Image

Սեւանա լիճ․ վիշապների դեմն առնելու մի ձեւ կա՝ վիշապաքաղությունը

Հուլիսի 13-ին Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հարցին անդրադառնալով՝ «ՀՀ թերթը» գրել էր, որ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հավանություն չի տվել ՝ անդառնալի հետեւանքներից խուսափելու համար։

Հանձնաժողովի մասնագիտական կարծիքը հաշվի չի առնվել, եւ ԱԺ-ի «մասնագետները» որոշել են «խմել» լճի ջուրը։

Հիմա հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝  ցույց տալով այն բոլոր վտանգները, որ կարող է լինել լրացուցիչ ջրառի հետեւանքով։

 

Հարկ է բացառել հավելյալ ջրառները

Հանձնաժողովի հայտարարության կարեւորությունը հաշվի առնելով՝ այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

«ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով ստեղծված անկախ եւ մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմին է։ Հանձնաժողովն իրականացնում է Սեւանա լճի մասին համալիր եւ տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաեւ դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական եւ ամփոփիչ փորձաքննություններ եւ տալիս է եզրակացություններ։

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սեւանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչեւ 70 միլիոն խմ ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչեւ 240 միլիոն խմ։

Օրինագիծը Հանձնաժողով կարծիքի է ուղարկվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այլ ոչ նախապես։ Հանձնաժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նիստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ՝ քննարկելու օրինագիծը։ Հանձնաժողովը նշել է, որ Ջրային կոմիտեի ներկայացրած տվյալները ճշգրտման կարիք ունեն։ Ջրային կոմիտեն հաշվարկել էր տարվա կտրվածքով 521 միլիոն խմ ջրապահանջ, սակայն  Հանձնաժողովը հաշվարկել է, որ ջրապահանջը կազմում է 390 միլիոն խմ եւ Սեւանա լճից հավելյալ ջրառի կարիք չկա։ Բացի այդ, Ջրային կոմիտեն ոռոգման ենթակա տարածքները մի դեպքում ներկայացրել է 31,3 հազար հա, մյուս դեպքում՝ 30,4 հազար հա։ Տարբերությունը մոտ 1000 հա է։ Ջրային կոմիտեի հաշվարկով՝ յուրաքանչյուր հեկտարի համար օգտագործվում է 16,6 խմ ջուր, ստացվում է ընդհանուր շուրջ 16 միլիոն խմ ջուր։ Հողատարածքի տվյալները ճշգրիտ չլինելու պարագայում 16 միլիոն խմ լրացուցիչ ջուր ապարդյուն է դուրս բերվելու լճից, ինչն անընդունելի է։

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սեւանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է․ «Հաշվի առնելով վերջին տարիներին Սեւանա լճի մակարդակի տարեկան կտրվածքով փոփոխությունների բացասական արժեքները եւ ջրի ինտենսիվ «ծաղկման» գործընթացներով պայմանավորված լճի վատթարացող էկոլոգիական վիճակը՝ Հանձնաժողովն առաջարկում է բացառել լճից օրենքով եւ ՀՀ կառավարության 11.05.2023թ. N704-Ա որոշմամբ 2023թ. համար սահմանված ջրառի՝ 170 մլն խմ չափաքանակի գերազանցումը։ Առաջնորդվելով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումներով՝ ակնհայտ է, որ նույնիսկ 170 մլն խմ ջրառի դեպքում Սեւանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ այս տարվա հուլիս ամսվա հիդրոօդերեւութաբանական պայմաններն ըստ կանխատեսումների առավել նպաստավոր են 2022 թվականի համեմատ»:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունն ԱԺ նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Չնայած Հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սեւանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը՝ առանց հրավիրելու Հանձնաժողովի նախագահին Ազգային ժողով, չլսելով մասնագիտական փաստարկները, այդպիսով խախտելով «Սեւանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը։ Մեզ համար խիստ մտահոգիչ է այս գործելաոճը։

Սեւանի մակարդակի տատանումները հանգեցնում են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։ Լճի մակարդակի նվազման դեպքում տեղի է ունենում լճի հատակային շերտերի եւ մակերեւութային շերտերի ջրերի միախառնում։ Օրգանական նյութը, որ տարիներ շարունակ կուտակվել է հատակային նստվածքներում, պարարտ հող է ստեղծում, որպեսզի սննդային շղթայի առաջնային օղակ ֆիտոպլանկտոնը բուռն զարգացում ապրի եւ «ծաղկումների հանգեցնի»։ Այս տարի Սեւանում արդեն սկսվել է «ծաղկումը»։ Լճում ընթանում են էվտրաֆիկացման գործընթացներ։ Դա իր ազդեցությունը կունենա ինչպես լճի կենսառեսուրսների վրա, այնպես էլ ափամերձ բնակավայրերի սոցիալական վիճակի վրա։

Երկրում սակավաջրություն հայտարարելու դեպքում պետք է հաշվի առնել, որ Սեւանա լճի համար եւս սակավաջրություն է։ Սեւանն իր էկոլոգիական վիճակով այլևս չի կարող ջրառաջարկ ապահովել։ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի գաղափարախոսության համաձայն՝ ջրառաջարկն է ձեւավորում ջրապահանջ, սակայն մեզանում հակառակ տրամաբանությունն է գործում։

Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության համար անհրաժեշտ է․

- բացառել հավելյալ ջրառները Սեւանա լճից

- Հանրապետությունում սակավաջրության դեպքում Սեւանա լճից ջրառը՝ ներառյալ Հրազդան գետով ջրի ելքը, սահմանել 90 միլիոն խմ, որպեսզի լիճն ունենա դրական հաշվեկշիռ

