Մեր վարքն ու բարքը
Տուրիզմի երկիր ենք դառնում
Լավ գիտենք, որ մեր գողտրիկ Հայաստան աշխարհը տուրիզմի զարգացած երկիր դառնալ է երազում: Հաճախակի կլսես՝ «Մենք տուրիզմի երկի՜ր ենք դառնում»: Դե, եթե արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ առաջընթացի համար էլի կարեւոր զարգացած, զարգացող բնագավառներ չունենք, /առաջիկայում չի էլ երեւում, թե կունենանք/ որ գլուխներս պահենք,հույսներս պիտի գոնե խեղճ տուրիզմի վրա պահենք: Իհարկե, եթե լավ պահենք, ուրեմն տուրիզմն էլ կպահենք: Բայց հարցն էլ այդ է՝ պահու՞մ ենք տուրիզմը, զարգացնու՞մ ենք, ամեն հնարավոր բան անու՞մ ենք, որ կարողանանք տուրիզմի միջոցով էլ մեր գլուխները պահել: Գրեթե լացս գալիս է այն բանի համար, որ պիտի ասեմ՝ ոչ, ոչ և դարձյալ ոչ...Մենք տուրիզմը պարծենալով ենք առաջ մղում, դրա համար էլ առաջ չի մղվում: Ճոռոմ խոսելը ճոխ գործեր չեն: Մենք ճոխ, անկրկնելի ծրագրեր ենք կազմում, բայց չգիտես ինչու՝ հապաղում ենք իրագործել: Այնքան լավ ծրագրեր ենք կազմել և դրանց կազմման վրա դրսից եկած գրանտներով այնքան շատ ու պանծալի ծրագրեր ենք կազմել, որ այդ գումարները եթե մի գետակի մեջ լցնեինք, գետակը կծովանար, հանգստի հիանալի անկյուն կծառայեր: Որքան մտածում եմ, այսօր Հայաստան աշխարհը կարող է միայն տուրիզմի մի տեսակ զարգացնել եւ շշմեցուցիչ արդյունքներ գրանցել: Տուրիզմի այդ տեսակը աշխարհում հրապարակավ կոչվում է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄ: Ահա ինչ տեսակն է մեզ հաջողվել զարգացնել մինչեւ այժմ: Յուրաքանչյուր ոք տնից դուրս գա թե չէ՝ կբախվի սքանչելագույն օրինակների: Ահա, ես դուրս եմ գալիս կանաչների մեջ թաղված սքանչելի Լոռռւ մայրաքաղաք Վանաձոր: Բերվող օրինակները մի մարզի մի քաղաքից են: Համոզվեք, որ այն ընդհանրական է տուրիզմի երկիր դառնալ երազող մեր ամբողջ երկրի համար: Բայց թույլ տվեք նախ ներկայացնել տուրիզմի այդ տեսակի մասին հրապարակավ գոյություն ունեցող ոշոշ մանրամասներ:
Այսպես, ուրեմն, ջրային, օդային, ցամաքային, լեռնային եւ տուրիզմի տարաբնույթ տեսակների մեջ աշխարհում առաջնությունը խլել, մոդայիկ-տիրապետող է դարձել էկզոտիկ, ակտիվ ու ագրեսիվ մի նոր զբոսաշրջաձեւ՝ էքստրեմալը: Դրա սիրահարները հավաստում են, որ սիրահարների մոտ նույնիսկ այնքան ադրենալին չի գոյանում անհաս ու անհույս սիրո փնտրտուքում, որքան էքստրեմալի դեպքում: Մարդու հոգում, մարմնում եւ մկաններում այնքան է ակումուլացվում էն կենսաշիթ ադրենալինը, որ եթե բախտդ բերի ու գործողությունների շղթայում կյանքդ չընդհատվի, մինչեւ կյանքիդ վերջին օրերն այն կբավականացնի: Ավելցուկն էլ բաժին կհանես ընկեր-բարեկամներիդ, լավդ ցանկացող մնացյալներին:
Վիքիպեդիայում գրված է՝ էքստրեմալ տուրիզմի սիրահարները լավ գիտեն, որ ամեն նոր փորձ կարող է վատ վերջաբան ունենալ: Այնուամենայնիվ, ադրենալինոտվելու ցանկությունը, որ ավելի բուռն է, անդիմադրելի, նրանց մղում է խելահեղ նետվել վտանգների գիրկը, մահվան երախից կորզել սարսափազդու զգացողություններ, որ մինչ այդ իզուր թափառում էին օդում, ջրում եւ ցամաքում:Իրենց գիտակ համարողները վստահ են՝ Հայաստանն աներեւակայելի մեծ հնարավորություններ ունի այդ տիպի տուրիզմի զարգացման ուղղությունում: ԱՄՆ Նացիոնալ Գեոգրաֆիկ ընկերությունն է պարզել,որ մենք ՝ մեր ունեցած հնարավորություններով, երրորդն ենք աշխարհի այդ գծով զարգացած երկրների շարքում: Հաջորդ պահին ասես մոռանալով՝ նոր տեղեկություն է հրամցնում էդ Գեոգրաֆիկ կոչեցյալը, իբր՝ Հայաստանում էքստրեմալ տուրիզմը նոր-նոր է զարգանում: Լսեք մի անգամ էլ ՝նոր-նոր է զարգանում: Համա թե գլխացավ կգցեն, հա՜: Հայերեն խոսքով կասկածենք՝ մտքի սահմանափակություն եւ աչքի կուրություն՝ միաժամանակ: Ռուսերեն՝ կակո՜յ չու՜շ: Այլ լեզուներով՝ աբսուրդ: Արի ու տես, որ այդ չուշը, աբսուրդը հաստատում են նաեւ մերոնք՝ էքստրիմի առաջամարտիկ, էքստրիմի մեջ ոտքով-գլխով թաղված-թաթախված մեր հայրենակիցները: Մի՞թե հատուկ ակնոցներ է հարկավոր տեսնելու, որ հարգապատվարժան էքստրիմն իր ողջ ծավալով ծանրակշիռ ու հաստատուն տեղ է գրավել մեր փոքրիկ երկրում, հարաճուն զարգացել ու զարգանում է բազում տարիներ ի վեր: Համենայն դեպս, վերջին 30-32տարիներին՝տիեզերական արագությամբ: Վագրային թռիչքներով: Եւ շարունակում է անվեհեր թռիչքը: Անմիտ բան է, որ մենք ինքներս ենք հեղինակում նման անհեթեթ հակագովազդ: Չի կարելի, բարեկամներս: Անմտություն ու ապատեղեկատվություն է նման քարոզները: Ի՜նչ դայվինգ, սերֆինգ, վինդսերֆինգ, ռաֆթինգ, ալպինիզմ ու սնոուբորդինգ, բեյս ջամփինգ եւ սքայսերֆինգ, ջունգլիներում արշավ ու քարանձարշավ,ջայլո տուրիզմ ու տիեզերարշավ, այլ-այլ բաներ՝ հիշատակված զիզի-պիզի արշավների շղթայում, երբ այս ամենը համատեղ մի պճեղն էլ չարժեն մեր երկրում մոգոնած էքստրիմների ահասարսուռ հնարքների շղթայում: Ահա ինչու ես հույս ունեմ, որ մի օր կարթնանաք եւ աշխարհի առջեւ կկանգնենք/ թեեւ այժմ էլ կանգնած ենք/ մեր ներուժի ողջ հասակով: Որովհետեւ մեր երեւակայության թռիչքին սահան չկա, որովհետեւ ազգովին ենք լծված-մխրճված աշխարհ ցնցող էքստրիմ զարգացումներում: Որովհետեւ աշխարհի ժողովուրդները տուրիզմում են /զբոսարշավում են/ այլ երկրներ՝ տեսնելու, ճանաչելու համար, մենք էստեղ, մենք՝ մեր երկրում, ապրում ենք որպես իսկական տուրիստներ, ապրում միայն տուրիստի հոգեբանությամբ: Էքստրիմի մեր ունեցած տեսակն ուրի՜շ է, ուրիշ: Այն նորահայտ է, նորաոճ է, զարմանալի-զարմանահրաշ է, եւ նման բան աշխարհը չի տեսնի շատուշատ դարեր:Այն էքստրիմի հայ տեսակն է, հայկական տարբերակը, միով բանիվ, ավելի լավ է հիմնավոր անուն դնենք ու կոչենք՝ ՀԱՅ-ԷՔՍՏՐԻՄ:
Հայ-էքստրիմը վայելելու համար բոլորովին էլ հարկ չկա չարչարվել ընկնելու ինչ որ կիլիմանջարոներ ու էլբրուսներ, մեռած կանյոններ, օձառատ ավազուտներ ու անմարդաբնակ վայրեր, մութ կածաններ ու գարշահոտ ճահիճներ: Ընդամենը հարկավոր է այցելել Էքստրիմի երկիր Հայաստան, տեղավորվել ցանկացած քաղաքի, գյուղի որեւէ հյուրանոցում, հանգրվանում եւ սպասել: Ու էքստրիմների հեղեղ ձեր գլխին կթափվի հաջորդող րոպեներին իսկ: Հենց հյուրանոցում: Թե բախտդ բերեց բաղնիքում ցնցուղը տեղից պոկվեց, իսկ որ կպոկվի՝ հաշվիր գրպանումդ է, ուղիղ հենց գլխամիջումդ կիջնի այնպիսի թափով, որ կցնցվես առաջին ցնցող էքստրիմից: Քո բախտը չբերի՝ ընկերոջդ բախտը կբերի: Պակասը կլրացնի տաք ջրի պակասը: Ավելի ճիշտ՝ բացակայությունը: Էլ ինչու ես փափագում հեռավոր լեռնային գետի սառնորակ ջրերում թաթախվել, երբ առանց ավելորդ ճիգուջանքի հենց տեղում եւեթ տղմոտ, սառնաշունչ ջրերի տենչալի գգվանքի մեջ ես հայտնվում ակնթարթորեն: Իսկ եթե ցանկացար մեծ կամ փոքր կարիքներդ բավարարելու համար բախել զուգարանի դուռը… Ու թե բացվեց: Թե բացվեց ու միանգամից չխեղդվեցիր թունավոր հոտից, ուրեմն փառահեղ, անմոռանալի մի էքստրիմ էլ ապրեցիր քո կարճատեւ, անցողիկ կյանքում: Ամեն դեպքում, մի երանելի էքստրիմ էլ կապրես գլուխ բարձրացնող անտանելի ցավից՝ դատարկվելու հոգսով եւ դատարկվելու տեղ փնտրելով: Վերջապես կգտնե՜ս: Դու էլ մեզ նման հնարամիտ կդառնա՜ս: Մենք շենքերում դեռ պահպանվող հիշատակներ՝ վերելակներ, ունենք: Խնդրեմ: Դուռը բախիր: Թե բացվեց… Թե որ ճոպանները չկտրվեն ու դու մեկեն անդունդի հատակում չհայտնվես, ուրեմն բախտդ այս անգամ հաստատ չբերեց: Դա կլինի միակ անգամը: Մնացած բոլոր դեպքերում բախտդ կբերի, եթե անգամ դու էքստրիմի ման չգաս: Էստեղերանք էքստրիմը ամենքին է գտնում ու ընդառաջ վազում: Պա՞րզ է, իմ էքստրիմասեր անծանոթ բարեկամ: Համարձակ փողոց ելիր, հենց թեկուզ Շների գզվռտոցի /այս անվան փողոցներ ցանկացած ոստանում կան/ լայնահուն պողոտա քաղաքի կենտրոնում: Բնակավայրում դեռ ծառ ու թփեր կան,քոլապատ բակեր կան, մի քոլ գտիր, տակը մտիր: Շտապիր, քանի շները վրա չեն տվել: Կամ, ինչո՞ւ շտապել: Գուցե մի քած շան քո քիթմռութը դուր չգա ու սկսի կաղկանձելով հաչել,կանչել թաղի շներին, որոնք համարձակություն կառնեն /ո՜նց թե մեր քրոջը նեղացնում ա՜/ ու կհարձակվե՜ն… Դե, շուտ, քեզ փրկիր, թե որ կարող ես: Արկած էիր ուզում՝ մեզ մոտ շներն անգամ կմատուցեն: Իսկ դու գուցե մարդկանց մատուցած էքստրի՞մն ես ուզում: Խնդրեմ,համբերիր մի փոքր էլ: Դեռ մի քիչ հմայվիր քաղաքի, գյուղի ճարտարապետական կոթողներով, նման կառույցներ քո օրում տեսած չես լինի: Ոչինչ, որ առաջին պահ դու հաստատ գլուխ չես հանի, բայց համառորեն նախ ակնդիտիր, հետո վերլուծություններ ու եզրահանգումներ կանես երբ քո երկիրը հասնես: Եթե հասնես…: Փողոցներում շարվեշարան, իրար կողքի, իրար գլխի, իրար կպած, իրար հրող, արհամարհող խանութ տնակներ, խանութ-քողտիկներ, անմիտ ու անհասկանալի կառուցներ կտեսնես անգույն, գունավոր , չզանազանվող գույների, թիթեղե, փայտե, կիսաքարե ու կիսակրաքարե, տանիքով, անտանիք,կառուցված, կիսակառույց: Արանք արա, մի քիչ էլ կեղտոտվիր, զգույշ անցիր, նոր կառույցներին քսմսվելով անցիր, ոչինչ, եթե մի կիսակառույցից մի թիթեղ, կամ տանիքն ամբողջությամբ կարոտակեզ գլխիդ ընկավ, կամ պատը վրադ փլվեց, հերն անիծած՝ կդիմանաս, դրա համար չե՞ս եկել: Անհարթություններում, ջրափոսերում թեքումեք արա ու փիքր արա, թե էս շինարար ազգը, բաց երկնքի տակ կոթողների թանգարան ստեղծած ազգը, առանց բուքմեյքերական գրասենյակների օգնության էս ինչ աներեւակայելի բարձունքների է հասցրել էդ խեղճուկրակ ճարտարապետություն կոչվածը, իմպրեսիոնիզմի ու կուբիզմի, այլ իզմերի ինչպիսի համախումբ է ներարկել պարզագույն շինարարությանը: Տես, հա, մեկ էլ քողտիկ-տնակների լաբիրինթոսում, դա կլինի փողոցի մեջտեղ, թե մայթի նմանվող ինչ որ տեղ , նշանակություն չունի, կհանդիպես անցորդների ճանապարհը փակած մի խումբ դարդիման ջահելների՝ թրաշով, անթրաշ, ձեռքներին գարեջուր, դնչներին ծխախոտ, գրպաններում՝ ներարկիչ, չորացած ձուկ ու արեւածաղկի սերմ չրթոտելիս: Չվրիպես, պահը ձեռքիցդ բաց չթողնես: Ասենք՝ էս ի՞նչ եմ ասում: Դու վրիպես՝ իրենք վրիպողը չեն: Ու արեւածաղկի կլեպների, ձկան փշերի, ծխի շիթերի մեջ թե որ քեզ չթաղեն, մեկ է՝ գարեջրի դատարկ շիշը գլխիդ կես տեղում կփշրեն: Հետո՝ քեզ ոտքերի տակ կառնեն ու քյուֆթա կսարքեն: Էքստրիմ է, բարեկամս, եկել ես, ՝ստանում ես , դիմացիր: Դա դեռ վերջը չէ, անելիք էլի ունես: Այդքանից հետո երբ հասնում ես քո երկիր/եթե հասնում ես/, երդվիր, որ մեր երկրի փորձը քո երկրում գովազդելու ու տարածելու ես: Բայց մինչ արյունաներկման պատմական իրադարձությունը, քո հետ մի հրաշալի անակնկալ էլ կարող է պատահել, որը մտքիդ ծայրով չի անցնի: Այսպես, ուրեմն, գնում ես մեր մայթ կոչվող տարածքներով: Զգույշ եղար՝ էքստրիմ չի կպչի: Բաց թող քեզ,շնչիր ազատ, ու մեր սահադաշտ մայթերը, կապտամանուշակագույն սառցաշերտերով պատված, քեզ իրենց գիրկը սիրով կառնեն: Մեզանում վաղուց մայթերը հենց էքստրիմի համար գոյություն ունեն, ձյունից չեն մաքրվում: Ծանր ենք տանում, որ մի օր էլ գարուն կգա, արեւ կանի, մեր սառցադաշտերը կսրբի-կտանի: Սառույցը ձեզ սիրով գրկախառնվեց, ընկաք, կոտրեցիք քիթը, երկու ող, երեք ատամ,կես երկիկամ: Հասցրին հիվանդանոց: Դա չի նշանակում, թե հիվանդանոցում էլ քեզ գրկաբաց կընդունեն, ինչպես սառույցն ընդունեց: Դու դրամ չունես: Չմոռանանք՝ քո դրամապանակը մեր բաշարող տղերքը ճամպրուկների հետ վաղուց են «տեղավորել»: Բժիշկները մոտ չեն գա՝ մինչեւ «չմուծվես»: Մեզանում որեւէ բժշկի հենց միայն տեսնելու համար հարկ է մուծվել: Ոչինչ, եղբայրս, էքստրիմ էիր ուզում: Խնդրեմ, ստացար: Կդիմանաս ցավերին: Ասենք, դրանք ցավեր էլ չեն Քո նման արի էքստրիմի սիրահարի համար, ընդամենը՝ խտղտոցներ: Մեր բժիշկները սկզբում միայն մի բանով կօգնեն քեզ անհապաղ՝ որ երկրում էլ որ լինեն քո բարեկամները, նրանց կտեղեկացնեն բարի պատահարի մասին: Բարեկամներդ կժամանեն, կմուծվեն, ու նոր միայն մեր հարեհաս բուժանձնակազմերն անհապաղ հրատապ օգնություն կցուցաբերեն հրապարակայնորեն: Քանի փող ունես, կմնաս հիվանդանոցում, վերջացավ՝ դուրս կգրեն հիվանդանոցից: Մի դադարեցրու զբոսանքներդ: Այցելիր թեկուզ մեր գետափեր, արհեստական լճակներ, զբոսայգիներ,քաղաքամերձ անտառներ: Ամենուր՝ Ձեզ ընդառաջ կգա Ձեր երազանքը: Մի մարդառատ տեղ հաստաբուն ծառն են սղոցում՝ դուքան-խանութ կառուցելու տեղ բացելու համար: Բախտդ բերեց՝ գլխիդ կընկնի: Գետերում, տես, հզոր տրակտորով հունն են մաքրում: Ոչինչ չի հաջողվում. Տարբեր մակնիշների ավտոմեքենաների կմախքները, հին հեռուստացույցները, կենցաղային զանազան իրեր, լի ու դատարկ շշեր, զանազան աղբուաղտեղություններ խցանել են ջրի անխափան հոսքը: Իսկ մղանը /դե՝ տրակտորն է/ անզոր է, գործն առաջ չի տանում: Ու մինչ դու կհասցնես գետի մեջ հավերժ խրված իրերից լիարժեք պատկերացում կազմել մեր ժողովրդի հինունոր կենցաղի մասին, եթե բախտդ բերեց տեղատարափ կտեղա, հեղեղ կբարձրանա, գետերը հունը կփոխեն՝ փողոցներով կհոսեն, ու… Թե տղամարդ ես՝փրկվիր: Այլապես հարեւան երկրում՝ Վրաստանում կհայտնվես: Լոռու գետերը Վրաստան են հոսում: Իսկ հարեւան երկում մեր էքստրիմը չկա՜: Մերն ուրի՜շ է: Կկարոտես՝ ետ արի: Գալուդ պատվին արեւ կելնի: Ու դու կծանոթանաս էքստրիմի՝ միայն մեր երկրում տեղ գտած ու զարգացող մի նոր տեսակին՝ հոգեբանական էքստրիմին: Ամենուր մեքենաներից ոռնացող ազդանշանները ականջներդ կծակեն, կայծակնահար կանեն, ոտքդ մի փոքր առաջ գցեցիր՝ չեն ալարի, մեքենաներից կիջնեն ու գոնե հայհոյանքների տարափով խելքդ գլուխդ կբերեն, խաղասեղաններից նարդու զարեր կթռչեն վրադ, թե բախտդ բերեց՝ մի շքեղ նարդի կջախջախի որեւէ տեղդ, ագռավները վերից կկռկռան, ու էլի թե բախտդ բերեց՝ մի մեծ ոսկոր կգցեն գլխիդ, թե չբերեց՝ ընկույզը կա ու կա, կծանոթանաս գետնատարած առեւտրի հետ, գնումներ կանես ու, խնդրեմ էքստրիմը, բախտդ բերում է՝ ցեխի, աղբուաղտեղության մեջ վաճառվող ապրանքը անվտանգ չի լինում: Տեսնո՞ւմ ես, էստեղ մենք ոնց ենք առանց լրացուցիչ ծախսերի քաղաք կեղտոտում, ագռավ, շունուկատու, կրծողներ աճեցնում: Քայլիր մեր երեք լճերում: Երկուսը գրեթե մեռած են, կիսաշնչում