«ՄԻԳ» ռադիոկայանի եթերը 25 տարեկան է
Լոռու մարզում օրինական դաշտում ստեղծված և մինչ օրս գործող առաջին ռադիոկայանը`Վանաձորի «ՄԻԳ» FM-ն է, նախկինում՝ «Ինտերկապ», որը 1997թ. հիմնադրել է ճանաչված հեռուստալրագրող Սամվել Հարությունյանը: Ռադիոկայանն առաջին հաղորդումը եթեր է հեռարձակել 1998թ. հուլիսի 30-ին: 2003թ. նոյեմբերի 24-ին Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը հաղթող ճանաչեց «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊԸ-ին, որն էլ եթերում հանդես էր գալիս «Միգ» ռադիոկայան անվանումով:
2017 թվականին «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊԸ մասնակցել է ՀՌՀ-ի անցկացրած մրցույթին և ամենաբարձր ցուցանիշով հաղթող ճանաչվել՝ ստանալով Լոռու մարզում հեռարձակվելու իրավունք: ՄԻԳ մարզային ռադիոն արդեն 25 տարի եթեր է հեռարձակում, սոցիալ-տնտեսական, լրատվական, կրթամշակութային, առողջապահական, բնապահպանական, իրավական և հասարակական հնչեղություն ու հետաքրքրություն ունեցող և այլ սոցիալական զգայուն թեմաներին վերաբերող, ինչպես նաև ժամանցային հաղորդումներ:

«ՄԻԳ» ռադիոկայանը հեռարձակվում է Լոռու մարզում` մասնավորապես Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից մոտ 40 գյուղական համայնքներում եթերային սփռմամբ, ինչպես նաև օն-լայն հարթակում` migfm.am, migblog.info կայքերում՝ 24 ժամյա հեռարձակմամբ:
Իր նախկին և ներկա գործընկերներին, 25 տարվա «եթերային ճանապարհը միասին անցնելու ու հուզվել, տխրելու, ուրախանալու, միասին հաց կիսելու (մեկ մեկ էլ կռվելու/» համար խմբագիր Ռոբերտ Բալայանը ընդամենը մի խոսք է ասել՝ Շնորհակալություն:

