Գինին միայն արտադրական գործընթաց չէ, այլ՝ ֆենոմեն ու պատմություն
Վերջին շաբաթում արդեն երկու անգամ ռուսական տարբեր հեռուսաալիքներով ադրբեջանական գինին է գովերգվում։ Արյունը խփում է գլխիս՝ թուրքն ու գինի՞ն, գինին դարերի ավանդույթ ունի, 105 տարվա թյուրքական ընկեցիկը քանի՞ ագամ է խաղող մշակել։ Զանգում եմ Մոսկվայիս ծանոթին, ասում է՝ հա, խանութներում լիքն է, էժան, բարձրակարգ գինի չէ, հարբեցողների ուրախությունն է։ Իսկ հայկակա՞նը, -հարցնում եմ։ Հայկականը ծավալ չի կարողանում ապահովել, ունեւորներն էլ ֆրանսիականին, իտալականին են գնում,-պատասխանում է։ Հետո թե՝ ընկերս, հանգստացիր, գինու շուկան քաղաքականացված է, ՌԴ-ն հիմա թուրքի հետ լավ է, էստեղից էլ՝ հետեւանքը։
Հիշու՞մ եք, երբ Ագարակի հնձաններում եւ Արենիի քարանձավներում հայտնագործություններ եղան։ Ապացուցվեց, որ Հայկական լեռնաշխարհը գինու ծիսական կենտրոն են համարել հարեւանները, որոնք հազարավոր կիլոմետրեր անցել են, որ Հայաստան հասնեն եւ ծեսեր մատուցեն գինու, խաղողի աստվածներին: Ագարակի եւ Արենիի հայտնագործությունները մի տեսակ նաեւ խամրեցրին հունա-հռոմեական դիցաբանություններում գինու աստվածներ Դիոնիսոսի եւ Բաքոսի կերպարները։ Որովհետեւ մեր պատմությունն ավելի հնի ապացույցն էր։ Սա հայկականի ու հայկական գինու ֆենոմենն է։
Որեւէ ապրանք արտադրող ի՞նչ է անում։ Փնտրում է, գտնում մի պատմություն կամ հնարում այդ պատմությունը՝ ապրանքանիշ ստեղծելու համար։ Մենք ոչ հնարելու կարիք ունենք, ոչ գովազդի։ Պատմությունը կա, փաստագրված է, ընդամենը պետք է մատուցել հայկական ֆենոմենի «դրույթը»։ Տարբեր երկրներ պատմության էջերում փաստեր են փնտրում, շուկայավարման ձեւեր ու ուղիներ մտածում, գովազդ ստեղծում, իսկ մենք ունենք այնպիսի զորեղ փաստեր, որոնց ճիշտ մատուցումը միայն մեր գինեգործության ոլորտում շատ բան կփոխի: Կջախջախի նույնիսկ այն քաղաքականություն կոչվածը, որ «ադրբեջանական գինի» է հորինում։ Հա, հենց հորինում, որովհետեւ գինին միայն խաղողից ոգելիցի ստացման պրոցես չէ։ Գինին ավանդույթ է, լեգենդ, պատմություն, իրականություն, ծեսեր, արտադրական գործընթացների զարգացում եւն։ Տարիներ են եղել, որ որոշակիորեն մարկետինգային ուսումնասիրություններ ենք արել, շուկաներում հայտնվել, թիրախային նոր շուկաների հետ կապված ծրագրեր սկսել։ Մեր օրերում․․․ մեր օրերից խոսել ոչ թե չենք ուզում, այլ չենք էլ կարող, որովհետեւ ոչինչ չի արվում։ Ոչի՛նչ։ Նույնիսկ հողագործները խաղողի այգիները քանդում են․․․ Մի բան արվեր, «ադրբեջանական գինի» հասկացություն ընդհանրապես չէր լինի։
Ֆրանսիան, Իսպանիան ու Իտալիան համաշխարհային շուկայում հայտնի են իրենց գինիներով: Բայցեւ՝ գինու քարտեզը փոխվել է. այստեղ են հայտնվել Ավստրալիան, Չիլին, Հարավային Աֆրիկան նույնիսկ, Վրաստանը … Հիմա կան գինու, այսպես ասած, «հին աշխարհի» ու «նոր աշխարհի» քարտեզներ։ Ի դեպ, ունենք որակյալ գինիներ եւ ունենք տարբեր շուկաներում։ Բայց որպեսզի գործի հայկական գինու ֆենոմենը, միայն մասնավոր տնտեսվարողի ջանքերը բավարար չեն։ Պետք է երեւա պետության ձեռքը։ Այստեղ կարող ենք չշարունակել՝ հասկանալի պատճառով։
Եթե անտեղյակության կամ չարակամության պատճառով հարց կծագի, թե պետությունն ի՜նչ կապ ունի, շուկայական հարաբերություններ են, որոշ օրինակներ բերենք։ Ավստրալիան ինչպե՞ս հայտնվեց գինու «նոր աշխարհի» քարտեզում։ Պետական կառույց այստեղ ստեղծվեց՝ «Ավստրալիական գինիների արտահանում»: Խորհրդի 7 անդամն էլ նշանակվեց պետության կողմից, եւ եւս 8 անդամ էլ նշանակվեց ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Այս կառույցը ստուգում էր արտահանվող գինու որակը: Ընդ որում, ստուգում էր յուրաքանչյուր խմբաքանակ եւ արտահանման լիցենզիա տալիս, առանց որի գինի չի կարող արտահանել եւ ոչ մի գործարար: Այլ կերպ՝ ավստրալիական գինի համտեսողը գիտեր, որ գործ ունի պետության հետ, որակը երաշխավորված է: Կամ՝ ինչպես քարտեզում հայտնվեց Չիլին։ «Չիլիի գինիներն», ի տարբերություն, ավստրալիականի, պետական չէր, անկախ էր, բայց գինի արտադրողների գերակշիռ մասն այստեղ էր։
2000-ականների սկզբին, երբ Հայաստանը սկսեց զարկ տակ խաղողագործությանը, հաջորդող տարիներին զուգահեռ մշակվեցին (գերմանական եւ նիդերլանդական կողմերի հետ համագործակցությամբ) մարկետինգային ռազմավարություններ, որոնցում ներառվեցին մանրամասներ մինչեւ անգամ շշին ու խցանին, տեխնիկական կանոնակարգերին, հավաստագրերին, առանձին՝ ԳՕՍՏ-ին վերաբերող։ Ուսումնասիրվել էր տարբեր շուկաներում հայտնվելուն անհրաժեշտ փաստաթղթերը՝ ռուսականից սկսած, չինականով շարունակած մինչեւ Եվրոպա։ Քննարկվեցին մուտքի հնարավորությունները, օրինակ, լեհական շուկա, որտեղ Չիլին էր ոտատեղ արել։ Այդ տարիներին մենք այլ հնարավորություն էլ ունեինք, ընդգրկված էինք GSP+ համակարգում, իսկ հիմա՝ ոչ․․․
Ինչեւէ, գինու աշխարհում պինդ ու մշտական տեղ ունենալու համար հարկ է, որ սկսած քաղաքականությունը շարունակվի։ Որ ամեն հաջորդը չասի՝ նախկինի արածը լավը չէր, ես նորը կանեմ։ Այո, լավը չլինելու պարագայում կարելի է նոր ձեռարկներ անել, բայց անել, շարունակել, ոչ թե քնացնել։ Խոսքը գինու շուկայում քաղաքականությունը ճիշտ տանելու մասին է: Մեր պարագայում ավելի ստույգ՝ տանուլ չտալու մասին է: Գինու շուկան էլ քաղաքականություն է, հետեւաբար՝ խաղացողների անազնիվ քայլերը չեն բացառվում: Մենք մեր գինու քաղաքականությունը պիտի մշակենք՝ պատմական, մշակութային, տնտեսական շերտերով հանդերձ՝ հաշվի առնելով նաեւ մեր դրկիցների մտադրությունները: Մի օրինակ մեջբերեմ. երբ տարիներ առաջ հարիսան ճանաչվեց թուրքական ուտեստ, մենք մեղադրեցինք յուրացնողին եւ այդ յուրացնողի սուտը գրանցողին: Մինչդեռ նախ ինքներս մեզ պիտի մեղադրեինք՝ մեր վատ աշխատանքի համար:
Գանք գինու աշխարհին (սիրում եմ հաճախ մեջբերել այս փաստը). շատ գիտնականներ իրենց հիմնարար հետազոտություններում ապացուցել են, որ Հայաստանն է խաղողի բնօրրանն ու գինու ծիսական կենտրոնը, որ Հայկական լեռնաշխարհից է խաղողագործությունն ու գինեգործությունը տարածվել: Սա փաստ է: Ու եթե այս ամենը մենք չենք կարողանում ներկայացնել, ուրեմն վատ ենք աշխատում մենք, այլ ոչ թե դրկիցները… Այսպես, 2013թ. հունվարի 4-ին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը ցուցադրել էր մի ռեպորտաժ, որտեղ հայկական գինեկարասը համարել է վրացական մշակույթի երեւույթ: Ռեպորտաժում նշվել էր (այս մասին ժամանակին «Լուսանցք» շաբաթաթերթն ահազանգեց,-Ա․Մ․ ), թե Վրաստանն է կարասի հայրենիքը, Վրաստանն է կավե անոթներում գինի պահելու մշակույթի վայրը եւ կարասի գործնական կիրառումն արդեն Վրաստանի բացառիկ իրավունքն է, եւ որ այս ամենը գիտական ապացուցման կարիք չունի: Ընդ որում, այդ ռեպորտաժում շեշտվել էր նաեւ, որ գինեկարասը, որպես ապրանքային առեւտրանիշ, պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ-ում, ուստի մեծ անոթը պատկերելը կամ անունը կիրառելը ոչ մի ընկերություն, առանց վրացական կողմի թույլտվության, չի կարող անել: Այս ամենն ասում են ու օրինակ են բերում Կախեթիան եւ այստեղից հայտնաբերված կարասի կտորները:
Եվ սա այն դեպքում, երբ արդեն Հայաստանում հայտնաբերվել էր աշխարհի ամենահին գինու հնձանը, եւ այդ մասին 2011թ․ նաեւ միջազգային զլմ-ները լայնորեն լուսաբանել էին։
Քննարկել, թե ինչու Վրաստանն այդպես արեց, անիմաստ զբաղմունք է (նույնը՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, նաեւ ոչ դրկիցները): Սխալը մերն է, քանզի միջազգային մշակութային հարթակներում չենք խոսում Կարմիր բլուրից հայտնաբերված կարասների մասին, գիտական ապացույցներ (օտարերկրյա գիտնակաների) չենք ներկայացնում այն մասին, որ ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել, եւ գինու, օղու եւ գարեջրի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում՝ արդեն Մերձավոր արեւելքի հնագիտական տվյալների համաձայն: Լեզվաբանորեն չենք քննում կարաս բառը, չենք ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Կախեթիան՝ ինքնըստինքյան ի ցույց դնելով, թե ինչու է այս տարածքից հայտնաբերված ամեն ինչ հայկական հետքով: Եվ ի վերջո չենք ասում, որ Հայկական լեռնաշխարհից Հին Եգիպտոս, Բաբելոն եւ այլ երկրներ գինի, մեղր, գարեջուր, պանիր արտահանվել է կարասներով: Մնում է հավելել ՀՀ-ում հայտնաբերված աշխարհում ամենահին գինու հնձանի փաստը եւ ասել, որ լավ է, որ գիտնականները միայն հայեր չէին: Էլի կարող ենք փաստեր բերել: Դրանք բազմաթիվ են:
Մնում է, որ գինու միջազգային շուկայում պահատեղ ունենալ ցանկացող մեր երկիրը միջազգային չափանիշներին համապատասխանի ոչ միայն տնտեսական, որակական, համային, գնային սեգմենտներում, այլեւ՝ քաղաքական հարթակում: Առանց մեկը մյուսի հաջողություն չենք արձանագրի:
Գանք սկզբին․ այն, որ այսօր ռուսական հեռոստաալիքներով խոսվում է ադրբեջանական իբր գինու մասին (իբր, որովհետեւ բացատրեցինք, գինին միայն արտադրական պրոցես չէ, այլ պատմություն ու ավանդույթ է) եւ չի խոսվում հայկականի մասին, դա ոչ միայն ռուս-ադրբեջանական դաշնակցության, այլեւ՝ մեր վատ աշխատանքի հետեւանք է։ Հայկական գինին համաշխարհային ու ազգային արժեք է, բայց, ցավոք, ապրում ենք մի իրականությունում, երբ ազգային արժեքները ծաղրվում են։ Երբ այնքա՜ն պաշտպանական խնդիրներ ունենք, որ չենք էլ հասցնում այլ բանի մասին մտածել։ Բայց արձանագրում ենք այս փաստը՝ հաջորդ իշխանությունների գործունեությանը գինու ոլորտում ճիշտ ուղղություն տալու համար։ Մնում է, որ հաջորդները ազգային լինեն։
Լուսանկարում աշխարհի ամենահին գինեգործարանն է, որ գտնվում է Հայաստանում․ այսպես է մակագրել National geographic-ը