Image

Հոբելյանական 20-ամյակին ընդառաջ

2024 թվականը հոբելյանական է Իսպանիայի Արարատ հայկական միության համար. այս տարի սեպտեմբերի 1-ին լրանում է կազմակերպության 20-ամյակը, ուստիև ողջ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները նվիրված կլինեն այս կարևորագույն իրադարձությանը։

Իսկ տարեմուտի մեկնարկն արդեն տրված է` կազմակերպության հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցած ամանորյա հանդեսով, որով էլ հրաժեշտ տրվեց 2023-ը։

Նախքան բուն թեմային անցնելը, նշենք, որ 2023-2024 ուսումնական տարին, աշակերտների թվով, ռեկորդային է հայկական կրթօջախի ողջ գոյության ընթացքում. արդ ուսումնական տարին մեկնարկել է 65 աշակերտով, որը գերազանցում է նախորդ 20 տարիների ցուցանիշը։ Դպրոցի զարգացման այս տենդենցը շարունակական բնույթ է կրում 2021 թվականից սկսած` շնորհիվ իսպանահայ նոր սերնդի երևան գալու, երբ դպրոց սկսեցին հաճախել արդեն առաջին սերնդի աշակերտների զավակները և, իհարկե, ուսումնական ծրագրի նորարարությամբ, երբ, շնորհիվ այնպիսի երիտասարդ ուսուցիչների, ինչպիսիք Աննա Սանասարյանն ու Տաթև Դավթյանն են, դասաժամերը հագեցան երեխաների մոտ մայրենիի և ուսանելու հանդեպ հետաքրքրասիրությամբ։

Այժմ դպրոցն ունի 6 դասարան, որոնցում ուսանող մանուկներն ու պատանիները ոչ միայն կերտում են հայերենը, այլև ներկայացնում բազմաբնույթ խաղեր, բեմականացումներ ու հանդեսներ։

Վերջիններից մեկն էլ հենց տարեմուտի հանդեսն էր, որին, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դասարանները հանդես եկան առանձին ներկայացումներով` պայմանավորված , առաջին հերթին, բեմի ու սրահի այլևս փոքր լինելով։

Ողջույնի խոսքից հետո բեմը տրամադրվեց ամենափոքրիկներին, ովքեր դասղեկ Նադեժդա Ավագյանի ղեկավարությամբ` ներկայացրեցին ամանորյա մանկական երգեր ու պարեր։ Այնուհետև բեմ դուրս եկան Մարինե Արզումանյանի սաները` տոնին կոմիտասյան շունչ հաղորդելով։ Վերջիններս էստաֆետը հանձնեցին իրենցից ավելի ավագ դասարանին` Էվելինա Վարդևանյանի գլխավորությամբ։ Նրանք հանդես եկան ամանորյա երգուպարով, ոտանավորներով։ Այնուհետև բեմ դուրս եկան Հասմիկ Վարդանյանի սաները, ովքեր հանդիսատեսին տեղափոխեցին հեռավոր ու ցուրտ Պինգվինաշեն։

Աստղիկ Սաղաթելյանի դասարանը հանդես եկավ հայկական հեքիաթների երկու ներկայացմամբ և երաժշտական համարներով։

Ամենավերջում բեմը տրամադրվեց ավագ դասարանի սաներին, ովքեր դասղեկ Գայանե Ղազարյանի ղեկավարությամբ` հանդես եկան հայ գրականության մեծերի ստեղծագործությունների ասմունքներով, երգերով և տարեմուտի ամենաջերմ մաղթանքներով` այդպիսով ազդարարելով 2024-ի մեկնարկը։

Հայկական դպրոցի սաների անձնվեր աշխատանքն, իհարկե, աննկատ չէր մնացել Ձմեռ պապի և Ձյունանուշի համար, ովքեր դպրոց այցելեցին երեխաների համար բազմաթիվ նվերներով։

Անգնահատելի է այն ազգանվեր գործը, որն անձնվիրաբար կատարում են հայկական կազմակերպության հիմքերում կանգնած նվիրյալներ Մարինե Արզումանյանն ու Գայանե Ղազարյանը։ Հայ ինքնության պահպանման գործում անկրկնելի է Աստղիկ Սաղաթելյանի և Էվելինա Վարդևանյանի գործունեությունը։ Վերոնշյալ նվիրյալները ոչ միայն չլքեցին նավը, հայկական կազմակերպության գործունեության դժվարին պահերին, այլև, հենց իրենց շնորհիվ, հայապահպանության ջատագովների շարքերը լրացրեցին Հասմիկ Վարդանյանն ու Նադեժդա Ավագյանը։

Ահա այսպիսի մեկնարկ տրվեց Արարատ հայկական միության 20-ամյա հոբելյանական տարվան, որը բազմաթիվ ու բազմաբնույթ նոր միջոցառումներ է խոստանում ողջ տարվա ընթացքում։

Արարատ հայկական միություն

Վալենսիա

Իսպանիա

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։