IPSE DIXIT. Պոլ ՌԻԿՅՈՐ
«Հերմենեւտիկա» ասելով ես հասկանում եմ ըմբռնման գործողությունների տեսությունը՝ տեքստերի մեկնաբանությունների հետ դրանց առնչության մեջ. «հերմենեւտիկա» բառն այլ բան չի նշանակում, քան մեկնաբանությունների հետեւողական իրականացում: Որպես «հետեւողականություն» ես համարում եմ հետեւյալը. եթե «մեկնաբանություն» անվանենք հնարքների այն ամբողջությունը, որ կիրառվում է որոշակի տեքստերի համար անմիջականորեն, ապա հերմենեւտիկան կդառնա երկրորդ աստիճանի գիտաճյուղ, որը գործադրվում է մեկնաբանման ընդհանուր կանոնների համար:
Արդ, հարկավոր է ճշտել «մեկնաբանություն» եւ «ըմբռնողություն» հասկացությունների հարաբերակցությունը: Իմ հաջորդ սահմանումը վերաբերում է ըմբռնողությանը՝ որպես այդպիսին: «Ըմբռնողություն» ասելով նկատի ունեմ նշանների նշանակության ըմբռնումը, որոնք հաղորդում է մի գիտակցությունը եւ ընկալում են մյուս գիտակցությունները այդ նշանների արտահայտության միջոցով (շարժուձեւ, կեցվածք եւ, իհարկե, խոսք).... Ըստ Դիլթեյի, որը Շլայերմախերից հետո հերմենեւտիկայի կարկառուն տեսաբանն է, ըմբռնման գործողությունը հնարավոր է դառնում շնորհիվ ամեն մի գիտակցությանը ներհատուկ այն ընդունակության, որով նա թափանցում է մեկ այլ գիտակցության մեջ ոչ թե անմիջականորեն, «վերապրումով» (re-vivre), այլ միջնորդավորված, արտաքին դրսեւորման հիման վրա ստեղծագործության ընթացքը վերարտադրելով. նկատենք անմիջապես, որ հատկապես այդ միջնորդավորումը՝ նշանների եւ դրանց արտահայտության միջոցով, հետագայում հանգեցնում է բնական գիտությունների օբյեկտիվ մեթոդի հետ առճակատման:
Ինչ վերաբերում է ըմբռնումից մեկնաբանությանն անցնելուն, ապա սա կանխորոշված է այն բանով, որ նշանները ունեն նյութական հիմք, որի տիպարը գիրն է: Ամեն մի հետք կամ դրոշմ, ամեն մի փաստաթուղթ կամ հուշարձան, ամեն մի պահոց կարող են գրավոր ամրագրվել եւ պատրաստ լինել մեկնաբանության: Այստեղ կարեւոր է պահպանել եզրաբանական ճշտությունը եւ հաստատագրել «ըմբռնողություն» բառը՝ նշելու արտաքին նշանի միջոցով ուրիշի գիտակցության մեջ ներթափանցելու ընդհանուր երեւույթը, իսկ «մեկնաբանում» բառը գործածել այն ըմբռնողության համար, որն առնչվում է գրավոր ձեւով ամրագրված նշաններին....
Մեկնաբանումը մնում է որպես ըմբռնողության յուրատեսակ ծայրագավառ, եւ գրի ու ընթերցանության միջեւ կայունացած հարաբերությունը ժամանակին հիշեցնում է դրա մասին. ընթերցումը հնարավորություն է ընձեռում ընթերցող սուբյեկտին իմանալու տեքստում ներակա իմաստները, այդօրինակ իմացությունը, իր հերթին, հնարավորություն է տալիս ընթերցողին հաղթահարելու ժամանակային եւ մշակութային այն տարածությունը, որն իրեն բաժանում է տեքստից. այդկերպ ընթերցողը յուրացնում է այն նշանակությունները, որոնք իրեն խորթ էին իր եւ տեքստի միջեւ առկա տարածության պատճառով: Այս ամենալայն իմաստով «գիր–ընթերցում» հարաբերությունը կարող է համարվել որպես ըմբռնողության մասնավոր դեպք, որն իրագործվում է արտահայտության միջոցով ուրիշի գիտակցության մեջ թափանցմամբ:
Ըմբռնողության եւ բացատրության միջեւ բախումն իրական երկընտրանքի է վերածվում այն պահից, երբ սկսում են միմյանց հակադիր այս դիրքորոշումները կապել իրողության երկու տարբեր ոլորտների հետ՝ բնության եւ ոգու: Դրանով իսկ «ըմբռնել–բացատրել» բառերում արտահայտված հակադրությամբ վերականգնվում է բնության եւ ոգու հակադրությունը, ինչպես որ դա արտահայտված է, այսպես կոչված՝ «բնության մասին» եւ «ոգու մասին» գիտություններում....
Ամեն ինչ փոխվում է 20-րդ դարում, երբ նշանագիտության մեջ տեղի է ունենում հեղափոխություն, սկսվում է կառուցվածքաբանության եռանդուն զարգացումը.... Գրավոր խոսույթի տարբեր կատեգորիաների վրա կառուցվածքային վերլուծության տարածումը հանգեցնում է «բացատրել» եւ «հասկանալ» հասկացությունների հակադրության վերջնական վերացման: Այդ առումով գիրը հանդես է գալիս որպես յուրատեսակ սահմանագիծ. որպես նշանների ամբողջության գրավոր ամրագրում՝ այն, կարելի է ասել, հասնում է սեմանտիկյան ինքնավարության, այսինքն՝ անկախ է դառնում պատմողից, ընթերցողից, վերջապես՝ վերարտադրության որոշակի պայմաններից: Դառնալով ինքնավար օբյեկտ՝ տեքստը տեղավորվում է հատկապես ըմբռնողության եւ բացատրության կցվածքի վրա, այլ ոչ թե նրանց սահմանազատման գծի վրա:
Բայց եթե մեկնաբանությունն այլեւս չի կարող հասկանալի լինել առանց բացատրության փուլի, ապա բացատրությունն էլ ունակ չէ լինելու հիմքը ըմբռնման, որը տեքստերի մեկնաբանության բուն էությունն է.... Տեքստը իրականում միշտ ավելին է, քան արտահայտությունների գծային հաջորդականություն. տեքստը կառուցակարգված ամբողջություն է, որը միշտ կարող է ձեւավորվել մի քանի տարբեր եղանակներով: Այս իմաստով մեկնաբանությունների բազմաքանակությունը եւ նույնիսկ դրանց բախումը մեկնաբանության հիմքում ընկած ըմբռնման ոչ թե թերությունն է կամ արատը, այլ արժանիքը. այստեղ կարելի է խոսել տեքստային բազմանշանակության մասին ճիշտ այնպես, ինչպես խոսում են բառային բազմանշանակության մասին:
Քանի որ ըմբռնողությունը շարունակում է կառուցակարգել մեկնաբանության անվերացնելի հիմքը, կարելի է ասել, որ ըմբռնողությունը կանխում է, ուղեկցում եւ ավարտում բացատրական ընթացակարգերը: Ըմբռնողությունը կանխում է բացատրությունը տեքստի հեղինակի մտադրությանը մերձենալու ճանապարհով, քանի որ ընթերցողը հնարավորություն է ունենում համակրանքի եւ երեւակայության օգնությամբ մտնելու տեքստի բովանդակության մեջ պատկերված աշխարհը: Ըմբռնողությունը ուղեկցում է բացատրությանը այն չափով, որքանով «գիր–ընթերցում» զույգը շարունակում է ձեւավորել միջանձնային հաղորդակցման ասպարեզը,.... ավարտում է այն չափով, որքանով հաղթահարում է տեքստի եւ դրա մեկնաբանի միջեւ աշխարհագրական, պատմական կամ մշակութային տարածությունը....
Որպես ավարտ կուզեի ասել, որ ըմբռնողությունը ենթադրում է բացատրություն այն չափով, որքանով բացատրությունը զարգացնում է ըմբռնողությունը: Այս երկակի հարաբերությունը կարելի է ամփոփել մի կարգախոսի միջոցով, որը ես սիրում եմ հռչակել՝ ավելի շատ բացատրել, հանուն ավելի լավ հասկանալու:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