Image

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Ուշացած Վարդավառ» ճամբարը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Ալիք» նախաձեռնության «Ուշացած Վարդավառ» ճամբարը մեկնարկել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ - Երիտասարդների խնդիրները, նրանց կյանքը բարեկեցիկ դարձնելու հարցերը մշտապես պետության ուշադրության ներքո են, և դրան են միտված իրականացվող բազմապիսի ծրագրերը։ Պետական, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների գործակցության շնորհիվ է, որ այսօր մեր երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու ՏՏ ոլորտում նմանօրինակ միջոցառումների։ Եռօրյա այս ճամբարն իր հետքը կթողնի ձեր աշխարհայացքի, նպատակների իրագործման ու ապագայի ընտրության հարցերում,- բացմանը նշեց Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:

Նշվեց, որ «Ուշացած Վարդավառ» խորագիրը կրող միջոցառումների շարքը նոր հնարավորություն է՝ բացահայտելու ՀՀ բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդների ներուժը, հետաքրքրությունները և ստեղծելու ինքնակազմակերպման և ինքնաարտահայտման համար նախատեսված միջավայրեր՝ ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափով, որտեղ երիտասարդները ծանոթանում են ժամանակակից մասնագիտություններին, կիսվում միմյանց հետ գիտելիքներով և փորձով  վեր հանում, համայնքային խնդիրներ՝ առաջարկելով հնարավոր լուծումներ։

Միջոցառման առաջին օրվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերից Վանաձոր ժամանած 400 երիտասարդները ներկայացրել են իրենց համայնքները մարզին բնորոշ կոլորիտով՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերի ճանաչելիությունը և զարկ տալով դրանց համաչափ զարգացմանը։ Ճամբարականները մասնակցեցին մասնագիտական կողմնորոշման, կարողությունների զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի աշխատանքներին, նաև հանդիպումներ ունեցել ստարտափ և տեխնոլոգիական համայնքի փորձագետների հետ, մասնակցեցին  քննարկումներին։

Ճամբարի երկրորդ և երրորդ օրերը շարունակվել են 18-ից բարձր տարիքի երիտասարդների համար նախատեսված կրթական միջոցառումներով, որի ընթացքում երիտասարդները սովորել են՝ ինչպես նախաձեռնել, մշակել նախագծեր և, երիտասարդներին ներգրավելով այդ ծրագրերում, կյանքի կոչել իրենց համայնքներում՝ դրական փոփոխություններ ունենալու համար։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։