ՀՀ-ն պարտավոր է չվերցնել իր ձեռքը խոթած «ղազագիրը»
ՀՀ-ն կարող է նոր առճակատման մեջ ներքաշվել։ ՌԴ-ի հետ եւ էներգետիկ ոլորտում։ Բանն այն է, որ Եվրասիայի եւ Եվրոպայի համար ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում եւ եվրասիական այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը՝ ամրապնդելու այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Չինաստանից:
ԱՄՆ-ի, նաեւ եվրոպական կողմից այս կարգ հայտարարությունները նորություն չեն։ Դրանք հնչել են նաեւ 2000-ականներին, երբ ՀՀ-ին համոզում էին փակել հայկական ատոմակայանը եւ զարկ տալ այլընտրանքային էներգետիկային։ Այդ ժամանակահատվածում ՀՀ-ն, սակայն, մնաց իր բարձունքին, այն է՝ այո, պատրաստակամ է զարգացնել վերականգնվող էներգետիկան, բայց ավանդական էներգետիկայից հրաժարվել չի պատրաստվում։ Փորձը ցույց տվեց, որ սկզբունքային լինելու պարագայում ՀՀ-ի հետ, այո՛, հաշվի են նստում միջազգային խաղացողները։ Հետագա տարիները ցույց տվեցին, որ ՀՀ-ի դիրքորոշումը՝ միջուկային էներգետիկան զարգացնելու, ճիշտ էր։ Մանավանդ, որ այդ առումով որեւէ խնդիր չէր տեսել եւ ցայսօր չի տեսնում ոլորտում մասնագիտացած միջազգային կազմակերպությունը՝ ԱԷՄԳ-ն (ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն)։ Միջուկային ոլորտում ՀՀ-ն ավանդաբար համագործակցում է ՌԴ-ի հետ։ Համագործակցությունը բաց եւ թափանցիկ է այլ երկրների հետ եւս։ Հայկական ատոմակայանի 2-րգ էներգաբլոկի վերագործարկումից հետո (աշխարհում եզակի փորձը (փակումից հետո վերագործարկում) հենց Հայաստանից սկսվեց,-Ա․Մ․) մինչ օրս ոչ մի միջազգային կառույց երբեւէ չի խոսել Հայկական ԱԷԿ-ի վատ աշխատանքի մասին, ինչպես պարբերաբար բարբաջում են թուրքերը։ Թուրքիան, օրինակ, նոր-նոր է ատոմակայան ունենում, այն էլ՝ ՌԴ շնորհիվ, բայց իրավունք է իրեն վերապահում խոսելու ՀԱԷԿ-ի մասին։
Հասկանալի է, որ խնդիրը քաղաքական դաշտում է։ 44-օրյայից հետո Անկարան եւ Բաքուն բացահայտ ասել են, որ թույլ չեն տալու, որ Հայաստանը վերականգնի իր ռազմական եւ քաղաքական ներուժը։ Իսկ այդ ներուժի կարեւորագույն բաղադրիչներից է միջուկային էներգետիկան, որի զարգացումը շատ անհրաժեշտ է եւ՛ քաղաքական ու էներգետիկ դիվանագիտության եւ՛ էներգետիկ անկախության ու անվտանգության տեսանկյունից։ ՀՀ-ն բոլոր գործընթացները, միջազգային մասնագիտացված կառույցների հետ համատեղ, անցավ եւ երկարացրեց գործող միջուկային բլոկի շահագործման ժամկետը։ Եվ երբ արդեն քննարկում էին նոր բլոկ ունենալու հարցը, Արեւմուտքը կրկին հիշեց Հայաստանին։ Բայց որպեսզի հին ձեռագրը չկրկնի, չասաց, թե՝ ՀՀ-ին միջուկային էներգետիկա պետք չէ, ասաց՝ պետք է, բայց մոդուլային։
Մեր երկրի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում նշվում է, որ «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի՝ 2026թ․ հետո շահագործման ժամկետի երկարաձգումը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը՝ հիմնական նպատակը։ Ատոմակայանի առկայությունն էներգահամակարգում թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները, չմեծացնել ներկրվող բնական գազից կախվածությունը, ինչպես նաեւ արտանետումների ծավալը»։
Դեռ մինչ ռազմավարության ընդունումն ասել էինք, որ մասնագետները վստահ են, որ մեր էներգաբլոկը կարող է աշխատել 2026թ․ հետո էլ՝ մինչեւ 2036թ․-ն։ Ռեակտորի թրծումից հետո մեր եւ միջազգային մասնագետները դա հաստատեցին։ Եվ գործող էներգաբլոկի ժամկետի երկարաձգման առումով որեւէ երկիր ու մասնագիտական կառույց խնդիր չտեսավ։ Ժամանակն էր մտածելու նոր էներգաբլոկ կառուցելու մասին։ Ռուսաստանյան մասնագիտացված կառույցների հետ քննարկվեց 1000-1200 ՄՎտ-անոց բլոկ ունենալու հարցը։ Դարձյալ խնդիր չտեսան ո՛չ մեր եւ ո՛չ արտերկրի մասնագետները, հատկապես՝ ոչ էլ ԱԷՄԳ-ն։
Բայց վրա հասավ Արեւմուտքը։ Այն Արեւմուտքը, որն ինքը էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից, մեզ փորձում է իբր հանել այդ կախվածությունից։ Այն Արեւմուտքը, որ ինքը ի՛ր իսկ էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից նվազեցնելու համար ադրբեջանական կողմից գազ ստանալու դիմաց վաճառեց իր հոգին եւ իրականում անտեսեց Արցախն ու Արցախում ապրող հայությանը՝ Ադրբեջանին համարելով իր վստահելի բարեկամը։ Այն Ադրբեջանին, որ արգելված միջոցի դիմեց 44-օրյայի ժամանակ՝ սպիտակ ֆոսֆոր թափելով Արցախում կռվող հայորդիների վրա։ Այն Ադրբեջանին, որ ռազմական հանցագործությունների դիմեց, դա չթաքցրեց էլ, եւ սոցմեդիաներում հպարտացավ դրանով։ Հիմա այս նույն՝ գազի ու նավթի դիմաց հոգին վաճառած Արեւմուտքը մեր ձեռքն ուզում է խոթել մոդուլային ատոմակայան կառուցելու «ղազագիրը»։ Այսինքն՝ գազի ու նավթի դիմաց Ադրբեջանի առաջ կանգնեցնել է ուզում էներգետիկ դիվանագիտությունից ու անկախությունից զուրկ Հայաստանի։
Կարեւոր մի դիտարկում․ տեխնիկական առումով, հետեւելով մեր եւ արտերկրի մասնագետների, միջազգային մասնագիտացված կառույցների գնահատականներին, այո, մենք նոր ԱԷԿ ունենալու խնդիր չունենք․ եւ՛ հզոր դպրոց ունենք միջուկային ոլորտում, եւ՛ միջազգային համագործակցության հստակ եւ հաջողված ձեւաչափ։ Բայց քաղաքական առումով խնդիր կա ու այդ խնդիրը, ցավոք, մեզ հրամցնում են հենց ՀՀ-ի օրվա իշխանական քաղաքականությունը վարողները։ Նրանք թելում են Արեւմուտքի ասեղը՝ ընդդեմ ՌԴ-ի։ Ընդգծենք՝ ընդդեմ ՌԴ-ի, բայց ոչ հանուն Հայաստանի։ Այն երաշխիքները, որ ստացել էինք միջազգային հարթակից 2-րդ բլոկի վերագործարկումից հետո, 2018-ից հետո հենց ՀՀ իշխանության հարթակը զբաղեցնողները ի չիք են դարձնում։ 2019 թ. ՀՀ իշխանության եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչների մի քանի հանդիպումներում խոսքն առավելապես եղել է մոդուլային կայանի կառուցման մասին։ Մինչդեռ մոդուլայինները ռեզերվային հարց են լուծում ընդամենը։ Եթե ավելի պարզ, ապա՝ մոդուլայինները փոքր հզորության են ու չեն ապահովի այն աշխարհաքաղաքական, գեոռազմավարական նշանակությունը մեզ համար, ինչ ունի ավանդական հզորությամբ ատոմակայանը։ Ահա պարզ բացատրությունը, որի մասին խոսում են մասնագետները, բայց լռում է ՀՀ-ի «վերնախավը»։
Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում։ Մենք պետք է մտածենք միջին եւ բարձր հզորության միջուկային էներգաբլոկի մասին՝ գեոռազմավարական խնդրի լուծման համար։ Նաեւ՝ տնտեսական (եթե զուտ այդպիսին ընդունենք) այս կարգի հարցերը մենք չենք կարող դիտարկել զուտ տնտեսական պրիզմայով։ Տնտեսական հարցերը մենք անպայման պետք է քննարկենք անվտանգային տիրույթում։ Եվ հարկ է, որ տնտեսական խնդիրները բավարարեն անվտանգային, պաշտպանական պահանջները։ Բացատրությունը շատ պարզ է եւ հստակ՝ դիտարկելով տարածաշրջանային ծավալումները եւ մեզ թշնամի երկրների հայատյաց նկրտումները։
ՀՀ-ին անհրաժեշտ է բարձր հզորության միջուկային կայան, ոչ թե մոդուլային։ Գործող բլոկի հզորությունը 440 ՄՎտ է։ Մոդուլայինները լինում են 10 ՄՎՏ-ից սկսած։ Քանի՞ մոդուլային պիտի կառուցենք գոնե այսօրվա հզորությունն ունենալու համար՝ տա՞սը, քսա՞ն․․․ Միջուկային ոլորտ ենք զարգացնելու՞, թե՞ քարկտիկ խաղալու։ Մասնագետները մտահոգ են, ՀՀ-ի իշխանական դաշտը զբաղեցնողները՝ ոչ։ Կարեւորը Թուրքիան է, որ 1200 ՄՎտ-անոց 4 բլոկներ է այս պահին ունենում ՌԴ-ի շնորհիվ։
Եթե ՀՀ-ն տուրք տա Արեւմուտքի դիրքորոշմանը՝ ՀՀ-ում մոդուլային ԱԷԿ կառուցելու, ապա դա, մեղմ ասած, սխալ որոշում կլինի ոչ միայն քաղաքական ու էներգետիկ տեսանկյունից, այլեւ՝ զուտ տնտեսական հաշվարկների։ Որովհետեւ մի քանի մոդուլային կայաններ ունենալը ավել թանկ է արժենում վերջնահաշվարկում, քան մեկ հզոր բլոկ ունենալը։ ՀՀ-ի օրվա քաղաքական օրակարգը թույլ է շատ (սա էլ շատ մեղմ ասած), որովհետեւ աշխատում է ոչ թե հանուն ՀՀ-ի շահերի, այլ՝ ընդդեմ այս կամ այն կողմի։ Իրականում՝ թուրքական ջրաղացին ջուր լցնելով։