Image

Մրցանակակիրները խրախուսվեցին

Վանաձորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ֆրանսերեն լեզվի բազմակողմանի գիտակ ուսուցչուհի Աննա Զուլոյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Ֆրանսերեն լեզվից օլիմպիադայի հանրապետական փուլ անցած իր 5 սաներից  4-ը տուն են վերադարձել մրցանակներով՝  երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներով, երկու գովասանագրերով: Ինչ խոսք, ամենքին  կուրախացնի լուրը, եւ այդ ուրախությունը  կբազմապատկվի, եթե տեղակացնենք նաեւ, որ 2022-2023 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում Լոռու մարզից դիպլոմների և գովասանագրերի են արժանացել 70 աշակերտներ և նրանց ուսուցիչները:

Հիշեցնենք՝ 2023 թ.-ին դպրոցականների առարկայական օլիմպիադաների 1-ին՝ դպրոցական փուլին, Լոռու մարզից մասնակցել է մոտ 10000 սովորող,  2-րդ՝ տարածքային փուլին՝   1274 սովորող: Առարկայական օլիմպիադանների 3-րդ՝ մարզային փուլն իրականացվել է 16 առարկաներից, որին մասնակցել է 576 աշակերտ: Մարզային փուլի արդյունքում 156 աշակերտ (նախորդ տարի՝ 129) իրավունք է ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Այս փուլում, վերջապես, Լոռու մարզն ունեցել է 70 մրցանակակիր (նախորդ տարում` 60):

Այս տարի 1-ին կարգի դիպլոմի է արժանացել 10 (նախորդ տարում` 4), 2-րդ կարգի դիպլոմի՝ 14 (նախորդ տարի` 9), 3-րդ կարգի դիպլոմի՝ 19 (նախորդ տարի` 25), գովասանագրի՝ 27 (նախորդ տարի` 22) աշակերտ: Մրցանակների ընդհանուր հաշվարկով Լոռու մարզը երկրորդն է. զիջում է միայն Երևանին։

 Հաջողությունը բոլորիս  ոգեւորում է, եւ լավ է, որ ոգեւորվելուց հետո մտածում ենք նաեւ արժանվույնս գնահատել հաջողակ, խելացի երեխաների նվաճումները եւ արժանվույնս էլ խրախուսել:

Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում տեղի ունեցավ   մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադանների հանրապետական փուլի մրցանակակիրների և նրանց ուսուցիչների պարգևատրման արարողությունը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրերի արժանացան 2022-2023 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմների և գովասանագրերի արժանացած աշակերտները, իսկ մրցանակակիր սան կրթելու համար՝ նաև նրանց ուսուցիչները:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։