Image

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Լոռիում

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալեց աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպանին  ուղեկցում էին դեսպանատան, «Ռոսհամագործակցություն» կազմակերպության և Երևանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչները:

Մարզպետն ընդգծել է հատկապես հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, որը տարեցտարի ամրագրվում է նորանոր համատեղ ծրագրերով, Վանաձորում գործող Ռուսական կենտրոնի, ռուսական համայնքի հետ՝ նշելով, որ տարվա ընթացքում համատեղ տոնվում են բոլոր կարևոր միջոցառումները՝ մասնավորապես Ռուսական լեզվի օրը՝ Պուշկինի օրը, Դիվանագիտական աշխատողի օրը, Ռուսաստանի օրը և այլն:

-Մեր մարզում են գտնվում մոլոկաններով բնակեցված Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքները, և մենք առանձնահատուկ հոգածություն ենք ցուցաբերում այդ համայնքների նկատմամբ: Լերմոնտովոյում և Ֆիոլետովոյում պետբյուջեի միջոցներով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր,-ասել է Ա. Խաչատրյանը:

-Այն, ինչ դուք նշեցիք, վկայում է, որ մեր երկրները միայն գործընկերային կապերով չեն կապված, այլ դարավոր բարեկամությամբ: Մենք շնորհակալ ենք մարզային իշխանությանը,-ասել է դեսպանը:

Համատեղ զրույցի ընթացքում քննարկվել են գործակցությունն ընդլայնելու, համատեղ մշակութային, մարզական և այլ տարաբնույթ ծրագրեր իրականացնելու հարցեր:

Հյուրերն այցելել են Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղակայված Ռուսական կենտրոն:

Այն բացվել է «Մոսկվայի տան», Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի համագործակցությամբ՝ 3տարի առաջ: Այստեղ հաճախող երեխաները սովորում են ռուսերեն լեզու, գրականություն, պատմություն, ռոբոտաշինություն, մասնակցում ստվերների թատրոնի խմբակին և այլն: Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում հյուրերին դիմավորել են աղ ու հացով, պարով: Ս. Կոպիրկինն իր խոսքում նշել է, որ Պուշկինի անվան դպրոցները Հայաստանի Հանրապետությունում 4-ն են, և դա միտք է հղացրել կազմակերպելու փառատոն նախկին խորհրդային միության կազմում ընդգրկված Պուշկինի անունը կրող դպրոցների միջև: Նա շնորհակալություն է հայտնել թիվ 4 դպրոցում ռուսերենի ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու, տարբեր մրցույթներում հաջողություններ գրանցելու համար:  Վանաձորում նրանք նաև ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հաղթանակի հուշարձանին, ապա այցելել  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան, որի մի սրահում ցուցադրվում են  Շուշիից փրկված գորգերը, որոնք թվագրվում են 18,19-րդ դարերին:

Ծաղիկներ են խոնարհվել նաև Ա.Ս.Պուշկինի հուշարձանին։

Բնակավայրում գտնվող Սուրբ հրաշագործ Նիկոլայի ռուսական եկեղեցի, որը կառուցվել է 1848 թ.: Պատվիրակությունը եղել է նաև Ֆիոլետովո համայնքում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։