Image

IPSE DIXIT. Գեւորգ ԲՐՈՒՏՅԱՆ

Մեր գիտակցության մեջ աշխարհի պատկերը, որը հանդես է գալիս իբրեւ տրամաբանական-լեզվական չտարորոշված կառույց, հենվում է մտքի եւ լեզվի օբյեկտիվ միասնության վրա: Սակայն կան բոլոր հիմքերը այդ միասնական պատկերը երկատելու եւ դրանք տրամաբանական ու լեզվական մոդելների տեսքով որպես երկու հարաբերականորեն ինքնուրույն կազմություններ դիտելու համար: Դա մեզ հնարավորություն կտա բացահայտելու իմացության պրոցեսում մտքի եւ լեզվի իրական փոխհարաբերությունը, մասնավորապես՝ լեզվի իմացական դերը, աշխարհի լեզվական պատկերի նշանակությունը:

Եթե աշխարհի պատկերը մեր գիտակցության մեջ դիտենք որպես երկու հարա-բերականորեն ինքնուրույն մոդելներ եւ դրանք զուգադրենք, ապա ամենից առաջ կնկատենք, որ այդ մոդելները, աշխարհի այդ երկու՝ տրամաբանական եւ լեզվական պատկերները, հիմնականում համընկնում են: Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ մեր բառերի, նախադասությունների, լեզվական նշանակումների հիմնական բովանդակությունը կազմում է դրանց հասկացական միջուկը, բառաառարկայական իմաստը կամ, ամենաընդհանուր ձեւով արտահայտվելու դեպքում, տրամաբանական բնույթի ինֆորմացիան: Միաժամանակ չպետք է անտեսել, որ այդ համընկնման սահմաններից դուրս են մնում աշխարհի լեզվական պատկերի ինչ-որ մասեր, եւ հենց դրանց իմացական արժեքն է տվյալ դեպքում ներկայացնում որոշակի գիտական հետաքրքրություն....

Բառի բառա-առարկայական նշանակությունը տարբերվում է հասկացութային կամ կոնցեպտուալ նշանակությունից հենց նրանով, որ ցույց տալով նույն առարկայական վերաբերությունը, ինչ հասկացությունը, դրա հետ մեկտեղ հանդես է գալիս իբրեւ լեզվական կատեգորիա, ուղղված է դեպի առարկան որոշակի լեզվական պրիզմայի միջով: Հանդես գալով որպես լեզվական կազմություն, լեզվական կառույց, բառային նշանակությունը կրում է տվյալ ժողովրդի լեզվի համակարգի եւ պատմության մշտական ազդեցությունը: Բնական է, որ բառի բառային նշանակությունը հենց այդ պատճառով որոշակի իմաստով կարող է ձեւափոխվել լեզվից լեզու, իսկ նրա կառուցվածքային առանձնահատկությունները որոշվում են տվյալ լեզվի բնույթով: Մինչդեռ հասկացությունը նշանակության անփոփոխակն (ինվարիանտ) է, բառի (բառակապակցության) մեջ այն հաստատունը, որը կախված չէ լեզվի բառային նշանակությունից, իմաստային (սեմանտիկական) եւ ընդհանրապես լեզվական փոփոխակներից....

Լեզուն լրացուցիչ եւ յուրօրինակ ինֆորմացիա է հաղորդում նաեւ այն բանի շնորհիվ, որ բառի նշանակության մեջ առկա է նաեւ պատկերավորության բաղադրիչը: Ճիշտ է, որոշ լեզվաբաններ մեծ նշանակություն չեն տալիս բառի պատկերավորության կողմի ինֆորմացիային, սակայն մարդկանց գիտակցության մեջ աշխարհի պատկերի առաջացման մեխանիզմը լրիվ հասկանալու համար չի կարելի անտեսել բառի այդ, թեեւ նվազագույն, բայց տարբեր լեզուներում ոչ միօրի-նակ ինֆորմացիոն հնարավորությունը....

Նշանակում է, թեեւ տարբեր լեզուների օգնությամբ մենք վերարտադրում ենք իրականության միեւնույն հատվածը, միանշանակ հասկացական մտածողությանը ուղեկցող լեզվական պատկերացումները ձեւափոխվում են լեզվից լեզու: Լեզուները յուրովի ձեւափոխում են մտածողական գործունեության արդյունքները, ստեղծում կողմնակի պատկերացումներ, որոնք բովանդակում են արտատրամաբանական ինֆորմացիա, որն այս կամ այն իմաստով լրացնում է տրամաբանական իմացության արդյունքը.... Լեզվական իրականության փաստերը խոսում են ոչ միայն իրականության լեզվական եւ հասկացական (տրամաբանական) մոդելների չհամընկնելու, այլեւ լեզվից լեզու աշխարհի լեզվական պատկերի այս կամ այն չափով տարափոխման մասին, որտեղ տարափոխության ամպլիտուդան շատ բանով պայմանավորված է հենց լեզվական կարգի գործոններով....

Փիլիսոփայական հարուստ ավանդույթներով լեզուն փիլիսոփայական նոր կոնցեպցիաների ստեղծման, թարգմանությունների  միջոցով այլ ժողովուրդների փիլիսոփայական համակարգերի ըմբռնման համար ավելի բարենպաստ պայմաններում է գտնվում, քան այդպիսի ավանդույթներ չունեցող լեզուն: Եթե ճիշտ չէ, թե Կանտը չինարենով կստեղծեր միանգամայն այլ համակարգ, քան գերմաներերով, ապա չի կարելի ժխտել եւ այն, որ գերմաներենը, չինարենը եւ էսկիմոսերենը միեւնույն պայմաններում չեն գտնվում փիլիսոփայական ավանդույթների, տերմինաբանության, փիլիսոփայական որոշակի կոնցեպցիաների ստեղծման եւ տարածման լեզվական բազայի իմաստով:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։