Չի՛ կարելի բոլոր ծակերը Սեւանով փակել

Սեւանա լճի խնդիրներին 25 տարի անդրադառնում եմ։ Տեսել եմ շատ վատ վիճակում գտնվող Սեւանը, երբ, օրինակ, լճի մակարդակն այնքան էր իջել, որ նույնիսկ պոմպակայանի խողովակն էր ջրից դուրս մնացել (Գեղարքունիքի մարզ, Ծովինար գյուղի հատված)։ 2000-ականներին 4-5 տարի շարունակ տեսել եմ լճի մակարդակի բարձրացումը՝ ամեն տարի նշված նույն կետից դիտարկում անելով։ Հետո նորից հակառակ գործընթացը՝ իջեցում։ Մակարդակի անկում չեմ ասում, որովհետեւ դա բնական անկում չէ․ լճի մակարդակն իջնում է, եւ իջեցնողները Սեւանի կառավարման համար պատասխանատու մարմիններն են։
Պատասխանատու մարմինները միայն մի բանի համար են կարծես պատասխանատու՝ լճի վիճակի ավելի վատթարացման։ Լճի ջրի որակը վատանում է՝ դրանց հոգսը չէ, մակարդակն իջնում է՝ դրանց պետքը չէ, խմելու ջրի մեր շտեմարանը ճահիճի է վերածվում՝ դրանց ցավը չէ։ Եթե ոռոգման սեզոնին ջուր է պետք՝ Սեւանը կա ու կա, հո դատարկ գլխներին զոռ չեն տալու ու այլ լուծումներ փնտրեն։
Անկեղծ լինելու համար ասենք՝ Սեւանա լճի կառավարումը մշտապես եւ մեծամասամբ շատ վատ է արվել։
Հայաստանի օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը նախատեսում է էապես ավելացնել ջրառը Սեւանից։ Այս տարի ջրառը պետք է լիներ 170 մլն խմ, հիմա որոշել են հասցնել 240 մլն խմ-ի։ Պատճառն, իհարկե, գտել են՝ 1․ եղանակային անբարենպաստ պայմաններ, թեեւ սեզոնին կարծես անձրեւի պակաս չկար, 2․ ջրամբարները լցված չեն։ Իհարկե չի քննարկվի լցվելու, բայց ջրակորստի տարբերակը։ Որովհետեւ եթե քննարկվի, պիտի արդեն խոսեն ջրամբարների չվերանորոգվելու պատճառների եւ այլ խնդիրների մասին։
Պատասխանատուների համար գտնվել է հեշտ բացատրությունը, այն է՝ ջրառը շուտ է սկսվել՝ մայիսի 14-ին, այն դեպքում, երբ նախորդ տարի հունիսին էր սկսվել։ Բայց այս համապատկերում, անշուշտ չեն խոսի այն մասին, որ փոխարենը ցանքատարածությունները չեն ավելացել։ Պատասխանատուների համար բոլոր դեպքերում «փրկիչ» տարբերակ կա՝ «կլիմայական պայմաններ»։ Բայց իրենց նեղություն չեն տա, որ հասկանան, թե կառավարիչը հենց նրա համար է, որ գործի արտակարգ պայմաններում։ Որովհետեւ հասկանալու համար պետք է գիտելիք, Սեւանա լճի արժեքի գիտակցում, այդ արժեքը փրկելու պարտականության գիտակցում ու կամք-փորձ։ Սրանցից ոչ մեկը չունեն՝ ո՛չ գիտելիքը, ո՛չ ցանկությունը, ո՛չ կամքը։
Ի դեպ, հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին» կառավարության որոշման քննարկումն էր։ Սեւանից հավելյալ 70 մլն ջրառին հանձնաժողովը հավանություն չի տվել։
Հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը հստակ շեշտադրել է․ «Մենք կարող է անդառնալի փոփոխություններ ունենանք Սեւանում։ Մենք պետք է միասին ճանապարհներ գտնենք, որ Սեւանի հոգսը թեթեւացնենք, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք։ Եթե մենք կարողանանք վերացնել կորուստների կեսը, կկարողանանք փակել ջրի դեֆիցիտը։ Այս տարի երկու անգամ ավելի շատ է ջուր բաց թողնվել Սեւան-Հրազդան ջրատարով, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Այսօրվա դրությամբ Արփա-Սեւան թունելով երկու անգամ ավելի պակաս ջուր է մուտք եղել Սեւանա լիճ, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում»։
Ըստ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, հանձնաժողովի անդամները արծարծել են Արարատյան դաշտում շահագործվող ձկնաբուծարանների հարցը, որոնք մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ են օգտագործում։ Հանձնաժողովի անդամ, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը նշել է, որ ջրբացթողումների հետեւանքով Սեւանա լճի մակարդակը շարունակելու է իջնել․ «2021թ․, երբ Սեւանա լճից բաց թողնվեց 250 միլիոն խմ ջուր, լճի մակարդակը իջավ եւ շարունակեց մնալ բացասական։ Ես հաշվարկ եմ արել, որ առնվազն 90 միլիոն խմ-ից ավելի չպետք է բաց թողնել Սեւանից, որպեսզի մակարդակը սկսի բարձրանալ։ Եթե 170 միլիոն խմ բաց ենք թողնում, արդեն բացասական մակարդակ է գրանցվելու, 70 միլիոն խմ էլ որ բաց թողնվի, արդեն շատ կիջնի լճի մակարդակը»։
Այսօր «ՀՀ թերթ»-ի հետ զրույցում ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը չթաքցրեց զայրույթը․ «Արդեն ծաղկել է սկսել Սեւանա լիճը։ Որպեսզի խուսափենք անդառնալի հետեւանքներից, պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները լճի վրա»։
«Արդեն անընդհատ, տարիներով նույն բանը կրկնել չեմ կարողանում,-շարունակեց հանձնաժողովի նախագահը,- մեր Սեւանա լիճը բոլոր տարիների վատ կառավարման զոհն է։ Մենք իրավունք չունենք խնդիրները լճի հաշվին լուծելու։ Պետք է ոչ թե ծակեր փակել Սեւանով, այլ ջրերի կառավարում անել, օրինակ՝ ձկնաբուծարանները ահագին ջուր են վերցնում։ Պետության համար ձկնաբուծարաննե՞րն են կարեւոր, թե՞ Սեւանա լիճը, որպես ազգային արժեք»։
Այստեղ մեր զրույցը դադար է առնում՝ հավանաբար, որովհետեւ երկուսս էլ գիտեինք ցավալի իրական պատասխանը։
Լուսանկարը՝ հեղինակի