Image

IPSE DIXIT. Էլիզաբեթ ՔՅՈՒԲԼԵՐ-ՌՈՍ

Անդրադարձ կատարելով պատմությանը, ուսումնասիրելով մշակույթը եւ մեր նախնիների յուրահատկությունները՝ մենք հասկանում ենք, որ մահը մարդու համար միշտ եղել է գարշելի մի երեւույթ. ապագայում, հավանաբար, ոչինչ չի փոխվելու: Արհեստավարժ հոգեբույժների մեջ սա հարցեր չի առաջացնում: Առավել դյուրին է այն բացատրել անգիտակցականի մասին մեր գիտելիքների շրջանակում: Ենթագիտակցությունը ժխտում է սեփական «եսի» մահը: Մարդու ուղեղը չի կարողանում ըմբռնել, որ կյանքը հավերժական չէ: Իսկ հասկանալով, որ մահվանից չես խուսափի, դրա պատճառը միշտ փնտրում ես արտաքուստ՝ նենգամիտ գործողությունների մեջ:

Եթե սարսափելի նորությանը մեր առաջին արձագանքը «Ո՛չ, դա չի կարող լինել: Ո՛չ, դա ինձ հետ չի կատարվում» միտքն է լինում, ապա հետագայում դա փոխարինվում է ըմբռնմամբ. «Այո՛, ինձ դժբախտություն է պատահել, ոչ մի սխալ չկա»: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շատ քիչ բուժառուներ են ընդունակ լինում մինչեւ մահվան պահը պահպանելու մտացածին աշխարհի իրենց պատրանքը, աշխարհ, որտեղ իրենք առողջ են ու բարեկեցիկ: Երբ ժխտման փուլն անցնում է, հիվանդը լցվում է զայրույթով, վրդովմունքով, նախանձով եւ վիրավորվածությամբ: Նրա մեջ ծագում է հաջորդ, միանգամայն տրա-մաբանական հարցը. «Ինչո՞ւ հատկապես ես»....

Երրորդ փուլը պայմանավորվածություն ձեռք բերելու փորձն է.... Առաջին փուլում մենք խուսափում ենք թախծոտ նորություններից, երկրորդում ցասումով ենք լցվում մարդկանց դեմ, Աստծո դեմ: Իսկ երրորդ փուլում հնարավոր է, որ մենք կատարենք հաջող գործարք, հետաձգենք անխուսափելին. «Քանի որ Աստված որոշել է ինձ իր մոտ տանի՝ չլսելով իմ ցասումնալից աղերսանքը, արդյոք Նա ընդառաջ չի՞ գնա ինձ, եթե հնազանդորեն խնդրեմ»: Բոլորս տեսել ենք նման արձագանք երեխաների մեջ. նրանք սկսում են պահանջից, իսկ վերջացնում են խնդրանքով....

Ո՞րն է մեր առաջին արձագանքը վհատված մարդու հանդիպելիս: Որպես կանոն, մենք ջանում ենք քաջալերել նրան, համոզում ենք դեն նետել մռայլ մտքերը: Մենք նրան ասում ենք, թե հույս միշտ էլ կա, թե կյանքում կա նաեւ լուսավոր կողմ, նրա ուշադրությունն ենք դարձնում շրջապատի կենսուրախ, պայծառ աշխարհին: Բոլոր այդ փաստարկները մեր սեփական պահանջմունքների արտացոլումն են, մեր արձագանքն են մեր կողքին գտնվող մարդու շարունակական թախծին: Նման մոտեցումը կարող է ազդել, եթե գործ ունենք մահացու հիվանդ մարդուն պատած ճնշվածության առաջին տեսակի հետ: Պատմեցեք հիվանդ մորը, որ նրա երեխաները բակում զվարթ խաղում են՝ հարեւանների խնամքի տակ, մինչեւ հայրն աշխատանքից տուն դառնա: Տիկինը կհանգստանա, իմանալով, որ երեխաները շարունակում են ծիծաղել ու կատակել, հյուր գնալ, դպրոցից լավ գնահատականներ բերել, այսինքն՝ ամեն ինչ խոսում է հօգուտ նրա, որ նրանց կյանքը բնականոն է, թեպետ մայրը իրենց կողքին չէ:

Վերջի գիտակցումն ավելի դյուրին կլինի, եթե հիվանդը ստանա իր վիշտն արտահայտելու հնարավորություն: Նա երախտապարտ կլինի նրանց, ովքեր պարզապես իր կողքին կլինեն. նա մշտական սրտապնդման կարիքը չունի: Ճնշվածության երկրորդ տեսակը, ի տարբերություն առաջինի, լռություն է պահանջում.... Այստեղ ավելի կարեւոր են բուժառուի այն հույզերը, որոնց որեւէ մեկն ունակ է լինում հաղորդակցվելու: Ձեռքին դիպչել, գլուխը շոյել, պարզապես կողքին լուռ նստել՝ այս մեթոդներն են ազդեցիկ: Այս փուլում մարդն ուզում է աղոթել, մտածել գալիքի մասին: Հետ նայելու ցանկություն նա այլեւս չունի: Այս դեպքում աղմկոտ այցելուներն օգուտ չեն տալիս. նրանց ջերմ աջակցությունն ավելի շատ խանգարելու է հիվանդի հուզական նախապատրաստությանը....

Այն մարդը, որն իր մեջ ուժ ու սեր կգտնի մահացողի հետ մնալու մինչեւ վերջ, պարզապես լռության մեջ նստելու է նրա կողքին: Այդ մարդը կհասկանա՝ այս պահին ո՛չ վախ կա, ո՛չ ցավ: Մահը ընդամենը օրգանիզմի գործառության մեղմ դադարումն է: Երբ տեսնում ես, թե մարդն ինչպես է խաղաղությամբ հեռանում կյանքից, ապա մտքիդ ակամա համեմատություն է գալիս ընկնող աստղի հետ: Վիթխարի երկնքում բյուրավոր պայծառ կետերից մեկը հանկարծ մի ակնթարթ բռնկվում է, որ հետո հավիտենապես ընկղմվի անվերջանալի գիշերվա մեջ: Մահացողի մահճակալի մոտ «հոգեբույժը» գիտակցում է ամեն մի անհատի անկրկնելիությունը՝ մարդկային անեզր ծովի մեջ: Այդ րոպեին նա ըմբռնում է մարդու դարի վաղանցիկությունը: Մեզանից ամեն ոք չէ, որ ապրելու է մինչեւ զառամյալ տարիները, եւ այդուհանդերձ, մարդկային կեցության կարճատեւ ժամկետում ամեն մեկս հասցնում ենք ապրել մեր եզակի կյանքը, ներհյուսել մեր անունը մարդկության պատմության գործվածքի մեջ:       

   Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։