Image

Նա Վրաստանն է, այս էլ՝ Հայաստանը

Օրերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեծ շուքով անցկացվեց Սայաթնովյան Վարդատոն ամենամյա ավանդական տոնակատարությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝մշակութային այդ հրաշալի միջոցառմանը հայերից բացի, ինչպես միշտ,  իրենց մասնակցությունն ունեցան նաեւ վրացիները, տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Վարդատոները միշտ վայելել, այժմ էլ վայելում են Վրաստանի կառավարության մշտական հոգատարությունը: Հոգատարության առարկա են ոչ միայն Վարդատոները:

Լրագրողներից մեկը տոնակատարությանը մասնակցող, Վրաստանում հրատարակվող «Վրաստան» թերթի երկար տարիների գլխավոր խմբագիր  Վան Բայբուրդյանից հետաքրքրվեց՝ շարունակվո՞ւմ  է տպագրվել «Վրաստան» թերթը, ինչպե՞ս են հաղթահարում ֆինանսական եւ այլ կարգի դժվարությունները: Որպես պատասխան հնչել է՝Վրաստանի իշխանությունները հոգատար են նաեւ հայալեզու թերթի նկատմամբ, ֆինանսական որեւէ դժվարություն իրենք չեն  ունեցել, չունեն: Թերթը շարունակվում է հրատարակվել իր ռիթմով:

Կարծում ենք, Վրաստանի իշխանությունները հենց այնպես չեն հովանավորում եւ հոգում թերթի /թերթերի/ հոգսերը: Միանշանակ, համարում են իրենց բարեկամ, օգնական, պետության, ժողովրդի  առջեւ ծառացած խնդիրներին աչալրջորեն հետեւող եւ դրանք ի դերեւ հանող, լուծման ուղիներ մատնանշող եւ պետության կյանքում առանցքային դեր ունեցող անչափ կարեւոր մի օղակ: Էլ ուրիշ ի՞նչ կարելի է ավելացնել ասվածին... Թերեւս՝ոչինչ: Բացի,այն էլ միայն/  ընթերցողի հիշողությունը թարմացնելու նպատակով, ընդամենը մի քանի տող.  այս տարվա հունիսի մեկից  անհասկանալի անմիտ որոշումով դադարեցվեցին հրատարակվել մեր երկրի ՄԱՅՐ թերթերը՝ «Հայաստանի Հանրապետություն» հայալեզու եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու օրաթերթերը: Մեր գործն ընդամենը հիշեցնելն էր, եզրակացությունները թողնում ենք Հայաստանի Հանրապետության բազմաչարչար ժողովրդին, թերթի բազմահազար ընթերցողներին:  

Գագիկ Անտոնյան

Լոռի

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։