IPSE DIXIT. Ստեփան ԶՈՐՅԱՆ
Ինչպես յուրաքանչյուր անհատ, այնպես էլ յուրաքանչյուր ազգ, սերունդների միջոցով, պահում է իր ծագման պատմությունը: Եվ ահավասիկ, մեր ժողովուրդն էլ, մեր պատմությունից անկախ, ստեղծել է իր բանավոր պատմագրությունը՝ գեղարվեստական խոսքով ու կենդանի հերոսներով, մի պատմություն, որ շատ կողմերով ու մոմենտներով զուգադիպում է մեր պատմիչների գործերին, բայց շատ կողմերով ավելի ընդհանուր է ու խոր, որովհետեւ էպոսը բովանդակում է կենդանի ժողովուրդ, տիպեր, կենցաղ, հոգեբանություն ու արվեստ: Մյուս կողմից, երբ Խորենացին, Եղիշեն, Փավստոսն ու մյուս պատմագիրները մատչելի են եղել միայն բարձր խավերին՝ հոգեւորականներին ու նախարարներին, մեր էպոսը բազմա-տիրաժ տարածվել է անգրագետ ժողովրդի մեջ՝ շնորհիվ այդ բանասացների ու գուսանների, որոնց անուններն այսօր, դժբախտաբար, անհայտ են մեզ: Սակայն կարելի է ասել, որ դրանք հսկայական գործ են կատարել ժողովրդի համար, միշտ վառ պահելով նրա մեջ ազգային գիտակցությունը, խրախուսելով նրան նեղ օրերին Դավիթների հերոսություններով, եւ մխիթարելով, որ չար մելիքները՝ նեղիչները, երկար չեն մնում, պետք է ուրեմն կուլ չգնալ բռնակալներին, չմնալ նրանց թրի տակ:
Ու յուրաքանչյուր բանասաց թե պատմող, մեր էպոսի մեջ աշխատել է անդրադարձնել ժողովրդի համար հերոսական անձնազոհություն կատարած նշանավոր դեմքերին կսմ մարդկանց, ինչպես հայ երկրի լեգենդական հիմնադիր Հայկին՝ հանձին Սանասարի, ինչպես յոթերորդ դարի քաղաքագետ զորավար Թեոդորոս Ռշտունուն՝ քեռի Թորոս անվան տակ, որը ո՛ւր վտանգ է տեսնում՝ թռչում է այնտեղ, ամրացնում է երկիրը բերդերով եւ իր խորհուրդներով, ուժով օգնության հասնում հայրենակիցներին: Ու այսպես անվերջ: Եվ յուրաքանչյուր բանասաց իր հմտությունն ու ճաշակն է դրել էպոսի մեջ, յուրաքանչյուրը մի թել, մի գույն, մի շտրիխ է բերել այս հենքի առեջքին ու ահա մեր առջեւ է հավաքական ստեղծագործության մի գունագեղ հյուսվածք:
Բանասացներից ոմանք ավելացրել են կենցաղային մանրամասնություններ, ոմանք տեղանուններ, ոմանք հեքիաթային տարրեր, սակայն բոլորն էլ պահպանել են միշտ հիմնականը, ընդհանուրը, նրա իդեական ճոխությունը, հյուսվածքի շրջանակը եւ հերոսներին, որովհետեւ յուրաքանչյուր պատմող հավատացած է եղել, թե պատմում է իրոք կատարված դեպք, ապրած ու գործած հերոսների մասին, որոնց եւ պետք է հարգել, երախտապարտ լինել. այդ է պատճառը, որ յուրաքանչյուր ճյուղ սկսվում ու վերջանում է «ողորմիներով», մի ձեւ, որ մինչեւ այսօր էլ մեր գյուղացին, երբ պատմում է մեռած մեկի մասին, եթե նա լավ մարդ է եղել, նախ ողորմի է տալիս, ապա սկսում եւ վերջացնում է ողորմիներով: Իսկ եթե մեռածը վատ մարդ է եղել, ասում է «ողորմի կողքի մեռելներին»:
Որքա˜ն սա հայկական ինքնուրույն ազգային ձեւ է: Պետք է ասել, որ ազգային ձեւի տեսակետից մեր էպոսն առհասարակ ունի հետաքրքրական շատ կողմեր, որոնցով զբաղվելը սակայն դուրս է իմ նպատակից, բայց արժեր, որ մեր մասնագետները հատուկ ուսումնասիրության առարկա դարձնեին այդ ձեւերը:
Այնուհետեւ, բացի պատմական անցքերի ու անձերի արձագանքներից, բացի դիցաբանական շատ որոշ տարրերից, մեր էպոսի մեջ արտահայտված ենք տեսնում մեր ժողովրդի աշխարհըմբռնումն ու աշխարհայացքը, նրա էական ազնիվ հատկանիշներն ու այն ոգին, որ նրան ոչ միայն պահել ու փրկել է կործանումից, այլեւ տոգորել բարձր արդարության հաղթանակի աննկուն հավատով, թե աշխարհն այսպես չի մնա, չպիտի մնա: Եվ այդ բարձր արդարությունը ոչ միայն իր համար է երազել, այլ, նկատեցե՛ք, ամբողջ աշխարհի (Մհեր)....
Եթե անհատները եւ ազգերը չունենան լավ ապագայի հավատ՝ կորած են: Թվում է՝ անհատի եւ ազգերի մահը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրանք դադարում են իդեալներ ու ձգտումներ ունենալուց: Իսկ հայ ժողովրդին երբեք խորթ չեն եղել բարձր իդեալներն ու ձգտումները: Այդ են վկայում նրա երկու հազարամյա կուլտուրան, քսան հազարից ավելի ձեռագիր գրքերը եւ հայրենիքի ու առաջադիմական գաղափարի համար ընկած անթիվ նահատակները....
Տեսնելով, որ վերջ ու ելք չկա աշխարհի անարդարության՝ Մհերը դառնացած սրտով ու ասպազեն փակվում է մռայլ քարանձավում, հայտարարելով, թե ինքն այդտեղից դուրս կգա այն ժամանակ, երբ աշխարհը կործանվի ու նորից շինվի:
Սա աշխարհից հրաժարում չէ: Սա մի բուռն, ցասկոտ բողոք է աշխարհի անիրավությունների դեմ: Մհերի բերանով խոսում է մեր ժողովուրդն ինքը, հազար-հազար աղետներ, չարիքներ տեսած ժողովուրդը: Սա միեւնույն ժամանակ հոռետեսություն չէ, այլ խոր լավատեսություն: Այս խոսքերով Մհերն իր դատավճիռն է կարդում անիhրավ ու անբարո աշխարհին եւ սպասում այդ աշխարհի վերանորոգության, ինչպես հայ ժողովուրդը մեծամեծ, կործանարար արհավիրքների մեջ երբեք չի կորցրել իր հավատը, թե մի օր հանուր արդարությունը կթագավորի աշխարհում եւ հայ ժողովուրդն ինքն էլ հավասար իրավունքներ կունենա մյուսների հետ, «իր արեւի ձենը կածի»:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