- Սեւանա լճից ջրբացթողումը եւ՛ գիշերվա, եւ՛ ցերեկվա ընթացքում կայուն հոսքով (այդ թվում Աղբյուրակի ջրամբարից) իրականացնել՝ նվազեցնելով ջրակորուստները Սեւան-Հրազդան հիդրոհամակարգում

- գնահատել ջրակորուստները եւ միջոցառումներ ձեռնարկել ապօրինի ջրօգտագործումը բացառելու, ջրակորուստները նվազեցնելու ուղղությամբ

- պահպանել գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահանջի նորմաները

- կրճատել ջրի գերնորմատիվային կորուստները, մշակել խրախուսման մեխանիզմներ, ջրախնայողական տեխնոլոգիաներ հողատեսքին համարժեք մշակաբույսեր աճեցնող հողագործների համար

- ոռոգումը կազմակերպել գիշերային ժամերին

- վերանորոգել ջրամբարները, մաքրել ջրամբարները տիղմից, ջրաբերուկներից, կառուցել նոր ջրամբարներ՝ թեթեւացնելու Սեւանա լճի բեռը

- ներդնել ջրառի բաշխման հաշվառման համակարգ

- կառուցել Սեւանա լճի ավազանում կենսաբանական մաքրման կայաններ, որոնք կլուծեն ափամերձ բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրը

- ստեղծել ՀՀ վարչապետին կից Սեւանա լճի հիմնախնդիրների կառավարման հանձնաժողով, որը կզբաղվի Սեւանա լճի խնդիրների լուծմամբ»։

 

Փաստորեն

Արձանագրենք՝ ըստ էության․

1․ օրվա քաղաքականություը վարող իշխանական կողմը Սեւանա լճի հարցում հաշվի չի առել անկախ եւ մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմնի մասնագիտական տեսակետը,

2․ մասնագիտական հանձնաժողովին ձեւականորեն են ներառել, քանզի հավելյալ ջրառի օրինագիծը հանձնաժողով կարծիքի է ուղարկվել  կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այլ ոչ նախապես,

3․ Սեւանա լճի հարցում որոշում կայացնող՝ իրականում անպատասխանատու մարմինների համար միլիոնավոր խմ-ների ու հա-երի հաշվարկը կապ չունի․ «մի քանի միլիոն ու հեկտար այս ու այն կողմը ի՜նչ կապ ունի, ջու՜ր է էլի» տրամաբանությամբ են առաջնորդվում,

4․ օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը, փաստորեն, հարկ չի համարում լսել մասնագիտական տեսակետը․ դե մասնագետներն ովքե՜ր են որ, իրենք են ամենայնը, կուզեն՝ արեւն արեւմուտքից կծագի,

5․ լճի ծաղկում, էվտրաֆիկացման գործընթացներ, դրա հետեւանքով՝ ափամերձ բնակավայրերի սոցիալական վիճակի վրա ազդեցություն․ իրենց խելքի բանը չէ։ Ասում են՝ գյուղացին ջուր է ուզում, բայց որ Գեղարքունիքի մի ամբողջ մարզի ու հետո երկրի սոցիալական վիճակ է է՛լ ավելի վատանալու, այ դրա մասին մտածելու ժամանակը չունեն,

6․ անհնար է այս անպատասխանատու մարմիններին բացատրել, Սեւանա լիճը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է եւ դարձյալ կարող է մեզ փրկել վերահաս վտանգներից, ինչպես դա արեց 90-ականներին: Սեւանը համազգային նշանակության խնդիր է, բայց այդ խնդրի լուծումը պետությունը պետք է տա իրապես ուժեղ վերահսկողությամբ ու ճշգրիտ քայլերով: Մինչդեռ պետությունը միակ բանը, որ անում է, սխալ գործելաոճն է։ Իսկ սխալ է աշխատում երկու պատճառով՝ 1․ չի հասկանում խնդիրը եւ հասկացողների կարծիքը հաշվի չի առնում եւ 2․ առաջինից ածանցյալ՝ թքած ունի ազգային արժեք համարվող Սեւանա լճի ճակատագրի վրա,

7․ Ինչ-որ լոզունգ են ընտրել, թե երկրում սակավաջրություն է, կարծես Սեւանը նույն երկրում չէ, եւ այդ սակավաջրությունը Սեւանին չի վերաբերում։ Ջրառաջարկ-ջրապահանջարկի շղթային մասին խոսելն անիմաստ է, դա պատասխանատուների համար բարձրագույն մաթեմատիկա է,

8․ գործադիր իշխանության ղեկավարին կից հանձնաժողով ստեղծելն էլ ոչինչ չի տա, որովհետեւ նույն գործադիրն է օրինագիծը հանձնաժողով ուղարկել հավանության արժանանալուց հետո, այլ ոչ նախապես։

 

Իբրեւ վերջաբան

Լճի ջուրը «խմող» վիշապները հազիվ թե հասկանան, որ Սեւանի հերն անիծելով՝ վաղն իրենց հերն է անիծվելու։ Չնայած երկրի մասին չմտածողների եւ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու երազանքն ունեցողների համար Սեւանը՝ ի՞նչ, լիճ է էլի։ Պա՜հ, Սեւանը չլինի, ուրիշ տեղ կթաթախեն իրենց լղպոր մարմինները։

Կամ՝ կհասկանան ու չեն անի։ Հայտարարը նույնն է։ Սեւանա լիճը ազգային արժեք է, իսկ ազգային ամեն ինչ հիմա անտեսված է, տրորված։

Եզրակացություն

Իսկ խնդրի լուծման միակ ուղին՝ վերնագրում։

 

 

Լուսանկարը՝ հեղինակի

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։