Image

Գեղհովիտում

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի կազմում գտնվող Գեղհովիտ գյուղի տարբեր փողոցներում կառուցվում ու բարեկարգվում  են ոռոգման ջրատարները։ Վերջերս ծննդավայումս էի՝ Գեհովիտում՝ հայրական տանը։ Մեր թաղամասը գտնվում է գյուղի երկարությամբ անցնող Մարտունի գետի ձախակողմյան հարթությունում՝ մեր խոսքով ասած՝ Չայիրներում։ Այստեղ առաջին տունը մոտ 70 տարի առաջ կառուցել է մայրական պապս՝ Գորգի Ալվանդյանը, և մեր թաղամասը ոչ պաշտոնապես կոչվում է Գորգաշեն։ 61 տարի առաջ գյուղի կենտրոնում գտնվող մեր հին տնից տեղափոխվեցինք Գորգաշենի նորակառույց տունը։

Տարիների ընթացքում մեծացավ ու տարածվեց մեր թաղամասը, և բնական է՝ ավելացան խնդիրները՝ կամուրջներ գետի վրա, ճանապարհ, ոռոգման և խմելու ջրատարներ, հոսանքագծեր և այլն։ Ու լավ է՝ արդեն անցած տարվանից քանդվել են ճանապարհները, և սկսվել ու գրեթե ավարտին է հասել խմելու նոր ջրագծերի կառուցումը։ Սակայն դեռևս չի լուծվել ջրի հարցը։ Բնակչության հիմնական մասը կտուրներին արևային տաքացուցիչներ է տեղադրել, ու ջրի քչությունը դրձել է խնդիր։ Այնուամենայնիվ, կա հույս, որ շուտով խմելու ջրամատակարարումը կբարելավվի։ Արդեն տեղադրվել են նաև հաշվիչները՝ ջուրը լինելու է վճարովի։ Նույն ճանապարների եզրով են անցնում նաև ոռոգման ջրատար առուները։ Եվ տարիներ շարունակ առուների ջրերը քանդում էին հողածածկ ճանապարհները։ Իսկ նոր տեղադրված մետաղյա կիսախողովակներով անցնող ջուրն արդեն չի լցվում ճանապարհներին, կորուստը քչանում է։ Այժմ ջրաշինարարներն աշխատում են մեր տան հարևանությամբ։ Ծանոթացա կատարվող աշխատանքներին, զրուցեցի ջրաշինարարների հետ։ Ջրատարի կառուցման մրցույթը շահած «Հայկ և Նորիկ» ՍՊ ընկերության տնօրեն Էդգար Շահինյանը տեղեկացրեց՝ ջրատարների կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ պետական ու համայնքային հատկացումներով։

Պատվիրատուն Մարտունի խոշորացված համայնքապետարանն է։ Աշխատանքներն սկսել են օգոստոսի կեսերից, աշխատել են գյուղի տարբեր թաղամասերում։ Նախատեսած է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջը։ Սակայն, քանի որ այժմ ոռոգման ամենաբարդ շրջանն է, խնդիրներ են առաջանում, և աշխատանքները որոշակի դանդաղ են ընթանում; Ամեն դեպքում կհասցնեն ավարտել։ Տեխնիկայի ու աշխատողների խնդիր չկա․ բանվորական ու մասնագետների մի մասը գյուղի բնակիչներ են։ Սա էլ իր առավելությունն ունի, չնայած սեզոնային, բայց աշխատատեղ է։ 2008 թվականից է գործում իրենց ընկերությունը և իրականացնում է տարբեր շինարարական աշխատանքներ, սակայն հիմնականում մասնագիտացել են ջրատարներ կառուցելու, բարեկարգելու գործում։ Կատարվող աշխատանքներին հետևում էր նաև նախագծող Սամվել Բաղդասարյանը։

2015 թվականից Մարտունի քաղաքում գործող «Սաննախագիծ» ՍՊԸ-ն նախկին՝ 1991 թվականից գործող «Արամ-Վեստ» ընկերության իրավահաջորդն է։ 30 և ավելի տարիների ընթացքում բազում նախագծեր է կատարել՝ ասֆալտապատում, ոռոգման ու խմելու ջրատարներ, եկեղեցիներ, տարբեր շենքեր և այլն։ Ոռոգման ջրատարների նախագծեր են կատարել Մարտունի խոշորացված համայնքի մի քանի գյուղերում՝ Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Լեռնահովիտ, Մադինա։ Անցած և այս տարիներին իրականածրել են նաև ասֆալտապատման ծրագրերի նախագծեր Երանոսում, Վարդաբլուրում, Լիճքում, Ն․ Գետաշենում, Գեղհովիտում։  Ըստ նախագծի՝ ջրատարների կառուցումից հետո, կասֆալտապատվի թաղամասի մոտ 2 կմ ճանապարհը։

Մեր զրույցն ընթացավ ջրատարի փոխանակման բարդ հատվածում։ Այնուամենայնիվ՝ աշխատանքը կատարվեց։ Կարևորը՝ գոհ են թաղի բնակիչները, երբեմն համաձայնվում են թեկոզ որոշ հողատարածք կորցնել, միայն իրակնանա ջրատարի կառուցումը, լայնանա ճանապարհը։ Գեղհովիտով է անցնում Մարտունի-Եղեգնաձոր Մ 10 միջպետական ճանապարհը։ Վերջին տարիներին այս ճանապարհի մի հատվածը քանդվել էր, դարձել դժվարանցանելի։ Անցած և այս տարիների ընթացքում գլխավոր ճանապարհով էլ ջրատարներ անցկացվեցին։ Այժմ սկսվել է ասֆալտապատումը, և հույս կա, որ մոտ օրերս կավարտվեն աշխատանքները։ Գեղհովիտի համայնքապետարանի ֆեսբուքյան էջում կա տեղեկություն իրենց կողմից կատարած աշխատանքների մասին՝ կապված ջրատարների հետ։ Օրինակ՝ «Կատարվել են Լեռնահովիտ բնակավայրի և Գեղհովիտի «Ներքին Քռա», «Ներքին Չայիրներ» կոչվող տարածքների շուրջ 700մ ոռոգման առուների մաքրման աշխատանքներ։ Լավ լուր. Գեղհովիտ բնակավայրի բնակիչների խնդրանքով տեղդրվելու են ընդհանուր 1300մ երկարությամբ («Լայք» սուպերմարկետից մինչև Մարտունու սահման) ամբողջությամբ նոր ոռոգման ջրի երկաթբետոնյա կիսախողովակներ:

Գյուղի վարչական ղեկավարի և բնակիչների անունից հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին»:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։