Image

Իսպանաբնակ բանաստեղծ Արարատ Ղուկասյանը հյուրընկալվել է Համբուրգի հայ համայնքում

Սա իսպանահայ գործչի երկրորդ այցն էր Համբուրգի հայ համայնք։ Առաջին այցելության ժամանակ ներկայացվել էր Ղուկասյանի անդրանիկ գիրքը` "Փնտրտուքների ճանապարհին" բանաստեղծությունների ժողովածուն։ Այս անգամ արդեն հեղինակը ներկայացրեց բոլորովին վերջերս լույս տեսած իր երկրորդ աշխատությունը` "Ժամանակի հետքերով" խորագիրը կրող ժողովածուն, որը հայրենասիրական, սիրո և խոհափիլիսոփայական ավելի քան 100 ստեղծագործություն է ընդգրկում։

Ինչպես և նախորդ ընդունելության ընթացքում, այս անգամ ևս հանդիպումն անցավ բավականին ջան մթնոլորտում` հագեցած պոեզիայի, երաժշտության և գրական արվեստի շնչով ու երանգներով։

Հեղինակին և նրա աշխատանքը ներկայացրեց հայ համայնքի վարչության անդամ, կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մոսինյանը, ով հանգամանորեն խոսեց գրքի բովանդակության, նրա երեք բաժինների և հեղինակի մտահոգությունների մասին։ Նաիրա Մոսինյանն իր խոսքում կարևորեց ընթերցանության խթանումը հատկապես մանուկների և երիտասարդների շրջանում, արծարծեց Սփյուռքում հայապահպանության և ուծացման խնդիրները։ Գրքում տեղ գտած ստեղծագործությունների ասմունքներով հանդես եկան նույն կրթօջախի Հայոց լեզվի և Երաժշտության ուսուցչուհիներ Արմինե Պետրոսյանն ու Կարինե Կորյանը, համայնքի անդամներ Շողիկ Մխիթարյանն ու Էդգար Գևորգյանը, ինչպես նաև 9-ամյա աշակերտուհի Լինան։

Շնորհանդեսի ողջ ընթացքը համեմվեց կոմիտասյան անզուգական հնչյուններով` Լուսինե Ավետիսյանի գեղեցիկ կատարումներով։

Արարատ Ղուկասյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց համայնքին և նրա նախագահ Արսեն Հարությունյանին` հերթական հանդիպումն ու ընթերցումը կազմակերպելու համար։ Վերջինս ներկայացրեց գրքում ընդգրկված թեմաները, շնորհակալություն հայտնեց գծանկարների հեղինակ Մելինե Արաբաչյանին և, անշուշտ, հովանավորներ Ջի Ջինֆենգին ու Մարտիկ Գասպարյանին։

Ղուկասյանը նշեց նման միջոցառումներ կազմակերպելու կարևորության մասին, որոնք, նրա խոսքով, "հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչելու արդի հայ գրականության մունետիկներին, ովքեր հայի խոսքն ու մտահոգությունները ոչ միայն հանձնում են թղթին, այլ նաև` հասցնում հայ և օտար ընթերցողներին":

Բանաստեղծը խոսեց նաև իսպանահայ համայնքի և Իսպանիայում հայկական հետքի մասին։

Միջոցառումն ավարտվեց Համո Սահյանի "Մեր լեզուն" բանաստեղծության հիման վրա գրված, երգահան Սասուն Պասկևիչյանի գեղահնչյուն երգի կատարմամբ, որին միացան բոլոր ներկաները` շուրջ 40 ընթերցասերներ, որոնք  հնարավորություն ստացան ևս մեկ անգամ ճաշակելու բանաստեղծական աշխարհի համն ու հոտը և որոնց շարքում էին նաև Համահայկական Սենատի համակարգող Արամ Մկրտչյանը, Ուկրաինայի Պոլտավա քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Անուշ Նազարյանը, հեղինակի հարազատներն ու ընկերները։

Վերջում նշենք, որ "Ժամանակի հետքերով" բանաստեղծությունների ժողովածուի անդրանիկ շնորհանդեսը տեղի էր ունեցել Վալենսիայում, իսկ առաջիկայում սպասվում են նոր շնորհանդեսներ Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Գիրքը վաճառվում է "Բուկինիստ" գրախանութների ցանցում, ինչպես նաև` Գերմանիայում և Իսպանիայում։

Բարի երթ ցանկանանք Արարատ Ղուկասյանի հերթական աշխատությանը և մաղթենք նորանոր ստեղծագործական հաջողություններ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։