Image

Խալաթյանի ճստիկ-պստիկ նոր գիրքը՝ «Ճստիկ-պստիկ» խորագրով

-Մայրիկ, ինչքա՞ն սպասեմ,

Մոռացել ես երևի,

Քո համբույրով եմ ժպտում

 Առավոտյան արևին:

Սամվել Խալաթյան, «Առավոտյան Պաչիկ» բանաստեղծությունից

 

Հնագույն լրագրող, հրապարակախոս, երգիծաբան, դրամատուրգ, ավելի քան 40 գրքերի, էլ ավելի շատ՝  դրամատուրգիական ստեղծագործությունների, լոռեցի հեղինակ, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն ի վերջո համարձակվեց ներխուժել...մանուկների համար բանաստեղծությունների ամենադժվարին աշխարհ: Գրեցի «համարձակվեց ներխուժել» միտքը,  նկատի ունենալով նաեւ, որ ստեղծագործողների համար ամենադժվարը մանուկների համար գրելն ու նրանց սրտում մխրճվել-մնալն է: Չէ՞ որ մանուկներին խաբել ոչ մեկին չի հաջողվել ու չի հաջողվի:  Բայց լավ ճանաչելով նրա ստեղծագործական նախընթաց ամբողջ ուղին, հասկացա, որ Սամվել Խալաթյանը նման «անակնկալի» նախապատրաստվել է հենց ստեղծագործական նախընթաց ամբողջ ժամանակում: Իմացողը գիտի՝ Սամվել Խալաթյանը մանուկներին շատ է սիրում, լոռեցու խենթությամբ է սիրում իր հրաշք թոռնիկներին: Նա չէր կարող չգրել նրանց համար: Հենց նրանց միջոցով էլ, երեւի,   «ճշգրտել է», թե որչափով իր գիրը կարողացել է տեղ հասնել, ինչպես է հուզել  նրանց, ապաև, անհրաժեշտ շտկումներից հետո, ճակատը բաց, որպես խաղաղ, ավետաբեր աղավնիներ՝ բաց է թողել մանկական զարմանահրաշ աշխարհ: Հաճույքով կարդացի բոլոր 16բանաստեղծությունները:  Դրանց գեղարվեստական արժեւորման իրենց խոսքը թող ասեն գրաքննադատները: Աչքալույս տալու նպատակով եմ միայն գրիչ վերցրել հայտնելու նոր գրքի ծննդյան մասին ուրախ լուրը և ոչ թե վերլուծություններ անելու և անվերապահ գնահատելու:  Միայն ժողովրդական հայտնի խոսքով համարձակվում եմ ասել ՝ գիրքը թեև պստիկ է՝ միաժամանակ նաեւ ճստիկ է:

«ՎՄՆ-ՊՐԻՆՏ» հրատարակչությունը լույս է ընծայել մի շքեղ, գունավոր նկարազարդ գիրք, որ իր տեսքով եւ բովանդակությամբ, անշուշտ, արժանի կլինի ներկայացնելու գրահրատարակչական ասպարեզի մրցույթների՝ առաջին մրցանակի ակնկալիքով:

Հեղինակի պատմելով՝ նկարազարդումներով մանկական բանաստեղծությունների գիրք տպագրելու միտքը ծնվել է անակնկալ, երբ մի առիթով  Վանաձորի Վազգեն Ա Կաթողիկոսի անվան դպրոցում հյուրընկալվել է երրորդ դասարանցիներին: Նրան հիացրել է երեխաների ուշիմությունն ու բանիմացությունը, նաև՝ նկարչական աշխատանքները: Հասկացել է, որ նրանք շատ հասու են, անպայման կընկալեն իր մտքերն ու հույզերը, որոնք անեղծ հոգիներին նվիրելու էր պատրաստվում ինքը: Նկարների ընտրությունը կատարվել է հիշյալ դպրոցի, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի «Տուն» և Ստեփանավանի սոցիալ-կրթական կենտրոնների սաների, Երևանի և Վանաձորի այլ դպրոցների երեխաների նկարներից: Դրանք բոլորն էլ տեղադրված են գունավոր վերատպությամբ:

Կարևոր մի փաստ էլ չանտեսենք: Ոչ մի գիրք առանց ֆինանսական միջոցների լույս տեսել չի կարող: Կասկածել պետք չէ՝ գրեթե գրելու չափ կարևոր է այդ խնդրի լուծումը բոլոր հեղինակների համար: Խալաթյանի մոտ այդ հարցի լուծումն  էլ հարթ ընթացավ, քանի որ մտահղացմանը տեղեկացավ  խոհեմ ու եռանդաշատ մի անձնավորություն. գիրքը տպագրվեց Գուգարաց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հոգածությամբ: Նաև՝ գրավոր օրհնությամբ:

« Այս գիրքը ստեղծվել է գրողի եւ մանուկների համագործակցությամբ, և դա գոհունակություն է ոչ միայն ինձ, այլև ծնողների և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են մանուկներին, նպաստում նրանց ճիշտ, քրիստոնեական դաստիարակությանը»: Փակագծերոմ մեջբերվածը Գերաշնորհ Առաջնորդի օրհնության խոսքից մի հատված է:       

Գագիկ Անտոնյան

Լոռի

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։