Երկաթուղին հոգատար է մեր նկատմամբ
Անհրաժեշտ է, որ մենք էլ հոգատար լինենք երկաթուղու նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության համար երկաթուղին այնպիսի այլընտրանք է, արտաքին աշխարհի հետ երկիրը կապող մի այնպիսի ուղի, որն, ի դեպ, ի տարբերություն ավտոտրանսպորտի, այնքան էլ մեծ կախվածություն չունի եղանակային պայմաններից, ճանապարհների վիճակից, այլ ռիսկերից: Չպետք է մոռանալ, որ երկաթուղով մեր հացն է գալիս, կենսական նշանակություն ունեցող այլ այնպիսի ապրանքներ, որոնցից են տարբեր տեսակի վառելանյութերը, այդ թվում նաեւ ինքնաթիռների լիցքավորման համար:
Ինչպե՞ս են գործերը երկաթուղում:
,,Հարավ-Կովկասյան երկաթուղի,, ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական, վաստակավոր երկաթուղային Ռաֆայել Սեխլեյանը սիրով է պատասխանում բոլորիս հետաքրքրող հարցերին:
Ըստ նրա՝ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր հոգսերից մեկը եղել և մնում է երկաթուղում անխափան, նաև անվտանգ երթեւեկության ապահովումը: Այդ նպատակով անցած տարիներին քիչ ջանքեր ու միջոցներ չեն ներդրվել և ներդրվում են: Դրանք հսկայածավալ ներդրումներ են եղել, որոնց շնորհիվ հնարավոր է եղել անկախություն ձեռքբերած Հայաստանի գրեթե կործանված երկաթուղուն նոր շունչ ու կենդանություն հաղորդել: Արված կարևոր գործերի մասին ինքնին խոսում են թվերը. անցյալ տարի հիմնանորոգվել է 14կմ գծային տնտեսությունը, փոխվել են 15հազար փայտյա և 18հազար երկաթբետոնե կոճղեր, նորոգվել են բոլոր էլեկտրաքարշերն ու ջերմաքարշերը, արհեստական կառույցներ /կամուրջներ, թունելներ/, կոնտակտային ցանցեր, հենապատեր, սելավատարներ: Գյումրի-Երևան հատվածում անխափան գործում են 4մարդատար ֆիրմային էլեկտրագնացքներ ժամանակակից վագոններով, շարժակազմերով, ձեռք են բերվել ուղևորատար 27նոր, հարմարավետ վագոններ, որոնցով հագեցվում են նաեւ ամռանը գործող Երևան-Բաթումի-Երևան, և մշտապես գործող Երևան-Թբիլիսի-Երևան միջպետական մարդատար գնացքները: Բեռնափոխադրումների մասով. անցյալ տարի միայն երկաթուղով արտահանվել է 353հազար տոննա, ներմուծվել է 773հազար տոննա ժողտնտեսության բեռներ: Ներքին բեռնափոխադրումները կազմել են 975հազար տոննա: Անցյալ ամբողջ տարվա բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2մլն 102հազար տոննա: Ցավով պիտի նշել, որ ներքին բեռնափոխադրումների ծավալը անցյալ տարի կրկնակի նվազել է նախորդ տարվա համեմատությամբ: Պատճառը Սոթքի հանքի շահագործման դադարեցումն է՝ հարևան պետության ագրեսիայի հետևանքով:
Չնայաց ՌԴ-ն այս օրերին պատերազմական դրության մեջ է, սակայն ղեկավարությունը շարունակում է կառավարության տրամադրած միջոցներով կատարել ստանձնած ներդրումային պարտավորությունները: Բավական է ասել, որ այս տարի նախատեսված են հիմնանորոգումներ, որ գրեթե հավասար է նոր գծեր կառուցելուն՝ ամբողջովին քանդվում են եւ նոր ը գցվում: Մեծ աշխատանքներ են նախատեսվում երկաթուղու ամենադժվարին հատվածում՝ հատկապես Լոռիում. Փոխվելու է 4200երկաթբետոնե, 3500փայտե կոճղեր, 140համախումբ սլաքային փոխադրիչների հենակոճղեր/բրուսներ/ : Բոլորը չես նշի:
Ինչպես միշտ, այս անգամ էլ Ռաֆիկ Սեխլեյանն անդրադարձավ նաև երկաթուղայիններին հուզող մյուս կարևոր խնդրին, որն անխզելիորեն կապված է անվտանգության ապահովման հանրույթի ձգտումների հետ: Ինչ խոսք, այն պետք է հուզի նաև մեզ: Խոսքը երկաթուղում տեղի ունեցող աղետների ու դժբախտ պատահարների մասին է: Ոչ մի երկաթուղի ապահովագրված չէ դրանցից, բայց դեպքերի քանակի անշեղ նվազեցումը ոչ միայն երկաթուղայինների, այլ նաև մեր ժողովրդի առաջնահերթ խնդիրը պետք է լինի՝ ի հատուցումն ու գիտակցումն երկաթուղու վիթխարի դերի: Ճիշտ է, անցյալ տարի հաջողվել է դժբախտ դեպքերի ու պատահարների թիվը կրճատել շուրջ 23տոկոսով, այնուամենայնիվ, մարդու անհոգության, անտարբերության հետեւանքով դրանց գոյությունը մշտապես անհանգստացնելու է երկու կողմերին էլ:
