Հայաստանը ԵԱՏՄ-ում Իրանի դարպասն է դեպի 200 միլիոնանոց շուկա. Սոբհանի
Իրանի Զանջան նահանգի տնտեսական նիստի ընթացքում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից է։ Այս մասին գրում է infoport.am-ն։
Կարևորելով Զանջան նահանգի հետ տնտեսական հնարավորությունները՝ դեսպանը շեշտել է, որ այս հնարավորությունները կարող են ամրապնդել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։ Նշելով, որ Հայաստանի հետ Իրանի ապրանքաշրջանառության առևտրային արժեքը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի, Սոբհանին ընդգծել է, որ իրենց նպատակն է այդ ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։
Դեսպանը նաև հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությամբ հանդիսանում է Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց շուկա, և վստահեցրել, որ Իրանի ներսում արտադրողներն ուժ և հնարավորություն ունեն իրենց խոսքն ասելու այս շուկայում: