Image

Ամառային արձակուրդներից դեպի նոր ուսումնական տարի

Սեպտեմբերի 10-ին Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի դռները վերստին կբացվեն վալենսաբնակ հայ երեխաների առջև` ուղղորդելով նրանց հայոց լեզվի, գրականության, պատմության և, ընդհանրապես, հայկականության հարուստ, բազմադարյա և հետաքրքրալից խճանկարներով։

Մինչ այդ, Ալիկանտեի "Հայաստան" միության նախաձեռնությամբ և Վալենսիայի "Արարատ" միության համագործակցությամբ, երկու կազմակերպությունների ներքո գործող դպրոցների սաները մասնակցեցին ամառային եռօրյա ճամբարումին, որի գլխավոր նպատակն էր` երկուստեք սերտ և շարունակական համագործակցությունը և, իհարկե, հայապահպանությունը։

60-ից ավելի երեխաներ և ուսուցիչներ են մասնակցել այս տարվա ճամբարին "Լա Մարինա" երիտասարդական համալիրում, վերադարձել վառ ու անմոռանալի տպավորություններով։

Մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը, Վալենսիայի հայկական կրթօջախի ուսուցչուհիներ Աստղիկ Սաղաթելյանի, Աննա Սանասարյանի և Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ, դպրոցում անցկացվել է նորեկների ընդունելություն և հայերենի ընդհանրական ուսումնաճանաչողական քննություններ` ստուգելու համար Իսպանիայում ծնված և արդեն նոր սերնդի հիմքը ձևավորող երեխաների հայերենի հետ շփումն ու իմացության մակարդակը։

Այս տարի 54 աշակերտ է գրանցվել դպրոցում, որն, իհարկե, ոգևորիչ և տարեց-տարի աճ գրանցող ցուցանիշ է։

Մայրենի լեզուն ազգապահպան ամենակարևոր առհավատչյան է, իսկ այն կրողներն ու պահողները` մերօրյա իսկական հերոսները։

Բարի երթ մաղթենք 2023-2024 ուսումնական տարուն, իսկ հայ ինքնության պահապաններին` բեղմնավոր աշխատանք և սպասվելիք մարտահրավերները պատվով հաղթահարելու ուժ և կամք։

 

Արարատ հայկական միություն

Վալենսիա

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։