Image

Գործարար խրատանի

* «Պարզիր, թե ի՞նչ պահանջներ է քեզ ներկայացնում քո սեփական բնույթը: Կատարիր այդ պահանջները, ենթարկվիր դրանց, եթե դրանք չեն վատթարացնում քո կենսական բնույ­թը: Այնուհետեւ հարկավոր է պարզել, թե ի՞նչ է պահանջում քեզանից քո կենսական բնույթը եւ ենթարկվիր բոլոր պա­հանջներին, եթե դրանք չեն վատթարացնում քո բանական բնույթը: Իսկ բանական բնույթը միեւնույն ժամանակ նաեւ քա­ղաքացիական բնույթն է: Կատարիր այս կանոնները եւ մի ծայրահեղությունից մյուսը մի ընկնիր» (Մարկոս Ավրելիոս):

* «Կատարվող աշխատանքով ոգեւորվել կամ հրապուրվել կարելի է սովորել, ճիշտ այնպես, ինչպես սովորում են դաշնամուր նվագել կամ թենիս խաղալ՝ որոշակի ընդունակության առկայության պայմաններում: Այդ ընդունակությունը հարկավոր է մշտապես մարզել եւ զարգացնել: Այն ամենը, ինչ կատարվում է ոգեւորությամբ, պսակվում է հաջողությամբ: Զեզ երբեք չի հիացնի այն մարզիկը, երգիչը, դերասանը կամ նկարիչը, որոնց ջանքերը համակված չեն ոգեւորությամբ: Մեզ վրա տպավորություն է գործում ոչ միայն արդյունքը, այլեւ այն ոգեւորությունը, որով դա ձեռք է բերվում» (Նիկոլաուս Էնքելման):

* «Եթե մենք ձգտեինք հարստության միայն հանուն հաճույքների, ոչ թե մեկ այլ նպատակով, ապա կարելի էր համարել, թե լոկ ցածրահոգի եւ հոռի խառնվածքի տեր անձինք են ձգտում հարստության: Բայց չէ՞ որ մենք ապրում ենք փչացած մի աշխարհում, եւ ամեն մեկը, ով ուզում է անուն հանել, հարկադրված է ձգտելու հարստության, քանզի հարուստի մեջ են շողշողում եւ գնահատվում տաղանդները, որոնք աղքատի մեջ ոչ միայն չեն գնահատվում, այլ նույնիսկ չեն էլ նկատվում» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):

* «Մի ցուցադրիր ինքդ քեզ: Միշտ էլ անզգուշություն է ինքն իր մասին շատ խոսելը կամ իր գործողությունների հանդեպ չափազանց սեւեռուն ուշադրություն առաջացնելը: Որքան շատ եք խոսում ձեր գործերից, այնքան շատ եք կասկած առաջացնում: Ամեն ինչից զատ, ի ցույց դրված բարեկեցությունը եւ հաջողությունը կարող են առաջացնել դիրքով ձեզ հավասարների նախանձը: Հիշեցեք զգուշավորության մասին, երբ խոսում եք սեփական գործերից, եւ ձեզ համար կանոն սահմանեք՝ ձեր մասին խոսել ավելի քիչ, քան այլոց մասին: Համեստությունը սովորաբար ավելի գրավիչ է լինում» (Ռո­բերտ Գրին):

* «Ոչ ոք չի ցանկանում հետեւել այն առաջնորդին, որը մտածում է, թե ինքն աշխարհում բոլորից լավն է» (Ջոն Մաքսվել):

* «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու մասին կայուն կարծիքի կեսը ձեւավորվում է հաղորդակցման առաջին մեկուկես րոպեի ընթացքում: Աշխատանքի ընդունելու համար անցկացվող զրույցների վերլուծությունը հաստատում եւ լրացնում է այդ եզրակացությունը: Արձանագրված է, որ որքան էլ երկարատեւ լինի խոսակցությունը՝ թեկնածուի մասին կարծիքը՝ դրական կամ բացասական, ձեւավորվում է հաղորդակցման 3–4 րոպեի ընթացքում: Դրանից հետո տրվող հարցերի բնույթը կախված է ստեղծված կարծիքից. դրականի դեպքում դրանք մարդուն հնարավորություն են ընձեռում բացահայտվելու լավագույն կողմով, բացասականի դեպքում, ինչպես ասում են՝ քննությունից «կտրում են»: Այլ կերպ ասած՝ հարցազրույց վարողը փաստորեն այնպես է կառուցում խոսքը, որ նախնական տպավորությունը հաստատվի նոր փաստերով» (Վիկտոր Շեյնով):

* «Ողջամիտ մարդկանց համար ավելի հեշտ է ենթարկվել ծուռ մարդկանց, քան նրանց ղեկավարել» (Ֆրանսուա դը Լառոշֆուկո):

* «Կառավարիչների մեծ մասը դժկամությամբ է թույլ տա­լիս ենթականերին դիմելու չափազանց ռիսկի: Իրա­կա­նում մնում է միայն զարմանալ, թե որքան մեծ հաջո­ղու­թյունների կարող է հասնել իր գործը լավ իմացող աշխա­տակիցը ղե­կա­վարից եռան­դուն աջակցություն ստանա­լիս» (Լի Յակոկկա):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։