Ադրբեջանում ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ՝ ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության
Ադրբեջանում ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ՝ ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության, հայտնում ենբ ադրբեջանական լրատվամիջոցները: Այս որոշումն ընդունվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» միջոցառմանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, ասել էր, որ Ֆրանսիան «շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը» և որ Ադրբեջանը «խիստ մտահոգված է» նեոգաղութատիրության աճող միտումով:
Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտ կղզու նկատմամբ, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովյան համայնքների և տարածքների այլ ժողովուրդների իրավունքները։
«Ֆրանսիայի կառավարման օրոք տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ սպանվել է գրեթե 1,5 միլիոն ալժիրցի։ Ալժիրցի մարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում՝ որպես ռազմավար: Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»,- ասել էր Ալիևը, գրում է tert.am-ը։