Որ չհայտնվենք նետտո-ներկրողի դերում
Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան, իսկ այնտեղից՝ Իրան մատակարարելու հնարավորությունը: ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովն է սա հայտարարել։ Նա միաժամանակ հավելել է՝ «հնարավոր է նաեւ այլ երկրներ»։ Ու որպեսզի մատակարարումները Իրան սկսի առանց նոր շինարարության, Թեհրանի եւ Բաքվի հետ Մոսկվան պայմանավորվում է «առկա ենթակառուցվածքներն օգտագործելու շուրջ»։ Փակագծեր Շուլգինովը չի բացել, օրինակ՝ երթուղու մասին, գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չեն գործում էներգետիկ ենթակառուցվածքներ։
Պարզաբանումների համար hhtert.am-ը դիմեց քաղաքագիտության պրոֆեսոր, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանին։ Ի՞նչ է ուզում Մոսկվան, եւ արդյո՞ք Մոսկվայի այս քայլով հարցականի տակ չի դրվի «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը։
Վահե Դավթյանը հստակ ներկայացրեց իրավիճակային ամբողջ պատկերը։ Պրոֆեսորի խոսքերով՝ նախ՝ փաստացիորեն, Մոսկվան ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին առաջ մղվող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքը միակ նախագիծը չէ, որի միջոցով Ռուսաստանը պատրաստ է ինտեգրվել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգերին: Ու դա, թերեւս, վատ չէ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նպատակներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը: Հետո՝ եթե Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ երթուղին կյանքի կոչվի, ապա մեծ հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որով նախատեսվում է փոխադարձ հոսքեր ապահովել Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ:
«Հնարավորինս երկարաձգելով նախագծի մաս կազմող Իրան-Հայաստան երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները՝ Հայաստանի գործող պսեւդո-իշխանությունները փաստացիորեն նախադրյալներ ստեղծեցին տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ համակարգում ադրբեջանական գործոնի արժեւորման համար: Ու դա այն դեպքում, երբ «Հյուսիս-Հարավ»-ի շրջանակներում Հայաստանը, լինելով էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկ ունեցող երկիր, դիտվում էր որպես առանցքային ակտոր: Եթե անգամ Իրան-Հայաստան երրորդ օդային գծի կառուցման աշխատանքներն ավարտին հասցվեն, ապա ստացվում է, որ օգտագործվելու են Ադրբեջանից եկող էլեկտրաէներգիան արտահանելու նպատակով»,-նշեց Վահե Դավթյանը:
Դրանից զատ՝ Մոսկվայի կողմից առաջարկվող լոգիստիկայով էլեկտրաէներգիայի մատակարարումը Իրան նշանակում է, որ Հայաստանը գնալով դուրս է մղվելու իրանական շուկայից: Ընդ որում, ըստ փորձագետի, դուրսմղման գործընթացը արդեն սկսվել է եւ ունի հստակ արտահայտում: Մասնավորապես, 2021 թ. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է մոտ 25 տոկոսով: Միաժամանակ, 26 տոկոսով աճել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան:
Ինչ վերաբերում է Շուլգինովի ասած՝ «առկա ենթակառուցվածքներն օգտագործելուն», ապա՝ Վ․ Դավթյանի բացատրության համաձայն, Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով ռուսական էլեկտրաէներգիան Իրան հասցնելու համար կա երկու ճանապարհ: Առաջինը սվոփն է, որը ուղիղ մատակարարումներ չի ենթադրում: Երկրորդը Արցախի տարածքով Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգետիկ կապի հաստատումն է: «Եթե դիտարկենք հարցը Շուլգինովի հայտարարության տրամաբանության ներքո, ապա խոսքը կարող է գնալ Բերձորով անցնող, ինչպես նաեւ Սոթք-Հաթերք էլեկտրահաղորդման գծերի մասին: Երկուսն էլ այս պահին չեն գործում: Այս առումով հարկ է նշել, որ 2022 թ. գարնանը Բաքուն սկսել է էլեկտրահաղորդման գիծ անցկացնել Բերձորի միջանցքից ոչ հեռու՝ Աղավնո գյուղի մոտ»,-նշեց մեր զրուցակիցը:
Ուրեմն՝ ի՞նչ կստացվի, եթե նման սցենարը կյանքի կոչվի։
«Այդ սցենարի կյանքի կոչումը վերջին հաշվով նվազեցնում է Հայաստանի՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկրի կարգավիճակը: Այսպիսի քայլերով հեռու չէ այն օրը, երբ, չնայած ատոմակայանի, հարուստ հիդրոէներգետիկ ռեսուրսների ու արեւային էներգետիկայի զարգացման ներուժի առկայությանը, հայտնվենք նետտո-ներկրողի դերում»,-եզրափակեց փորձագետը:
Մեր երկիրն առանց այդ էլ այլ ոլորտներում էլ (բացառությամբ տնտեսության 1-2 ճյուղի, այն էլ՝ հավասարապես չբաշխված եկամտի ու իրապես արդյունավետ վերջնահաշվարկի) հայտնվել է ներկրողի դերում։ Եթե, զարգացման ներուժով հանդերձ, էներգետիկ ոլորտն էլ հայտնվի, ապա․․․
Ապա իրավիճակը շտկելու գլխավոր մեկ ճանապահ կա, եւ դա հայտնի է․․․