Image

Գործարար խրատանի

* «Նախքան եկամուտ ստանալը նախ պետք է ծախսել: Պետք չէ դիմել խորհրդատուներին եւ փորձագետներին: Գործ սկսելիս մի որոշ ժամանակ կարող է փողի միայն ծախս լինել: Նույնիսկ կոփված մասնագետ գործարարները բացարձակապես չգիտեն, թե հաճախորդներն ինչ արձագանք կտան: Ոչ էլ դուք եք իմանալու: Հասարակ չգրված օրենք է սա, որ ինչքան փորձված եք գործարարության մեջ, այնքան ավելի շատ փող կկարողանաք ծախսել նոր գործ սկսելու համար: ԵՎ ընդհակառակը՝ ինչքան քիչ փորձ ունեք, այնքան ավելի քիչ նախնական փող պիտի ծախսեք» (Փոլ Հոքեն):

* «Մրցակցության առարկա դարձած իրին տեր դառնալու ցանկությունը հաճախ ամենակուլ է լինում: Իսպառ վաճառքների ժամանակ գնորդները սովորաբար հուզական ուժեղ լարվածություն են զգում: Մրցակիցների ազդեցությամբ նրանք ամբողջ ուժով ջանում են ձեռք բերել այն ապրանքները, որոնք այլ պարագայում պարզապես կանտեսեին» (Ռոբերտ Չալդինի):

* «Խոր հավատք պետք է ու­նենաս, որ դուն մեծ արժեք մըն ես միշտ ե՛ւ կյանքի համար, ե՛ւ հանրության համար, ե՛ւ քու­կին­ներուդ համար, ե՛ւ քե­զի համար, ինչ­քան ալ կուզե լեցուն ըլլա աշխարհը ե՛ւ քեզմե բարձրերով, ե՛ւ քեզմե ցած­րերով: Ամեն մարդ ալ իր տեղը ունի եւ իր դերը: Այսպես կմտածե առողջ հո­գին, որ բնավ հուսահատիլ չգիտեր» (Լեւոն Շանթ):

* «Երազանքն ու ցանկությունն են ցանկացած նվաճման սկիզբը: Այս մասին հիշեք մշտապես: Փոքրիկ ցանկություն-քմահաճույքը փոքրիկ արդյունք է տալիս, ինչպես թույլ կրակը՝ նվազ ջերմություն: Եթե դուք հայտնաբերեք, որ ձեզ պակասում է համառությունը, ապա հեշտությամբ կարող եք բուժվել այդ դժբախտությունից. բորբոքեք ձեր մեջ ցանկության լափլիզող բոցը, որպեսզի այն վառվի իրապես» (Նապոլեոն Հիլլ):

* «Այն զորավարը, որը հարձակման ժամանակ փառք չի փնտրում, իսկ նահանջելիս չի խուսափում պատժից, որը մտա­ծում է միայն ժողովրդի բարիքի եւ պետության օգուտի մասին, այդպիսի զորավարը մի իսկական գանձ է պետության համար» (Սուն-ցզի):

* «Բանակն այն է, ինչ որ առաջնորդին յաջողւում է դարձ­նել նրան: Ոչի՛նչ է բանակը, ամէն ինչ են անհատ զինուորն ու  ա­ռաջնորդը: Չափւում են բանակները, սակայն յաղթում կամ պարտւում է զինուորը, եւ առաջին հերթին՝ առաջնորդը» (Գարե­գին Նժդեհ):

* «Ինչպես պատմում են, Թեսալիայի թագավոր Յասոնը հպատակներին բռնություն ու վիրավորանքներ պատճառելով, միշտ կրկնում էր, թե, իբր, հարկ է լինում արդարությունը խախ­տել փոքր բաներում, եթե ուզում ես այն պահպանել մեծ բանե­րում: Դա, ինչպես ամեն ոք իսկույն կտեսնի, մի ասույթ է, որով կարող է ղեկավարվել միայն ինքնիշխան տիրակալը, իսկ պե­տական գործչի համար, որը գործում է ազատ քաղաքա­ցի­ների մեջ, մենք խորհուրդ կտանք փոքր բաների վրա մատների ա­րանքով նայել՝ ի գոհացում ժողովրդի, որպեսզի մեծ բաներում խստություն դրսեւորի ու զսպի օրինազանցներին: Չէ՞ որ ով ա­մեն մանրուքի մեջ չափից ավելի խստապահանջ է եւ կտրուկ, ով որ ո՛չ բարեհոգություն է դրսեւորում, ո՛չ զիջում, այլ միշտ իրեն պահում է չոր ու անդրդվելի, ժողովրդին էլ է սովորեցնում ամեն ինչին ընդդեմ գնալ» (Պլուտարքոս):

* «Միանձնյա կառավարումը մասամբ հենվում է մարդկային բնույթի առանձնահատկությունների վրա: Բարձր դիրք գրավող մարդկանց համար հաճելի է իրենց համարել անփոխարինելի, եւ նրանք գաղտնի հույս ունեն, այդպես է շարունակվելու ընդմիշտ: Նրանք չեն սիրում պատվիրակել իրենց լիազորությունները, քանի որ կարծում են, թե այդ դեպքում կնվազի իրենց սեփական նշանակալիությունը» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Որքան ավելի անձնիշխանական հիմքով է եղել որոշման կայացման ընթացքը, այնքան մեծ է վտանգը, որ հետագայում որոշումը ավելի շատ է ենթարկվելու սաբոտաժի: Հարկ է լինելու խոսել աշխատակիցների հետ: Ուրեմն ինչո՞ւ իսկույն չխոսել» (Հանս Ալթման):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։