են իրենց հավեսին հանդարտ հոսող գլխավոր կոյուղու կեղտաջրերով, երրորդն էլ հոգին ավանդելու վրա է. կառուցման օրից չի մաքրվել, ճահճանում է: Ճահիճները օծանելիք չեն բուրում: Մահասփյուռ է նրանց գարշահոտը, պակասն էլ լրացնում են զանազան տիպի կրծողները, արյունածուծ, թունավոր, թռչող միջատները: Ամենուր՝ բակերում ու պուրակներում, տնամերձ այգիներում, գետափերին ու կրպակների հարեւանությամբ կրակներ են ծխարձակում: Վառում ենք ինչ ձեռքներս է ընկնում՝ տերեւ ու թուղթ, աղբուաղտեղություն, ցելոֆան, շշեր, հին հագուստեղեն, կոշիկներ, ամեն-ամեն ինչ,ինչ վառվում է, ինչ չի վառվում: Վառում ենք, ծուխ արտադրում ու ջիգյարով շնչում: Ասա, դեռ քայլել, ծուխումուխը շնչե՞լ ես ուզում, թե՞ ՝ փախչել-փրկվել: Թե հասցնես փախչել ու մաքուր օդ շնչել ուզես՝ մի տեղ հուշեմ, գնա՝ կուշտուկուռ շնչիր, հանգստացիր: Ձեզ սպասարկող տուրիստական ընկերությունից մի վրան խնդրիր ու մոտիկ մի լանջի վրա այն խփիր: Մի մտահոգվիր, թե աստղազարդ գիշերին ինչպես ես աստղերի շարժն ուսումնասիրելու: Մեկ է, եթե վրանը ծակ էլ չունենա, աստղերի ուսումնասիրությամբ զբաղվելու հնարավորությունից դու չես զրկվի, իմ ազնիվ բարեկամ: Առավոտյան կնկատես, որ ոչ միայն վրանի անցքը չկա, այլ վրանն ինքը չկա: Տարել են, հնարավորությունը լիուլի տվել են, որ Դու, մինչեւ լիարժեք եզրակացությունների հանգելը, աստղերի հեքիաթային շարժն ուսումնասիրես:
Էլի՞ էքստրիմ: Ախր անհատնելի է: Երբեմն շուչդ կկտրվի, կթվա՝ էս է՝ սիրտդ կանգ է առնում, ուզում ես օգնությու՜ն կանչել, հուսալով, որ որեւէ քաղաքացի, ոստիկանից-բանից, կշտապեն հայկական էքստրիմից փրկելու: Գոնե ժամանակավորապես: Իզու՜ր, մի սպասիր, օգնության քեզ ոչ ոք չի հասնի: Մենք հենց նրա համար ենք միայն ճգնում, որ ամեն սիրողի էքստրիմոտվելու հնարավորություն ընձեռնենք, այլ ոչ թե էքստրիմի փայփայանքից ազատենք:
Ավելի լավ է՝ Դուք համեցեք ու Դուք հայտնաբերեք Ձեր ուզած էքստրիմը, որ մեզանում ամենուր է ու բազմաբղետ,բազմաշե՜րտ, կարեւորը՝ ամենակնթարթյա: Այնքան, որ մեր գերզգայուն բանաստեղծը՝ Արեւի երկիր գովերգող Պոետը, եթե կենդանի լիներ, մի երգ էլ Էքստրիմի երկիր Հայաստան աշխարհին կձոներ: Էնպես որ՝ էքստրիմի սիրահարներ, չարժե տիեզերական էքստրիմի համար 20մլն դոլար ծախսել, կամ ժայռամագլցում, կիրճագնացություն անել: Հայերիս համար նման ծախսեր, նյութատեխնիկական բազա հարկավոր չեն, ավելորդ միջոցներ չունենք, որ շռայլենք: Մենք ազգովի ունենք համատեղ աշխատելու միասնական կարեւոր ոլորտ, միասնական ջանք ու միասնական համառություն՝ ազգովի էքստրեմալն ենք զարգացնում: Խնդրում ենք, հասեք մեր երկիր /միայն հասեք, եթե ետ գնալու մասին չեք մտահոգվի/ եւ էքստրիմի քարաբաղնիսներն ստացեք անսահմանափակ քանակով: Գլխավորը՝ ան-վըճ-ա՜ր: