IPSE DIXIT. Բենեդիկտ ՍՊԻՆՈԶԱ
Մարդկանց համար առավել օգտակարը միավորվելն է իրենց ապրելակերպով եւ այնպիսի կապեր հաստատելը, որոնք կնպաստեին նրանց ընդհանրության միասնականությանը, եւ առհասարակ մարդկանց համար առավել օգտակար է անել այն, ինչն օժանդակում է բարեկամության ամրապնդմանը: Բայց դրա համար անհրաժեշտ է ճարտարություն եւ զգոնություն, քանի որ մարդիկ տարբեր են լինում (բանականության հրահանգներով ապրողներ խիստ հազվադեպ են հանդիպում), թեպետ մեծավ մասամբ նախանձոտ են եւ ավելի հակված են վրեժխնդրության, քան կարեկցանքի: Ուստի ոգու հատուկ ուժ է հարկավոր, որպեսզի ամեն մեկի հետ վարվես ըստ իր բնավորության եւ խուսափես նրա հույզերն ընդօրինակելուց:
Ընդհակառակը, ովքեր գիտեն միայն նախատել մարդկանց, ավելի խարազանել նրանց արատները, քան առաքինություն սովորեցնել, ոչ թե ամրացնում են նրանց ոգին, այլ տրտմեցնում. այդպիսիք բեռ են դառնում թե՛ իրենց, թե՛ այլոց համար: Ահա թե ինչու շատերը ծայրահեղ անհանդուրժողականությամբ եւ կրոնական կեղծ եռանդով ավելի գերադասել են ապրել կենդանիների միջավայրում, քան թե մարդկանց, նման այն բանին, որ տղաները կամ պատանիները, չկարողանալով անվրդով կերպով տանել ծնողների հանդիմանությունը, իրենց համար ապաստարան են փնտրում զինվորական ծառայության մեջ եւ գերադասում են պատերազմի անհարմարություններն ու բռնակալ իշխանությունը տան հարմարավետությանն ու հայրական խրատներին, եւ համաձայն են ամեն տեսակի տառապանքի, միայն թե կարողանան վրեժ լուծել իրենց ծնողներից:
Դրա հետեւանքով, թեպետ մարդիկ ամեն ինչում մեծավ մասամբ գործում են կրքերի ազդեցությամբ, սակայն մարդկանց համակեցությունն ավելի շատ հարմարություններ է ապահովում, քան վնաս տալիս: Ուստի եւ ավելի լավ է անվրդով դիմանալ նրանց վիրավորանքներին եւ ամեն կերպ ջանալ ապահովելու համաձայնություն եւ բարեկամություն:
Համաձայնությունը արգասիքն է «արդարադատության», «արդարության» եւ «ազնվության»: Չէ՞ որ մարդիկ չեն հանդուրժում ոչ միայն անիրավացին եւ անարդարացին, այլեւ ամոթալին, այսինքն՝ այն, երբ որեւէ մեկն արհամարհում է պետության մեջ ընդունված սովորույթները: Իսկ սիրո հիմքով մարդկանց միավորման համար ամենից առաջ հարկավոր են «բարեպաշտություն» եւ «հարգանք ընդհանուրի բարօրության հանդեպ»....
Համաձայնություն գոյանում է նաեւ վախից, բայց առանց վստահության. հարկ է հավելել, որ վախն առաջանում է ոգու անզորությունից, ուստի եւ ոչ մի օգուտ չի տալիս բանականությանը.... Բացի դրանից, համաձայություն ծնվում է նաեւ շողոքորթությամբ, բայց դա տեղի է ունենում նողկալի հանցագործության եղանակով՝ ստրկությամբ կամ նենգությամբ. ոչ ոք, իհարկե, այնպես չի խաբվում շողոքորթությանը, որքան ինքնահավանությամբ համակված մարդիկ, որոնք ցանկանում են լինել առաջինը, բայց չեն լինում.... Այնհուհետեւ, համաձայնության միջոց է նաեւ ամոթը, բայց միայն ամոթն այն բանից, ինչն անհնարին է թաքցնել. դրանից բացի, որպես տհաճության տեսակ, ամոթն առնչություն չունի բանականությունն օգտագործելու հետ....
Մենք տեսնում ենք, որ մարդկանց բնույթը մեծավ մասամբ այնպիսին է, որ երբ ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, մարդիկ նրան կարեկցում են, իսկ եթե լավ է զգում, նրան նախանձում են, ընդ որում նաեւ ատում են՝ այնքան առավել, որքան ավելի են սիրում այն, ինչն այդ մարդուն է պատկանում: Արդ, տեսնում ենք, որ մարդկային բնույթի միեւնույն հատկությունից, որի շնորհիվ նրանք ունակ են կարեկցանքի, բխում է նաեւ այն, որ նրանք լինում են նախանձ եւ պատվամոլ.... Եթե ինչ-որ մեկը սկսում է ատել իր սիրո նախկին առարկան, այնպես որ սերը լրիվ վերանում է, ապա նույն այդ պատճառով նա շատ ավելի սաստիկ ատելություն է տածում, քան եթե երբեւէ սիրած չլիներ, եւ այնքան առավել, որքան մեծ է եղել երբեմնի սերը....
Սեփական հույզերը սահմանափակելու եւ սանձահարելու մարդկային անզորությունը ես անվանում եմ «ստրկություն»: Չէ՞ որ հուզախռիվ վիճակում մարդն արդեն ինքն իրեն չի տիրապետում, ընդ որում այս աստիճան, որ թեպետ տեսնում է իր առջեւ լավագույնը, սակայն հարկադրված հետեւում է վատագույնին.... Սրան ավելացնենք այն, որ ուժգին հույզերի ազդեցությամբ մենք մեզ համար կարեւոր ենք համարում այն, ինչը ներկա պահին է հաճելի, եւ չենք կարողանում միեւնույն հուզականությամբ գնահատել ապագան....
Ազատ մարդը, այսինքն՝ միմիայն բանականության պատվերով ապրող մարդը, չի ղեկավարվում մահվան վախով, այլ անմիջապես դեպի բարիքն է ձգտում՝ գործում է, ապրում, ապահովում սեփական կեցությունը՝ հետամուտ լինելով սեփական շահին: Ահա թե ինչու նա ոչնչի մասին այնքան քիչ չի մտածում, որքան մահվան մասին, եւ նրա իմաստությունը խորհրդածություն է կյանքի մասին....
Եթե մենք դա պարզորեն եւ հստակորեն ըմբռնենք, ապա մեր այն մասը, որ բնութագրվում է որպես իմացական ունակություն, այսինքն՝ լավագույն մեր մասը, լիակատար բավարարվածություն կստանա եւ կձգտի մնալ այդ վիճակում: Չէ՞ որ, քանի դեռ մենք իմացության ընթացքում ենք, կարող ենք ձգտել միայն այն բանին, ինչն անհրաժեշտ է, եւ հանդարտություն կգտնենք միայն այն բանում, ինչը ճշմարիտ է:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

