Image

Դասը վարում էր դոկտոր Հրայր Ճեպեճյանը

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի և Վաչե Պարտիզունու անվան Հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ հաճախ են կազմակերպվում սփյուռքի գործիչների հետ հանդիպումներ:

Բանասիրական ֆակուլտետի սփյուռքահայ գրականության դասընթացի շրջանակում (դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ Քնարիկ Աբրահամյան) դասախոսությամբ հանդես եկավ Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, հրապարակախոս Հրայր Ճեպեճյանը:

Բանախոսը ներկայացրեց Համաստեղի ստեղծագործական ուղին, բայց, նախ անդրադարձավ գրողի բնաշխարհ Խարբերդին ու ծննդավայր Փերչենճ գյուղին, նկատելով, որ հեղինակի ինքնակենսագրականից է բխում նրա աշխարընկալումը։

Հրայր Ճեպեճյանն առանձնացրեց երկու պատմվածք՝ «Զրույց շունի մը հետ» և «Անձրևը», որոնք նախապես հանձնարարվել էին ուսանողներին։

Այդ գործերը ցույց են տալիս քրիստոնեական պատգամների Համաստեղի յուրացումը, որի գծերին Ճեպեճյանն անդրադարձավ բնագրային մանրամասն քննարկումով՝ ելնելով նաև իր մասնագիտական հանձնառությունից: ««Զրույց շունի մը հետ» գործում Ցեղասպանության նկարագիրն է՝ իբրև հոգեբանություն, տառապանք, փրկարար ելքերի որոնման հնարավորություն: Երբ որ քու հողեդ զրկված ես, ցեղասպանված ես, չես դադրիլ ապրելե. Համաստեղը մեզ կփորձե ըսել, որ կան անորոշություններ, դժվարություններ, բայց կյանքը չպիտի կանգ առնե»,- ընդգծեց Հրայր Ճեպեճյանը։

Նա  հավելեց՝ «Անձրեւը» կորսված բնաշխարհի մարդկանց ու նրանց հարաբերությունների, բնության ու մարդու ներդաշնակության փնտրտուքն է, ուր սոցիալականն այնքան էլ առաջնային չէ ․« Եվ սա է Համաստեղի ռոմանտիզմի առանձնահատկությունը, որ նրան դարձնում է կարոտի գրականության մեծագույն երգիչներից մեկը»,-հավելեց նա։

«Սփյուռք» կենտրոնի տնօրեն, ամբիոնի վարիչ, պրոֆեսր Սուրեն Դանիելյանը, կարևորելով հանդիպումը, նշեց՝ ուսանողության համար լավ առիթ է նյութի շրջանակում լսելու լեզվակրին և տարբեր ընկալում ու մեկնաբանություն որսալու ․«Այն, ինչ ներկայացվում է, Սփյուռքի հայության պարագայում նախորդող սերունդների պատմության և հոգեբանության տեղաշարժերի ուրվագիծ ունի: Այդպես նաև օրվա բանախոսի կենսագրությունն է»։

Դասի ընթացքում ծավալվեց ակտիվ երկխոսություն․ հյուր-դասախոսը հարցեր ուղղեց ուսանողներին՝ բացելով նաև իր փորձառությունից ընկալման նոր պատուհաններ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։