Սեւանը ինչպես որ է

Սեւանա լճի խնդիրների մասին շատ ենք գրել՝ ժամանակին անդրադառնալով նույնիսկ այն հարցերին, որոնք մամուլը չէր լուսաբանում։ Այս լիճը մեզ համար ազգային արժեք է, բայց պաշտպանվում ու պահպանվում է այնպես, ինչպես մեր երկրում մնացած բոլոր արժեքները։ Եթե հակիրճ, ապա՝ ո՛չ պաշտպանվում է եւ ո՛չ էլ պահպանվում։
Այսօր չենք խոսի մեր լճի լավագույն ու վատթարագույն տարիների մասին (թվերը եւ պարզաբանումները մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք)։ Բայց մի բան հաստատ է՝ չկա՛ այն ժամանակահատվածը, երբ լճի մակարդակը տարեցտարի բարձրանում էր (2002-ից սկսած էր բարձրանում), եւ ջրառի թվերն էին նվազում (ի դեպ, թվերը կան, եթե, իհարկե, արխիվը հետո չվերանա)։
Իսկ այսօր․․․
Սեւանա լճի մակարդակը օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով եւ կազմել` 1900.46մ (13.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16 սմ-ով․ այս մասին հայտնել են «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Դրան զուգահեռ հավելյալ ջրառ ենք ուզում (հաստատվել է), ջրի որակը վատացել է։ Նաեւ՝ Սեւանա լճի խնդիրները լուծելու համար այդպես էլ համալիր չենք լուծում լճի ավազանի խնդիրները։
Ինչեւէ, այս ամենի մասին խոսել ենք, ուստի այսօր, պարզապես լուսանկարներով, կներակայացնենք Սեւանը ինչպես կա։
Առաջին 2 լուսանկարները խոսում են Սեւանա լճի հանդեպ մեր փնթի վերաբերմունքի մասին։
3-րդ լուսանկարում ալիքը ջրիմուռները բերել փաթաթել է ափին մնացած ծառերի ճյուղերին։
4-րդում լճում տապալված եւ այդպես էլ չհանված ծառերի մնացորդներն են։
5-րդ լուսանկարի ծառը շուտով կտապալվի եւ, դատելով, նախորդ փորձերից, այդպես էլ կքայքայվի ջրում։
Հաջորդիվ՝ 6-րդում արդեն Սեւանի երկկենցաղներից կանաչ դոդոշն ու լճագորտն են։ Կանաչ դոդոշը Հայաստանի Հանրապետությունում տարածված է գրեթե ամենուրեք։ Հիմնականում բազմաքանակ է։
Վերջին՝ 7-րդ լուսանկարում այսօրվա Սեւանն է՝ երկգույն (Ծովինար-Արծվանիստ հատված)։ Մի պահ եռագույն դարձավ՝ փիրուզագույնի ու ափամերձ մոխրագույնի արանքում հայտնվեց մուգ շագանակագույնը։ Բայց դա այնքան կարճ տեւեց, որ մինչու լուսանկարել կպատրաստվեի, անհետացավ։ Երբ ջուրը մտա, տեսա, որ շագանակագունի տեղում ալիքը կանաչն արդեն խամրած ջրիմուռներն էր վեր հանել։
Ապերախտ ենք մենք Սեւանի հանդեպ։ Տարիներ շարունակ հոշոտում ենք՝ փոխարենը միայն լավագույն պահեր ստանալով։ Մոռանում ենք, սակայն, որ կա նաեւ բնության զայրույթի ժամանակը․․․ Ցածր մակարդակով ու ջրի որակի անկումով լիճը դեռ նախազգուշացնում է։
Լուսանկարները՝ հեղինակի