Ի՞նչ կարելի է ասել այն դպրոցականների, մարդկանց մասին, ովքեր երկաթուղու ռելսերի վրա դնում են մետաղի, փայտի կտորներ ու ապահով հեռվից դիտում, թե ինչ կպատահի մոտեցող գնացքի հետ: Ահա, ամիսներ առաջ դպրոցականները ռելսերի արանքում ամրացրել են երկաթուղային գծի մեխ /կաստիլ/: Մոտենում էր 1900 տոննա դյուրավառ նյութերով ծանրաբեռնված գնացքը՝ գրեթե 100կմ/ժամ արագությամբ, որը վթարային արգելակման դեպքում անգամ կանգնում է մոտ 1կմ անցնելուց հետո: Շնորհիվ մեքենավարի աչալրջության՝ հնարավոր եղավ խուսափել առավել լուրջ հետեւանքներից: Ինչ խոսք, գնացքը վնասներ ունեցավ, հուրախություն մեզ՝ հրդեհ , պայթյուն տեղի չունեցավ:
Իսկ երկաթուղու Դալարիկ-Արաքս հատվածի գծանցումում տեղի ունեցած աղետալի դեպքը դեռ երկար խոսակցության առիթ կհանդիսանա. խճաքարով բարձված բեռնատարի վարորդը խախտելով երթևեկության կանոնները, անտեսելով, որ գծանցը փակվել է մոտեցող էլեկտրագնացքի անվտանգ անցման համար, փորձել է մինչ գնացքի մոտենալը շրջանցել արգելափակոցը: Դա չի հաջողվել կարգազանց վարորդին:Անխուսափելի բախման հետեւանքով տուժել է ոչ միայն բեռնատարը,վարորդը, այլեւ էլեկտրագնացքի մեքենավարը /ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց/, անմասն չեն մնացել նաև էլեկտրագնացքի 120 ուղեւորներից ոմանք, իսկ նյութական մեծ կորուստների մասին ավելորդ է խոսել: Նոր ձեռք բերված, ժամանակակից էլեկտրագնացքը շարք վերադարձնելու համար պահանջվեց երեք ամիսև զգալի գումար: Գծանցումներում նման դեպքերը, ցավոք, հազվադեպ չեն, եղել են, որ ունեցել են ավելի ողբերգական հետեւանքներ, ուղեկցվել մարդկային կորուստներով: Ահա ինչպիսի ավարտ է ունենում, երբ վարորդները ընդամենը մի քանի րոպե չեն համբերում գծանցումներում՝ մինչեւ գնացքի անցնելը:
Ռ. Սեխլեյանի հավաստմամբ՝ իրենց ընկերությունն ամեն հնարավորն անում է երկաթուղու աշխատանքն անխափան ապահովելու, ժողովրդատնտեսական կարևորագույն բեռները անվնաս տեղ հասցնելու նպատակով: Բայց երկաթուղին ուշադրության և հոգատարության կարիք ունի նաև բնակչության կողմից: Ցավալի դեպքերի նոր օրինակներ բերելու կարիքը չկա, բայց ամեն տարի 4-5 դեպքերի մասին մենք լսում ենք, երբ երկաթուղու գծանցումներում հանկարծահաս հայտնվում են տարբեր մակնիշի մարդատար և բեռնատար մեքենաներ հենց այն պահին, երբ արագությամբ մոտենում է բեռնատար, կամ մարդատար գնացքը...աղետալի բախումն անխուսափելի է լինում, ողբերգական վերջաբանը դառնում է իրական: Զոհվում, լավագույն դեպքում խեղվում են մարդիկ, ֆինանսական ծանր կորուստներ են կրում ոչ միայն քաղաքացիները, այլև ՓԲ ընկերությունը: Մի խոսքով, բոլոր երկաթուղայինները, գլխավոր տնօրենի խորհրդականների միջոցով, դպրոցներում, բուհերում հանդիպումների, անվտանգության մասին դասախոսությունների, հատուկ այդ նպատակին ծառայելու նախատեսված գրքույկների միջոցով մեզ ասում ու հորդորում են. երկաթուղին սիրով, նրա մոտ 2800 աշխատակիցները անմնացորդ հոգում են ողջ ազգաբնակչության կարիքները, հարկ է, որ բնակչությունն էլ նրան վերաբերվի նույն հոգատարությամբ: Երբեք չպետք է չմոռանալ, որ երկաթուղային տրանսպորտի գործունեության միջավայրը բարձր վտանգավորության գոտի է, դժբախտ դեպքերից խուսափելու համար հարկավոր է խստորեն պահպանել երկաթուղու ծառայություններից օգտվելու անվտանգության բոլոր կանոնները:
Երբեք չի կարելի մոռանալ, որ մեր երկիրը, որի երկաթուղու շահագործվող հատվածը կազմում է 656կմ, շրջափակման պատճառով արտաքին աշխարհի հետ հզոր կապ ունի միայն վրացական երկաթուղով. մեր բեռները ստանում ենք, իսկ առաքվողները հասցնում ենք մինչեւ Սեւ ծովի վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ , որտեղից էլ լաստանավերով կամ նավերով տեղափոխվում են այլ երկրներ:
Ավարտելով, Ռաֆիկ Սեխլեյանը հարկ համարեց շեշտել՝ այսօր երկաթուղում աշխատում է 2800մարդ, ամեն ամիս նրանք ժամանակին ստանում են իրենց աշխատավարձերը /միջինը՝ 250հազար դրամ/: Անցած 14 տարիներին ռուսական կառավարության հատկացրած ներդրումների շնորհիվ հսկայածավալ աշխատանքներ են կատարվել Հայաստանի երկաթուղու արդիականացման համար, որն այսօր անխափան եւ անվտանգ ապահովում է բեռնատար եւ մարդատար փոխադրումները մեր հանրապետությունում, եւ հետո էլ պատրաստ են ծառայելու մեր երկրի տնտեսության զարգացմանն ապագայում: