Image

Կտեր ուտել-չուտելու որոշումով

Ինչու 2020թ․ նոյեմբերի 9-ով հանձնվեց Քարվաճառը, որտեղ 44-օրյային նույնիսկ թուրքի ոտք չէր մտել, ինչու այդ եռակողմ հայտարարությունում Քարվաճառը միանգամից «Քելբաջար» դարձավ։ Ինչու թշնամին չոքեց Սեւ լճի վրա եւ ինչու «հայկական կողմ» կոչվող օրվա քաղաքականության պատասխանատուները այդպես էլ ոչինչ չարեցին Սեւ լճի տարածքից թշնամուն դուրս շպրտելու համար։ 44-օրյայի ընթացքում մենք բացատրեցինք, որ այդ պատերազմի դրսեւորումներից մեկը նաեւ թշնամու կողմից մեր հանդեպ հիդրոահաբեկչությունն էր։ Իսկ այն, որ «հայկական կողմը» ոչինչ չարեց այդ դրսեւորումները կանխելու համար, մի բան է նշանակում․ ներսի թույլտվությամբ ու թողտվությամբ դրսի թշնամին ամրապնդեց իր դիրքերը մեր երկրի տարածքում։

Գեղարքունիքի մարզում զրուցում եմ մարտունեցիների, վարդենիսցիների հետ․ շատերն են քչացրել իրենց անասունների գլխաքանակը։ Պատճառը՝ խոտ չկա, ձմռանը անասուններին չեն կարող պահել։ Հարցնում եմ՝ բա խոտ ինչի՞ չկա, ասում են՝ «էնա, մեր խոտի աշխարհը տվին-գնաց» (խոտի աշխարհ ասելով Քարվաճառը նկատի ունեն)։ Ինչի տվեցին, բա ով տվեց, պատասխանը բոլորը գիտեն։ Բա ինչու խոտի աշխարհից օգտվողները թույլ տվեցին, որ իրենց աշխարհը տան, սրա պատասխանն էլ հիմնականում մեկն է․ «Ով խաբար էղավ որ»։

Խոստացա գոնե մի փոքր բացատրել նրանց ինչու-ի պատճառը եւ մեղավորի դրդապատճառը։ Բայց ասացի՝ կգրեմ՝ կկարդաք։ «Ասա, ժամանակ չունենք»,-բարկանում էին։ Պատասխանեցի՝ «բոլորիդ ձեռքին հեռախոս կա, էդ ձեր հիմար տիկտոկներից դուրս եկեք ու սովորեք կարդալ, մտածել, հասկանալ, որ վաղը չասեք, թե՝ էս Սեւանա լճի հարցն ինչի էսպես եղավ»։ «Չէ, Սեւանը չեն տա»,-վստահություն ոչ մեկի խոսքում չկար, մանավանդ, որ միմյանց լրացնում էին, թե՝ «էնա, մեր սարերի գլխին թառած են, գլխներիս մի փորձանք չբերեն»․․․

Մի խոսքով երկար խոսեցինք գլխներիս թափվելիք փորձանքը թույլ չտալու, պայքարելու, թշնամու դեմն առնելու եւ այլ թեմաների մասին։ Ինչեւէ, ինչու Քարվաճառը, որ հանձնվեց առանց կրակոցի, պարզապես նվիրվեց թուրքին։ Այս մասին 2021-ին եմ խոսել եւ հնարավոր է կրկնվեմ։

Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկու պետություն՝ արհեստածին ու հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհում ստեղծված Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես ջրային աշխարհաքաղաքականությանը մեծ ուշադրություն են դարձնում: Փաստերն այնքան շատ են ու ակնառու, որ լրացուցիչ ապացուցման կարիք անգամ չկա: Թյուրքական կողմից հրահրվող  պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Բանն այն է, որ թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ երակներին» խորհրդային տարիներին էլ է քայլ առ քայլ տիրացել։ Օրինակ, Քարվաճառի համար նրանց կռիվը դեռ այդ տարիներից էր: Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով ինչպես շեշտադրեցին Քարվաճառի հարցը, հիշում ենք: Ինչո՞ւ: Եթե հակիրճ, ապա՝ որովհետեւ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի ջրային դոնորն էր:

Այս համատեքստում նրանք միշտ աչք են տնկել նաեւ Քաշաթաղի տարածքին: Ադրբեջանը դեռ 1919 թ. արհեստական բուծվելուց հետո անմիջապես անցավ այդ գործին: Արխիվային փաստաթղթերում կան դրանց բարձրաստիճան ղեկավարների անթաքույց հայտարարությունները մեր կապույտ տարածքների հանդեպ:

Կամ՝ Սեւ լիճը։ Այս  լճի խնդիրը կարո՞ղ ենք նաեւ հիդրոահաբեկչության համատեքստում դիտարկել: Միանշանակ՝ այո: Սեւ լիճը ջրային բնական ավազան է Սյունիքի Մեծ Իշխանասար լեռան (3550 մ) հարավարեւելյան լանջին: Անհոսք քաղցրահամ լիճ է։ Մակերեսը մոտ 2 քառ. կմ է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն խմ։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Բացի ոռոգումից՝ քաղցրահամ լիճը նաեւ խմելու ջրի շտեմարան է՝ իհարկե համապատասխան մշակում անցնելուց հետո: Համանուն արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է: Կազմավորվել է 2001 թ.՝ 1987-ին ստեղծված համանուն արգելոցի հիման վրա։ Ունի 240 հա մակերես (Սեւ լիճը (200 հա մակերեսով) եւ առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով)։ Արգելավայրի նպատակն է Սեւ լճի բնական էկոհամակարգի պահպանությունը։ Արգելավայրի կանոնադրությունը հաստատվել է 2002 թ.:

Դեռ երկու տարի առաջ «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասել է, թե «Սեւ լիճ» արգելավայրը ՀՀ բնության հուշարձանների ցանկում է՝ կառավարության համապատասխան՝ 2008 թ. oգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշմամբ հաստատված։ Ի դեպ, ըստ նրա, հուշարձանն ունի 27 անձնագիր՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական հուշարձանների մասին: 2002 թ. կառավարության  որոշմամբ հաստատված՝ «Սեւ լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունում նշվում է, որ արգելավայրի կազմավորման հիմնական նպատակը Սեւ լճի ջրային եւ նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սեւանա լճի իշխան եւ բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումն ապահովելն է:

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները այդ օրերին փաստահավաք աշխատանքներ էին տանում Սյունիքի մարզում` կապված Սեւ լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Սեւ  լճի հարակից տարածքում ՄԻՊ-ը ծանոթացել էր ստեղծված իրավիճակին: Պարզվել էր, որ ադրբեջանական զինված անձինք, «վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սեւ լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Մայիսի 12-ին (2021թ․) նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին»: ՄԻՊ-ը հատուկ արձանագրել էր, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները եւ զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից:

Իսկ եթե ավելի պարզ, ապա՝  իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը։ Որովհետեւ տարբեր բնակավայրեր սնուցվում են Սեւ լճի ջրից։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն Գորիսին, այլեւ Տեղ համայնքին, Խոզնավարին, Խնածախին, Սիսիանին… Ցավոք, հանրության մի հատված դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում եւ ինչ է ուզում թշնամին: Մինչդեռ շատ հստակ պետք է գիտակցի, որ հայրենիքի մի հատվածի՝ Արցախի մեծ մասի կորստով մյուս հատվածն անվտանգ չի դառնալու, եւ, հետեւաբար, խաղաղություն լինել չի կարող: Թշնամին շարունակելու է իր ահաբեկչական քաղաքականությունը բոլոր առումներով՝ կապույտ ու կանաչ տարածքների, ճանապարհների, բարձունքների, ենթակառուցվածքների։ Քանի դեռ…

Քանի դեռ պատրաստ չենք պատերազմի՝ բոլոր դրսեւորումներում՝ զուտ պատերազմի, հոգեբանական, տեղեկատվական նաեւ: Բայց մենք պատերազմի պատրաստվելու փոխարեն թույլ ենք տալիս, որ մեզ սին հույսերով կերակրեն, թե խաղաղություն է լինելու։ Թե աններելիության աստիճանի այնքան հիմար կլինենք, որ կուտը կուտենք, եւ՛ պատերազմ կստանանք, եւ դրանից բխող վատթարագույն հետեւանքները՝ այլեւս հայրենազրկում։ Թե կուտը չկերանք ու պատրաստվեցինք պատերազմի, եւ՛ իրական խաղաղության հույս կլինի, եւ՛ նվազագույն կորուստներով դուրս կգանք սարսափելի այն իրականությունից, որում այսօր ապրում ենք՝ անապագա։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։