Image

IPSE DIXIT. Ռենե ԴԵԿԱՐՏ

Հին հեղինակների գրքերը հարկավոր է կարդալ, քանզի մեծագույն բարերարություն է, որ մենք կարող ենք օգտվել այդքան շատ մարդկանց աշխատանքից՝ ինչպես իմանալու համար այն բաները, որոնք երբեւէ բարեհաջող կերպով արդեն հայտնաբերվել են, այնպես էլ հիշեցնելու ինքներս մեզ բոլոր գիտաճյուղերում մնացած այն բաների մասին, որոնք դեռեւս հարկավոր է հայտնաբերել:

Բայց, այդքանով հանդերձ, մեծ վտանգ գոյություն ունի, որ մոլորության այն բծերը, որոնք առաջանում են այդ գրքերի չափազանց ուշադիր ընթերցումից, պատահաբար մեզ չկպչեն, որքան էլ որ մենք դրանց դիմադրենք եւ որքան էլ շրջահայաց լինենք: Չէ՞ որ այդ հեղինակները սովորաբար մտքի այնպիսի կերտվածք ունեն, որ ամեն անգամ, երբ դյուրին հակվում են որեւէ վիճելի կարծիքի, մշտապես փորձում են նրբահնար փաստարկներով մեզ էլ հանգեցնել դրան: Ընդհակառակը, ամեն անգամ, երբ նրանք երջանիկ պատահականությամբ բացահայտում են ինչոր հավաստի եւ ակնհայտ մի բան, ապա երբեք դա այլ կերպ չեն մատուցում, քան տարատեսակ երկիմաստություններով պարուրված. կա՛մ, թերեւս, զգուշանում են, որ կատարված հայտնագործությունը հանկարծ չնսեմացվի պարզիպարզո ապացուցմամբ, կա՛մ էլ նրանք նախանձախնդրորեն պահպանում են մեզանից անսքող ճշմարտությունը:

Արդ, եթե նույնիսկ նրանք բոլորը լինեին անկեղծ ու բաց, եւ եթե երբեք մեր վզին չփաթաթեին ոչ մի կասկածելի բան որպես ճշմարտություն, այլ ամեն ինչ շարադրեին խղճի մտոք, այդուհանդերձ, քանի որ մի հեղինակ դժվար թե ասած չլինի որեւէ բան, որի հակադիր բանը առաջ չքաշի մեկ ուրիշը, ապա մենք միշտ անվճռականության մեջ ենք լինելու, թե դրանցից որի՞ն հավատ ընծայել:

Եվ միանգամայն զուր է հաշվել ձայները, հետեւել հեղինակների մեծամասնության հիմնավորած կարծիքին, քանի որ, եթե գործն առնչվում է դժվար հարցի, ապա առավել հավանական է, որ ճշմարտությունը հասու դառնա քչերին եւ ոչ թե շատերին:

Բայց թեկուզ նրանք բոլորը միակամ լինեին, միեւնույն է, նրանց ուսմունքը մեզ համար բավարար հիմք չէր լինի: Չէ՞ որ, ի դեպ, մենք երբեք չենք դառնա մաթեմատիկոս, անգամ եթե մեր հիշողության մեջ ամբարեինք ուրիշների բոլոր ապացույցները, եթե ի լրումն մեր մտածելակերպի բնույթով ունակ չլինեինք որոշակի խնդիրներ լուծելու: Նույնկերպ՝ փիլիսոփա չենք դառնա, եթե ի մի բերեինք Պլատոնի եւ Արիստոտելի բոլոր հիմնավորումները, իսկ նրանց շարադրած նյութերի մասին չկարողանանք կայուն եզրահանգում անել. չէ՞ որ այդժամ մենք կդառնանք ոչ թե գիտություններ, այլ պատմություններ ուսումնասիրող:

Բացի դրանից, հիշեցնենք, որ առհասարակ երբեք չպետք է տարբեր ենթադրությունները խառնել իրերի ճշմարտության մասին մեր դատողությունների հետ: Այս դիտարկումը կարեւոր նշանակություն ունի. չէ՞ որ չկա ավելի ծանրակշիռ մի պատճառ բացատրելու, թե ինչու հանրաճանաչ փիլիսոփայության մեջ դեռեւս չի գտնվել ոչինչ այնքան ակնհայտ ու հավաստի, որ չհանգեցնի վիճաբանության, քան այն պատճառը, որ գիտնականները, չբավարվելով պարզ ու հավաստի իրերի իմացությամբ, նախապես համարձակվեցին արտահայտվելու նաեւ մութ եւ անհայտ այն իրերի մասին, որոնց նրանք շոշափել են միայն ճշմարտանման ենթադրությունների միջոցով: Այնուհետեւ նրանք աստիճանաբար սկսեցին դրանց լիովին վստահել եւ անխտիր խառնեցին ճշմարիտ եւ ակնհայտ իրերի հետ, վերջիվերջո չկարողանալով գալ ոչ մի այնպիսի եզրակացության, որն անկախ լիներ նման բնույթի որեւէ դատողությունից, ուստի եւ լիներ հավաստի:

Ինչ վերաբերում է այն օգուտին, որ ուրիշները պիտի քաղեին իմ մտքերի հրապարակումից, ապա դա նույնպես չէր կարող այնքան նշանակալից լինել, քանի որ ես դեռ այն աստիճանի զարգացում չէի տվել իմ մտքերին, որ անհրաժեշտություն չլիներ դրանց շատ բան ավելացնել, նախքան դրանք գործնականում կիրառվեին: Եվ ինձ թվում է, թե կարող եմ առանց սնապարծության ասել՝ եթե կա մեկը, որ ի վիճակի լինի գործը մինչեւ վերջը տանելու, դա ավելի շուտ ես եմ, քան մի ուրիշը, ոչ թե այն պատճառով, որ աշխարհում անհամեմատ ավելի լավ գլուխներ չէին կարող լինել, քան իմը, այլ պարզապես՝ որովհետեւ չի կարելի հասկանալ եւ յուրացնել մի միտք, որը հաղորդում է ուրիշը, այնքան լավ, որքան երբ մարդ ինքն է հասնում այդ մտքին:

Ներկա դեպքում դա այնքան ճշմարիտ է, որ թեեւ ես հաճախ իմ հայացքներից մեկը կամ մյուսը հաղորդում էի շատ սուր միտք ունեցող մարդկանց, եւ թվում էր, թե նրանք, քանի դեռ ես էի խոսում, ինձ շատ լավ են հասկանում, բայց հենց որ նրանք իմ ասածները վերապատմում էին ինքնուրույն կերպով, ես նկատում էի, որ նրանք գրեթե միշտ այն աստիճան խեղաթյուրում էին իմ մտքերը, որ այլեւս ես դրանք չէի կարող իմը համարել: Այս առթիվ պիտի խնդրեի հետագա սերունդներին՝ երբեք չհավատալ, երբ կասեն, թե այս կամ այն միտքը ինձանից է գալիս, եւ իմը համարել միայն այն, որ ես ինքս եմ հրապարակել:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։