամբ և թշնամացել են օգտակար աշխատանքի մեջ ներգրավվելու ու իրենց ճակատի ազնիվ քրտինքով իրենց ապրուստը վաստակելու ցանկացած գաղափարի կամ առաջարկի նկատմամբ»։ Ցավոք, մի քանի այլ առիթներով Աթաթուրքն ինքն իրեն հակասել է՝ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը:

«Դիսնեյի» ֆիլմի դեմ հայկական առարկության մասին լուրը, ընկերության ծրագրերի հետագա փոփոխությունը և թուրքական զայրացած արձագանքը դարձան անթիվ հոդվածների թեմա ամբողջ աշխարհում՝ հանրայնացնելով Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքական լրատվամիջոցները մեղադրել են ANCA-ին՝ ԱՄՆ-ի «հայկական հզոր լոբբիին», «Դիսնեյ» ընկերության վրա հաջողությամբ ճնշում գործադրելու համար։

Ի սկզբանե «Դիսնեյը» հայտարարել էր, որ Աթաթուրքին փառաբանող սերիալը կցուցադրվի «Դիսնեյ պլյուս» ցանցում 2023 թվականի հոկտեմբերի 29-ից՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Փոփոխելով իր ծրագրերը՝ «Դիսնեյ պլյուսն» այժմ նախատեսում է ֆիլմը թողարկել երկու մասով. առաջին մասը կհեռարձակվի «Դիսնեյին» պատկանող Fox TV հեռուստաալիքով Թուրքիայում հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը՝ թուրքական կինոթատրոններում՝ դեկտեմբերի 22-ին: Երկու ֆիլմերը կրկին կցուցադրվեն հաջորդ ամռանը։ «Աթաթուրք» ֆիլմի արտադրությունը «Դիսնեյին» արժեցել է 8 միլիոն դոլար։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինը հայտարարել է, որ պաշտոնական հետաքննություն է սկսելու «Դիսնեյի» որոշման վերաբերյալ։ Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ Հուսեյն Յայմանը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել «Դիսնեյի» դեմ։

Թուրք հայտնի գործիչները, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, արվեստագետներ և լրագրողներ, զայրացած դատապարտել են «Դիսնեյին» և չեղարկեցին իրենց բաժանորդագրությունները «Դիսնեյ պլյուսին», որն ունի 50 հազար բաժանորդ Թուրքիայում։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է անվանել «Դիսնեյի» ծրագրերի փոփոխությունը և պնդել, որ ընկերությունը զիջել է «հայկական լոբբիին»: Նա նաև հայտարարել է, որ ANCA-ի նպատակն է կանխել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը: Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, որը պատասխանատու է Հայաստանի հետ իր երկրի կարգավորման գործընթացի համար, նույնպես չեղյալ է հայտարարել «Դիսնեյ պլյուսի» իր բաժանորդագրությունը։ Թուրքիայի կառավարության լրատվական «Անադոլու» գործակալությունը, հրապարակել է Յորքի համալսարանի Բուրաք Չալըսկանի մեկնաբանությունը՝ «Հայկական լոբբին գրավե՞լ է «Դիսնեյ պլյուսը»» վերնագրով:

Թուրքիան նույնիսկ ճնշում է գործադրել իր հայ համայնքի վրա՝ ընդդիմանալու «Դիսնեյի» որոշմանը: Թուրքական վարչակարգի պատանդ, Թուրքիայի հայկական հիմնադրամների ասոցիացիայի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն հանդես է եկել ամոթալի հայտարարությամբ՝ քարոզելով Թուրքիայում գոյություն չունեցող խոսքի ազատությունը և կոչ անելով «ամերիկահայ կազմակերպություններին ավելի պատասխանատու գործել»։ Նաև, խորհրդարանի անդամ Սևան Սիվաջըօղլուն, որ ներկայացնում է Էրդողանի կուսակցությունը, մտահոգություն է հայտնել, որ «Դիսնեյի» որոշումը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը և խաթարում է երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման ներուժը։

Ըստ Middle East Eye-ի՝ «Հունիսին «Դիսնեյը» հեռացրեց բազմաթիվ շոուներ և ֆիլմեր «Դիսնեյ պլյուսից»՝ ընթացիկ մնացորդները և իր հարկային հաշիվը նվազեցնելու համար: Այս ռազմավարությունը նաև հանգեցրել է ութ թուրքական հեռուստաշոուների և ֆիլմերի հեռացմանը, որոնք արտադրվել են բացառապես «Դիսնեյի» թուրքական հոսքային հարթակի համար՝ կասեցնելով նոր թուրքական բովանդակության թողարկումը»: «Դիսնեյ պլյուսը» (Թուրքիա) հաստատել է, որ այն նման որոշում է կայացրել։

Այս բոլոր վիճաբանություններից կարելի էր խուսափել, եթե «Դիսնեյը» մի փոքր ուսումնասիրություն կատարեր՝ նախքան նման անհիմն արկածախնդրության գնալը: «Դիսնեյը» իրավունք չունի Աթաթուրքի կամ այլ քաղաքական գործչի մասին վավերագրական ֆիլմ պատրաստել։ «Դիսնեյը» կուրորեն ստանձնել է այս նախագիծը՝ զայրացնելով բազմաթիվ հայերի ամբողջ աշխարհում: Եվ հետո, հասկանալով իր սխալը, «Դիսնեյը» լվաց իր ձեռքերը դրանից և վավերագրական ֆիլմը խորամանկորեն նետեց Թուրքիայի Fox TV-ի եթեր:

Այնուամենայնիվ, ճակատամարտը մասամբ շահված է։ Թեև վիթխարի «Դիսնեյ» ընկերությունը փոխել է իր ծրագրերը, աշխարհասփյուռ հայությունն այժմ պետք է հետամուտ լինի այս խնդրին «Դիսնեյի» բարձրագույն ղեկավարների հետ երեք պատճառով.

1․ Ամբողջությամբ չեղարկել Աթաթուրքի վավերագրական ֆիլմը և այն չհանձնել Թուրքիայի Fox-TV-ին.

2․ Համոզվել, որ «Դիսնեյ» ընկերությունն այլևս երբեք չմտածի թուրքական քարոզչական ֆիլմ ստեղծելու մասին.

3․ «Դիսնեյին» կոչ անել վավերագրական ֆիլմ նկարահանել հայկական թեմայով, օրինակ, Հայոց ցեղասպանության և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների մասին:

Ցավոք, ևս մեկ անգամ ամերիկահայ համայնքը մենակ մնաց թուրքական ամենազոր կառավարության դեմ պայքարում` առանց Հայաստանի ղեկավարների օգնության, որոնք իրենց այնպես են պահում, կարծես հայկական հարցերն իրենց չեն հետաքրքրում:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։