Image

Մի՞թե կա ավելի վեհ գաղափար, քան կյանքեր փրկելու պատրաստակամությունը

Պաշտոնյաները կամավոր արյան դոնորներ դարձան

Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի  մի խումբ պաշտոնյաներ օրերս դարձան արյան դոնորներ:Նրանցից շատերը տարիների փորձառություն ունեն: 

Արյան փոխներարկման կայանում կազմակերպվեց արյունատվության ակցիա, որին մասնակցում էին մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, կամավորներ:

Մարզի ղեկավարը կոչ արեց բոլորին միանալ այս կարևոր նախաձեռնությանը և փրկել կյանքեր. «Մի՞թե կա ավելի վեհ գաղափար, քան կյանքեր փրկելու պատրաստակամությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ամեն րոպե կարող է լինել մեկը, ով ունի հենց իր օգնության կարիքը և հենց ի՛նքը կարող է դառնալ այդ մարդու հույսն ու ապավենը: Այսօր իրականացվող ակցիայի նպատակն է նաև բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկվածությունը: Լոռու մարզպետարանի պաշտոնյաներից շատերը, այդ թվում նաև՝ ես, պարբերաբար կամավոր հիմունքներով մասնակցում ենք այս ակցիային՝ նաև օրինակ ծառայելով հասարակությանը»:

Իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդը: Նա նշեց, որ մարդկանց օգտակար լինելը, կյանքեր փրկելն աստվածահաճո գործ է:

Հայկական կարմիր խաչի ընկերությունն այս տարի ևս ակցիայի կազմակերպման գործընկերն էր: Նրա կամավորները Երևանում և մարզերում, հանրությանն իրազեկել են արյան դոնորության կանոնների և իմունիզացիայի կարևորության մասին, իսկ այդ օրը Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում աջակցեցին գործընթացի կազմակերպմանը:

Արյունատվության բոլոր մասնակիցներն արժանացան սիմվոլիկ նվերների, իսկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի կողմից՝ ներկայացումների հրավիրատոմսերի:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։