Image

Գտնվել է 20-րդ դարասկզբի Սյունիքյան գոյամարտի հերոսներից մեկի՝ լեգենդար Զաքոյի լուսանկարը

Բարսելոնա քաղաքի բնակիչ Արա Միքայելյանը հրապարակել է Զանգեզուրի 1918-20 թթ. գոյամարտի հերոս, սիսիանցի Զաքոյի (Զաքար Տեր-Ղազարյանի) լուսանկարը, ով, ըստ հեղինակի, իր տատի եղբայրն է եղել:

«Սյունյաց երկիր»-ը մեկ տարի շարունակ փնտրում էր Աժդահա Զաքոյի նկարը և չէր գտնում: Մեր որոնումներն արդյունք չտվեցին նաև Զաքոյի հայրենի Սիսիանում:

Զաքոն Պողոս Տեր-Դավթյանի «աջ բազուկն» էր: Նրա օգնությամբ էր Պողոս Տեր-Դավթյանը 1918 թվականի աշնանը ձևավորել Սիսիանի փառապանծ հեծելաջոկատը:

Այդ հեծելազորն էր, որ 1919 թվականի նոյեմբերի 4-ից 7-ը վճռորոշ դեր խաղաց Մեծ Իշխանասարի և Սև լճի մերձակայքում, երբ թուրք ստահակները փորձում էին հյուսիսից (Քաչալ դաղից) մտնել Գորիս, իսկ արևմտյան ուղղությամբ շարժվել դեպի Նախիջևան...

Զաքոյի երկրային կյանքը, սակայն, ողբերգական ավարտ ունեցավ...

1920 թ. օգոստոսի 2-ի՝ առավոտյան ժամը 5-ին, բոլշևիկացած մի քանի հայ՝ Գորիսի բանտում սրախողող արեցին Սյունյաց աշխարհի նշանավոր զավակներ, 1918-20 թթ. Զանգեզուրի ինքնապաշտպանության երևելի դեմքերից չորս հոգու՝ Արշակ Շիրինյանին, Վահան Տեր-Գևորգյանին (Վահան Խորենի), խմբապետ Զաքոյին (Զաքար Տեր-Ղազարյան) և Միքայել Ադամյանին:

Նրանց մարմինները տարել և Գորիսի երբեմնի ռուսական գերեզմանատան անկյունում մի փոսի մեջ են լցրել...

Այդ տեղանքը համընկնում է Գորիս քաղաքի Կոմիտաս փողոցի՝ Շահումյան փողոցին ներքևից միացող հատվածին, որտեղ Կապան-Գորիս երթուղային ավտոբուսի կանգառն է, որից մի փոքր աջ զբոսայգու խաղահրապարակն է՝ կարուսելներով, որտեղ էլ մինչև հիմա գտնվում են նրանց մասունքները։

2022 թվականի հուլիսի 25-ին մենք բաց նամակ հղեցինք Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և համայնքի ավագանու անդամներին՝ խնդրելով՝ ոգեկոչել այդ մեծ նահատակների հիշատակը՝ թեկուզ և զբոսայգու այդ հատվածում խաչքար կամ հուշաքար կանգնեցնելով:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։