Աղետ երկաթուղում
Հացահատիկն էլ ամբողջովին անվնաս մնաց
Հունիսի 6-ի երեկոյան ուշ ժամի հեղեղումների հետևանքով Հարավ-Կովկասյան երկաթուղու Ալավերդի-Հաղպատ գծահատվածում տարերային աղետի ենթարկվեց բեռնատար մի գնացքակազմ, որն իր բոլոր 18 բեռնավագոններով մեզ համար հաց էր տեղափոխում մեր երկիր: Անընդհատ անձրևների հետևանքով հեղեղատարում հեղեղաջրերի քանակն այնքան է ավելացել, որ ջուրը դուրս է եկել երկաթգծերի անվտանգությունն ապահովող ջրահեռացման կամրջից և բերուկներով՝ ծառութուփ, ավազ, գլաքարեր, թափվել-անանցանելի է դարձրել գնացքների երթևեկությունը: Հենց այդ պատճառով էլ հիշյալ գնացքը թաղվել-մնացել է գծերում գոյացած տիղմի մեջ: Երկաթուղային 40-50տարիների ստաժ ունեցող աշխատակիցների հավաստմամբ՝ նման աղետ իրենք չեն հիշում, որ պատահած լինի հատկապես այդ հատվածում: Աղետի հետևանքները վերացնելու, վերականգնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր է ժամանել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը: Երկաթուղայիններին օգնության ձեռք են մեկնել ԱԻ նախարարության, նաև Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Հատուկ տեխնիկայով նույն գիշեր աղետի վայրից դուրս հանվեցին երկու էլեկտրաքարշերը, ապա, հերթականությամբ, անցել են վագոնների դուրսբերմանը: Փրկարարա-վերականգնողական աշխատանքները շարունակվեցին նաև մյուս ամբողջ օրը:
Բոլորին կհետաքրքրի հացահատիկի վիճակը: Այդ մասին ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական, Պատվավոր երկաթուղային Ռաֆիկ Սեխլեյանը հստակ պատասխանեց՝ հացահատիկն ամբողջովին անվնաս է:

