Image

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական մաղթանք է կատարվել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) հռչակման օրվա  առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հանդիսապետությամբ Հանրապետական մաղթանքի արարողությանը նաեւ միասնական  աղոթք է հղվել առ Աստված` Արցախի Հանրապետության պետականությունն անսասան պահելու, խաղաղության ու բարօրության   համար։

«Աղոթքի մեջ խնդրեցինք,որ Աստված անսասան պահի մեր պետությունը. սա մեր մեծագույն ցանկությունն ու խնդրանքն է առ Աստված։Թող, Աստված լսի բոլորիս աղոթքները,օրհնություն բերի մեր ժողովրդին՝ այս դժվարին պայմանները   հաղթահարելու համար»,-նշել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Արարողությանը ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, երեք նախագահներ Արայիկ Հարությունյանը,   Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը,  պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Այնուհետեւ միջոցառման մասնակիցները քայլերթով այցելել  են Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք  մատուցել հայրենիքի պաշտպանության համար  զոհված հերոսների հիշատակին։  Կատարվել է նաեւ հոգեհանգստյան կարգ։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։